Ոչ թե մեկ անձի պաշտամունք, այլ անձերի

Ոչ թե մեկ անձի պաշտամունք, այլ անձերի

Վերջերս մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Պատմության թանգարանում թավշյա հեղափոխության մասին ցուցանմուշներով ցուցասրահ կբացվի: Հիմա էլ թավշյա հեղափոխության առաջնորդների կերպարներով կոմիքսների գիրք է պատրաստվում. հեղինակներն օրերս ներկայացրել են կոմիքսների հավաքածուն: Գլխավոր դերերում վարչապետ Փաշինյանն է՝ «քայլ արած» իր փոքրիկ թիմի հետ, ավելի ճիշտ՝ թիմի կորիզի:

Մարդիկ հեղափոխության առաջնորդների նկատմամբ իրենց սերն արտահայտում են շապիկների եւ անգամ մեքենաների վրա «դաջվածքներով»: Չէ, լավ է, սիրում են՝ արտահայտվում են, բայց հանկարծ այս սերը չվերաճի անձի պաշտամունքի՝ մանավանդ, որ շատերը սրերով են ընդունում նոր կառավարության հասցեին ուղղված որեւէ քննադատություն:

Երեկ «Առավոտը» փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ նախ թանգարանում հեղափոխության թեմայով ցուցադրությունը, հետո՝ կոմիքսները, արդյոք այս ամենը չի՞ վերածվում անձի պաշտամունքի: «Հըմ… չգիտեմ, չեմ կարծում՝ այդպես է: Կոմիքսների գրքի բացմանը մասնակցել եմ, այնտեղ մի անձի մասին խոսք չկար: Նախաձեռնությունը Ամերիկյան համալսարանի շրջանավարտներինն էր, որոնք որեւէ կապ չունեին հեղափոխության մասնակիցների հետ: Ես նման ռիսկեր, անկեղծ ասած, չեմ տեսնում, բայց եթե մարդ կա՝ տեսնում է, իր իրավունքն է եւ պետք է բարձրաձայնի»,-պատասխանեց Ավինյանը:

Այնտեղ մի անձի մասին խոսք չկար: Ստացվում է՝ ոչ թե մեկ անձի պաշտամունք, այլ անձերի պաշտամունք:

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում