USD
EUR
RUB

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ «ներսի» ու «դրսի» թատրոնների մասին

 
 

 - Պարոն Ղազանչյան, միակ, եթե չասենք՝ եզակի ռեժիսորն եք, որը մեծ պահանջարկ է վայելում արտասահմանում: Վերջերս էլ Մակեդոնիայում, ուր ձեր առաջին այցը չէր, իրականացրել եք Արիստոֆանեսի «Լիսիստրատե» կատակերգությունը: Կարելի՞ է ենթադրել, որ այս դեպքում մեծ դերակատարում ունի միության նախագահի Ձեր կարգավիճակը:

- Ձեր բնորոշմամբ՝ իմ կարգավիճակը եթե չլիներ, հավատացնում եմ՝ ավելի լայն կլիներ գործունեությանս արտասահմանյան աշխարհագրությունը: Իսկ առաջին արտագնա ներկայացումը 1990-ականների վերջերին բեմադրել եմ Ռուսաստանում՝ Կոստրոմա քաղաքի Օստրովսկու անվան թատրոնում, հետո Վրաստանում, Բուլղարիայում, Ուկրաինայում… Ի դեպ, առաջին անգամ Մակեդոնիայի «Ստոբի» ամֆիթատրոնում իրականացրել եմ «Ամպեր» ներկայացումը, 2005-ին էլ Կարինե Խոդիկյանի «Երկրորդ կտակը»: Փաստորեն 13 տարի անց էի հրավիրվել Մակեդոնիա: Եթե այսպես հետեւողական եք դրսի աշխատանքիս, ապա նկատած կլինեք, որ այնտեղ մեկնում եմ հիմնականում ամռանն ու ձմռանը, երբ հայաստանյան թատերական կյանքը համեմատաբար պասիվ շրջան է ապրում:

- Մեզանում հայտնի իրողություններ փոխվելուն պես, ավանդաբար անցկացվող որոշ փառատոներ հայտնվեցին «խաղից դուրս» վիճակում…

- Համամիտ եմ, օրինակ՝ շեքսպիրյան միջազգային փառատոնը երեք տարի առաջ դադարեց գործել: Այդ մասին նախարարությունն ինձ չէր տեղեկացրել: Նամակիս ի պատասխան նախարարությունից եկավ գրություն, որ փառատոնի դադարեցման պատճառը մեկն է՝ բյուջեն չի հաստատել Ազգային ժողովը: Այլեւս չշարունակեցի նամակներ գրել, քանի որ հայտնի է, որ բյուջեն ներկայացվում է խորհրդարան ներքեւից: 2016թ. իսկապես շեքսպիրյան հրաշալի փառատոն անցկացրինք (տնօրեն՝ Կարո Բալյան) Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Հույս ունեինք, որ 2017-ին էլ բարերարը կշարունակի աջակցությունը, սակայն այն տեղի չունեցավ: Ենթադրում եմ, որ դա կապված էր նախընտրական շրջանի հետ: Հիմա էլ շարունակում եմ հավատալ, այսինքն՝ հավատս չեմ կորցնում, հույս ունեմ, որ կոնկրետ շեքսպիրյան փառատոնը կընդգրկվի պետական ծրագրում: Երկու խոսքով պարզաբանեմ. քանի որ Շեքսպիրը վաղուց ոսկետառ գրված է հայ թատրոնի պատմության մեջ: Այս տարի չկայացավ մնջախաղի փառատոնը: Այս դեպքում էլ համոզված եմ, որ սա ժամանակավոր դադար էր, եւ հաջորդ տարի այն անպայման կկայանա:

- Ոչ միայն ի պաշտոնե, վստահ ենք, որ Դուք հետաքրքրված եք ոչ միայն միության կողմից անցկացվող, այլեւ հայաստանյան այլ փառատոների ճակատագրերով եւս:

- Այո: Օրինակ՝ «Թատերական Լոռին», եթե չեմ սխալվում, հիմնադրվել է մի քանի տասնյակ տարի առաջ մեր միության նախաձեռնությամբ: Հիմա արդեն այն ավելի անկախ մարզային փառատոն է, որին աջակցում է մշակույթի նախարարությունը: Ընդ որում՝ կոնկրետ այս փառատոնի համար պետք է շնորհակալ լինել Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին, որը մինչ մարզպետ դառնալը Ալավերդու քաղաքապետն էր, իսկ փառատոնի մայրաքաղաքը հենց Ալավերդին է: Ունենք մարզային փառատոներ Սյունիքում, Վայոց ձորում, թատերական օրեր Գորիսում… Օրինակ՝ ավանդական է դարձել Աբովյանում անցկացվող փառատոնը, որի կայացմանը իսկապես խթանում են տեղի իշխանությունները: Այս դեպքում էլ եթե չլիներ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի կամեցողությունը, փառատոնը միանշանակ չէր լինի ավանդական: Կամ Կապանի փառատոնը. այստեղ թատերական կյանքի աշխուժացման գործում մեծ ավանդ ունի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Շատ կուզենայի, որ վերջապես բացվեր Գավառի թատրոնի վարագույրը եւ բացվեր փառատոնով եւ այլն, եւ այլն:

- Վերջին շրջանում հաճախակի է SOS հնչեցվում, թե Սփյուռքում հայկական թատրոնները հայտնվել են փակման շեմին: Կային ժամանակներ, որ ասվում էր՝ Սփյուռքի մշակույթը պետք է սնվի Հայաստանից, հաճախակի էինք լսում ԱՄՆ-ի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի (ղեկավար՝ Ժան Նշանյան) կամ Ֆրանսիայում Նարեկ Դուրյանի թատերախմբի մասին…

- Ըստ էության, ձեր նշած երկուսը վաղուց Երեւանում են: Ակտիվ են լիբանանյան թատերախմբերը: Երկար ժամանակ, օրինակ, Բեյրութի Վահրամ Փափազյան թատերախումբը ղեկավարում էր Երվանդ Ղազանչյանը… Տասնամյակների հիանալի պատմություն ունի Լիբանանի Համազգային թատերախումբը, որ ղեկավարում էր լուսահոգի Վարուժան Խտշյանը… Դե հիմա, հասկանալի պատճառով, Սիրիայում, կարճ ասած, ոչինչ չկա, իսկ, օրինակ, Բուենոս Այրեսի Ժորժ Սարգսեան թատերախումբը արդյունավետ գործունեություն է ծավալում: Ակտիվ է Մոսկվայի Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ եւ հայկական եկեղեցուն կից գործող թատերախմբերի աշխատանքը, խնդրում եմ ուշադրություն դարձնել, հիշատակում եմ այն խմբերը, որտեղ տիրում է պրոֆեսիոնալ մտածողություն:

- Վերադառնանք հայաստանյան մշակութային դաշտ. չեն դադարում դժգոհությունները թատրոնների խաղացանկում հայ ժամանակակից հեղինակների գործերի սակավության մասին: Կամ եթե բեմադրում էլ են, դրանք լինում են, ինչպես ասվում է, ոչ հարիր պիեսներ:

- Համաձայն չեմ: Թատրոնների խաղացանկում ընդգրկված են Կարինե Խոդիկյանի, Պերճ Զեյթունցյանի, Սամվել Խալաթյանի, Գուրգեն Խանջյանի գործերը: Նկատենք, որ այս փաստը փոքր երկրի համար մեծ բան է: Իմիջիայլոց, թատերագիտությունը պետք է ծնվի թատրոնում, ինչպես դա եղել է անտիկ ժամանակներում, Շեքսպիրի եւ Մոլիերի ժամանակներում, այդպես եղել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստեղծման օրվանից: Հենց այստեղ են կայացել Չեխովն ու Գորկին: Այսինքն՝ թատրոնը կայացրե՞ց իրենց, դրամատուրգներն էլ փաստորեն կայացրին թատրոնը…

- Ինչո՞ւ այդպես չէ մեզ մոտ:

- Պատճառներից հիմնականը տեղծագործությունների որակն է: Ինձ էլ են շատ պիեսներ ներկայացնում, գրում են մարդիկ, որոնք չգիտեն՝ ինչ է թատրոնը: Միությունը նախաձեռնել է աշնանը անցկացնել մեր Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի վերջին 2-3 տարիների շրջանավարտ ռեժիսորների աշխատանքների ցուցադրություն: Դրանցում հաստատ կան հայ հեղինակների ստեղծագործություններ նույնպես: Բեմադրությունները կներկայացվեն միության դահլիճում, իսկ երիտասարդների կողմից ուսանողական տարիներին արված ոչ ավարտուն ստացված գործերը գուցե ամբողջական տեսք ստանան… Աշնանն էլ առաջին անգամ Երեւան կժամանի Չարլի Չապլինի դստեր՝ Վիկտորիա Թիերե Չապլին թատերախումբը՝ համր «Ղողանջ եւ պատրանք» ներկայացմամբ: Գլխավոր դերում մեծանուն կատակերգուի թոռնուհին է՝ Աուրելիա Թիերե Չապլինը: Նշեմ, որ կայանալիք երկու ներկայացումները թատերարվեստի մեր գործիչները հնարավորություն կունենան դիտելու միության հովանավորությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Եկեղեցին Հայկական Ջորջ Մարտինը խոստացել է «Գահերի խաղի» շարունակությունը Ժողովուրդը չի կարող ղեկավարել պետությունը. Հենրիկ Էդոյան Անապատի նկարիչը Մեր պատմիչները և մեր գուսանները Տոն Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի «Մարդի՛կ, ուշքի եկեք» Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես Արշակ Չոպանյան․ Հայկական դյուցազներգությունը Հայից Հայ․ Արա Շիրազ Սա այն թթխմորն է, որ այսօր հրամցնում են մեզ Երաժշտասերները վայելեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Համազգային թատրոնի դերասանները դադարեցնում են գործադուլը Սպիտակի նախկին գլխավոր ճարտարապետը հեռվից հեռու էլ տեղյակ է խնդիրներին Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը Ռազմիկ Դավոյան Համբերություն Հայրենիքում Կյանքը ափի մեջ. Մրո Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը» Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը Հայր մեր.Կոմիտասեան Վերդիի «Ռեքվիեմի» ցնցող մեկնաբանությունը օպերային թատրոնում ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի Պարույր Սևակի մտքերից Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան «Թուրքիայի նախագահին նամակով խնդրեցի ընդունել Ցեղասպանությունը» Queen խմբի հիթը դարձել է 20-րդ դարից եկած ամենահայտնի երգը Նոր նշանակումներ Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսորին Հայաստան Երբեք չմեռնես. Հովհաննես Գրիգորյան. մաս 1-ին Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին «Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք» Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր ստեղծագործությունները բնագրից առաջին անգամ թարգմանվել են հայերեն Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան
website by Sargssyan