Գյումրու Երկրագիտական թանգարանի վերանորոգման համար դրամահավաք կիրականացվի

Գյումրու Երկրագիտական թանգարանի վերանորոգման համար դրամահավաք կիրականացվի

Գյումրու Երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքների համար դրամահավաք կանցկացվի։ Շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն ՀՀ դրամ: Մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ այս մասին Գյումրիում հայտարարել են ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը։

Լիլիթ Մակունցը նշել է, որ շենքի վերանորոգման համար սեպտեմբերից մեկնարկելու է դրամահավաք, որը տևելու է մեկ ամիս: Գումարը փոխանցվելու է Շիրակի երկրագիտական թանգարանի հաշվեհամարին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ դրամահավաքին միանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակիցներին առաջարկել է շենքի մի հատվածն օգտագործել որպես պատկերասրահ:

«Գյումրին չունի պատկերասրահ, կարծում եմ` այն կտավները, նյութերը, որոնք այսօր ֆոնդերում են, անհրաժեշտ է հանրահռչակել , շնորհակալ կլինեմ, եթե Երկրագիտական թանգարանն արձագանքի մեր այս առաջարկին»,- ասել է Լիլիթ Մակունցը:

Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը ընդունել է նախարարի առաջարկը:

«Հիմա շատ արդյունավետ կօգտագործվի շենքը եւ դրա համար նաեւ ձեր ջանքերը պետք է ներդնեք, որպեսզի կրկնապատկեք, բազմապատկեք այդ հնարավորությունը, և երկրագիտական թանգարանը դառնա իսկապես հետաքրքիր եւ դիտարժան մի վայր, եւ ոչ թե պարզապես թանգարան թղթի վրա»,-ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Աղբյուրը հայտնում է, որ Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում