Եղիշե Չարենց․ Գազելներ

Եղիշե Չարենց․ Գազելներ

Ի՜նչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի,-
Զանգերը թաց ու ցողաբո՜ւյր մայրամուտի…

Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ 
Հոգուս վրա – օ, սո՜ւրբ անդորր մայրամուտի…

* * *
Իրիկուն է, քո՛ւյր, – աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր, – աչքերդ փակի՛ր։

Թարթիչներդ թող չթարթեն միգում,
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր։

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ,
Իրիկուն է, քո՛ւյր, – աչքերդ փակի՛ր…

* * *
Թող ապրի հոգին – կապույտ վանդակում.
Կան գանձեր անգին – կապույտ վանդակում։

Դու – ծարավ աղջիկ, կապույտը – գինի.
Դու – արբած մի կին – կապույտ վանդակում։

Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես,
Երբ թափվի գինին կապույտ վանդակում…

* * *
Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,
Սո՜ւրբ է կարոտդ՝ մոխրագես հոգուս համար։

Դու մի՛ֆ դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՛ղն ես հոգուս համար։

Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն –
Հի՜ն կարոտի վերջին դողն ես հոգուս համար…

Հետևեք մեզ նաև Telegram-ում