Հայտնի քանդակագործի ու ճարտարապետի՝ Ստեփան Շահումյանի հուշարձանը

Հայտնի քանդակագործի ու ճարտարապետի՝ Ստեփան Շահումյանի հուշարձանը

Քաղաքային միջավայրը որոշում է ոչ միայն ճարտարապետությունը, այլև՝ քանդակագործությունը։ Երևանը քանդակների պակաս չունի։ Դրանց մեծ մասը կառուցվել են խորհրդային շրջանում ոչ միայն հայ, նաև ռուս, խորհրդային արվեստագետների կողմից։

Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված է Երևանում պաշտոնապես տեղադրված առաջին կոթողային հուշարձանը՝ քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի հուշարձանը։ Այն տեղադրվել է 1931 թվականին։

Ճարտարապետը Իվան Ժոլտովսկին է, քանդակագործը՝ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Սերգեյ Մերկուրովը։

Հուշարձանը կառուցված է գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է։ Նախկինում Շահումյանի արձանի տեղում եղել է Սուրբ Նիկոլայի ռուսական եկեղեցին, որը քանդվել է 1920-ականների վերջին՝ հին Երևանի մի քանի այլ եկեղեցիների հետ։

Սերգեյ Մերկուրով ծնվել է 1881 թ. Ալեքսանդրապոլում (ներկայումս՝ Գյումրի) հայ քաղկեդոնացի գործարարի ընտանիքում։ Գեորգի Գյուրջիևի զարմիկն է: 1901 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական դպրոցը և ընդունվել Կիևի պոլիտեխնիկ ինստիտուտ, որտեղից վտարվել է քաղաքական գործունեության համար։ 1902 թ. Մերկուրովը ուսումը շարունակել է Շվեյցարիայում Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ուսանել է Ադոլֆ Մեյերի մոտ, Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում մինչև 1905 թ.։ 1905 թ. աշնանից մինչև 1907 թ. ապրել և ուսանել է Փարիզում, եղել է Օգյուստ Ռոդենի և բելգիացի Կ. Մանյեի աշակերտը, որը անդրադարձել է նրա աշխատանքների վրա։ 1907 թ. վերադարձել է Հայաստան՝ Խրիմյան Հայրիկի հետմահու դիմակը ստեղծելու նպատակով։ Հետագայում ապրել է Թիֆլիսում, Յալթայում, Մոսկվայում, ուր հրավիրվել է Լ. Ն. Տոլստոյի հետմահու դիմակը պատրաստելու համար։ Երևանում կանգնեցված Ստեփան Շահումյանի արձանի, Լենինի ու Ստալինի մի շարք բարձրարվեստ հուշարձանների (այդ թվում՝ Երևանում) հեղինակ է։ Մոսկվայում տեղադրված Տոլստոյի, Տիմիրյազևի, Բուրդենկոյի և այլ արձանների հեղինակն է։ Մերկուրովը ժամանակակից ակադեմիական ոճի հայտնի ներկայացուցիչ է։ Եղել է ազատախոհ անձնավորություն, ծանոթ է եղել Լենինի և ժամանակի շատ այլ նշանավոր գործիչների հետ։

Մահացել է 1952 թ. Մոսկվայում և թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։ Գյումրիում՝ Մերկուրովի հայրական տանը բացվել է քանդակագործի թանգարանը, որին նրա կտակով փոխանցվել են մեծաթիվ արժեքավոր աշխատանքներ։ Այնտեղ են պահվում Տոլստոյի, Թումանյանի, Լենինի, Մայակովսկու մահվան դիմակները։ Ռուս և խորհրդային հայտնի ճարտարապետ, նկարիչ Իվան Ժոլտովսկին (1867-1959 թթ.) խորհրդային շրջանում եղել է ստալինյան ճարտարապետության ավագներից մեկը։ 1918–1923-ին մասնակցել է Մոսկվայի վերակառուցման նախագծի ստեղծմանը: Կիրառելով դասական ճարտարապետության ձևերը՝ Մոսկվայում, Մախաչկալայում, Սոչիում և այլուր կառուցել է վարչական, բնակելի և հասարակական շենքեր:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում