Աչաջուրի երաժշտական դպրոցում ջութակի դասարան կբացվի

Աչաջուրի երաժշտական դպրոցում ջութակի դասարան կբացվի

«Պահենք հայկական սահմանները հոգեպես ամուր» ծրագրի շրջանակում օգոստոսի 10-ին բարեգործական համերգ կանցկացվի, որի հասույթը կտրամադրվի Տավուշի մարզի Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լոս Անջելեսում «Unison Duet Music Production»-ի համահիմնադիր, նախկինում «Շելլ» դաշնամուրային տրիոյի դաշնակահարուհի Շուշան Հակոբյանն, ով աշխատում է Լոս Անջելեսում:

«Արդեն երրորդ տարին է ինչ գործում է այս ծրագիրը, որի հիմնական ուղղությունը ուսումնական ֆորմատներում սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցներին աջակցություն տրամադրել է: Այս տարի Աչաջուրի երաժշտական դպրոցում ջութակի դասարան կբացվի, կտրամադրվեն ջութակներ, համապատասխան դասագրքեր, ինչպես նաև երեխաների ուսման վարձը կփոխհատուցվի»,- տեղեկացրեց Շուշան Հակոբյանը:

Նա նշեց, որ այս տարի իրենց բարեգործական ծրագրին են միացել երաժիշտ, տենոր Հովհաննես Այվազյանն ու ֆլեյտահար Տիգրան Գևորգյանը: Համերգին ներկա կլինեն Աչաջուրի սաները, ովքեր ևս ելույթ կունենան:

«Ներքին Կարմիրաղբյուր գյուղը երաժշտական դպրոց չունի, պետք է ամեն ինչ անենք, գտնենք բարերարներ, որպեսզի առաջիկա տարիներին կարողանանք այնտեղ դպրոց բացել»,- հավելեց նա:

Հանդիպմանը ներկա «Unison Duet Music Production»-ի համահիմնադիր, ջութակահար և կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանն էլ նշեց, որ Աչաջուրի երաժշտական դպրոցն ունի 80 սան. «Մենք մեկնեցինք Աչաջուր, ծանոթացանք երեխաների հետ, տեսանք նրանց ոգևորությունը և որոշեցինք, որ անպայման պետք է այս ծրագիրն իրականացնենք այնտեղ: Դպրոցում մեծամասամբ ազգագրական գործիքների դասարաններ են, այդ պատճառով էլ որոշեցինք հենց ջութակի դասարան բացել»:

ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Իրինա Զաքյանն, ով արդեն երեք տարի է մասնակցում է այս բարեգործական արշավին, հավելեց, որ համերգին իտալական ու հայկական երգեր կհնչեն:

«Շատ ուրախ եմ, որ ընկերներս գտնվելով Լոս Անջելեսում, չեն մոռանում հայրենիքին օգնելու, և հատկապես սահմանամերձ գյուղերի մասին»,- ասաց երգչուհին:

Նշենք, որ համերգը կլինի Կոմիտասի տուն-թանգարան ինստիտուտում:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում