«Խուլիգանություն»` բեմի վրա

«Խուլիգանություն»` բեմի վրա

Կամ՝ «Комментарии непристойного Тома» ներկայացումը՝ Տիկնիկային թատրոնում:

«Комментарии непристойного Тома» վերնագրով ներկայացումը, որ վերջերս դիտեցի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, զարմացրեց իր ինքնատիպությամբ, նոր շնչով, Տաթեւիկ Մելքոնյանի եւ Արամ Կարախանյանի խաղով: Ներկայացումը բեմադրել է բոլորի կողմից սիրված ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, պիեսի հեղինակն է նախկին երեւանցի, այժմ ամերիկաբնակ թատերագետ Ռաֆայել Հակոբջանյանը, պարերը բեմադրել է Աիդա Սիմոնը: Այս ներկայացման պարագայում, ըստ էության, բոլոր երանիները մեկտեղված էին: «Комментарии непристойного Тома»-ն ներկայացում էր` ներկայացման մեջ: Հերոսներն են տղամարդ եւ կին, ընդ որում` տղամարդը հայաստանցի ներգաղթյալ է: Նրանք ներկայացում են փորձում, որի հեղինակը հենց տղամարդն է:

Ներկայացման միջի տղամարդը տաքսու վարորդ է, կինը` քմահաճ ուղեւոր: Խաղի ժամանակ հասկացվում է, որ նրանք գժի նման շարունակում են սիրել իրար, թեեւ արդեն նախկին ամուսիններ են: Ներկայացումն այնպես է կառուցված, որ ասես հանդիսատեսն էլ լինի մեքենայի ներսում, որտեղ վարորդը ինչ-որ ռադիոալիք է «բռնել» ու տարբեր միջատների սեռական կյանքի մասին ռադիոհաղորդում է ունկնդրում: Սակայն «միջատային» պատմություններն ուղերձ ունեն: Հստակ համընկնում են մարդկային փոխհարաբերությունների հետ: Միջատներն էլ մարդկանց նման կարող են հանուն սիրո գնալ ինքնաոչնչացման:

«Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» ներկայացման հանդիսատեսը բեմի վրա ականատես է լինում յուրատեսակ թատերական խուլիգանության, որն արդյունք է ռեժիսորական տաղանդի ու նուրբ հումորի, դերասանական փայլուն խաղի, որակյալ պիեսի… Ներկայացման ավարտից հետո, երբ մեր հիացմունքն արտահայտեցինք դերասանական խաղի վերաբերյալ, պարոն Բաբայանը ժպտալով ասաց` խուլիգաններ են…

Նշենք, որ ներկայացումն ավարտվեց բուռն ծափահարություններով, տիկնիկայինի փոքրիկ դահլիճը տառացիորեն դղրդում էր դրանց տարափից:

Ամեն անգամ այս թատրոն այցելելիս միշտ մտածում ես` ինչ լավ է, որ Հայաստանում գործում է նման թատրոն, որը գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի շնորհիվ զերծ է կաղապարներից, իր հարկի տակ տեղ է տալիս երիտասարդներին ու ազդակներ` ամենախենթ գաղափարների իրագործման համար: Ինչ վերաբերում է Ռուբեն Բաբայանին, նրա ձեռքը միշտ էլ ժամանակի զարկերակի վրա է: Նրա ղեկավարած թատրոնում բեմադրված ներկայացումները մեկ անգամ չէ, որ «դրսի» փառատոներից վերադառնում են մրցանակներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում