Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները սկսվել են

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները սկսվել են

Մեկնարկել են ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը պատմելու է Արցախի մասին՝ գոյամարտի տարիներին մոռացված մի դրվագի, որը բացահայտվում է ապրիլյան առճակատման օրերին: Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, ռեժիսորի ցանկությունն է ներկայացնել ոչ թե պատերազմը, այլ հետևանքները, մարդուն՝ իր խնդիրներով, բարդույթներով և անճարակությամբ:

«Դրախտի դարպասը» ֆիլմը հավակնում է միջազգային հանրությանն Արցախի մասին պատմել ավելին՝ ստեղծագործական թիմի, հանրահայտ դերասանների ու լավագույն մասնագետների համատեղ ջանքերով:

Սա համատեղ արտադրության ֆիլմ է՝ Հայաստան, Լիտվա, Ֆինլանդիա, Ֆրանսիա։

Կինոարտադրության նոր որակ ապահովելու համար Ջ. Ավետիսյանը համագործակցում է տարբեր երկրներում հայտնի մասնագետների հետ։ Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։

Ֆիլմում նկարահանվում են ինչպես օտարերկրյա հայտնի դերասաններ, այնպես էլ Հայաստանից:

Ֆիլմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը կմարմնավորի լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:

«Դրախտի դարպասը» թիմը ձեռք է բերել գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի հայտնի «Էլեկտրա» օպերայի հեղինակային իրավունքը: Այն կհնչի ֆիլմի հատուկ տեսարաններից մեկում:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում