«Խաղացողը». Քըրք Քըրքորյանի մասին պատմող գիրքը ներկայացվեց Վանաձորում

«Խաղացողը». Քըրք Քըրքորյանի մասին պատմող գիրքը ներկայացվեց Վանաձորում

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Վանաձորում՝ Լոռու մարզային գրադարանում: Լոռեցի մտավորականները մեծ ոգևորությամբ ընդունեցին «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից լույս ընծայած գիրքը: «Քըրք Քըրքորյանը շատ սիրված էր հայ ժողովրդի կողմից:

Քըրքորյանի նման մարդիկ մենք շատ քիչ ենք ունեցել: Նա իր բնույթով շատ համեստ մարդ էր, և իրեն երբեք չի գովազդել: Մեր ժողովուրդն այդքան էլ լավ չի ճանաչում նրան: Սակայն այս գիրքը կարդալով մարդիկ կհասկանան, կտեսնեն, թե իսկապես ո՞վ է եղել Քըրքորյանն ու ի՞նչ է արել: Ես շատ եմ ցանկանում, որ մեր ազգն ավելի լավ ճանաչի Քըրքորյանին, իմանա նրա մասին»,- շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը: Նա ներկաներին պատմեց նաև հրատարակչության գործունեության մասին, ինչպես նաև տեղեկացրեց, որ այս տարի «Էդիթ Պրինտ»-ը տոնում է ստեղծման 25-ամյակը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած «Խաղացողը» գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները:

ՀՀ գրողների միության նախագահության անդամ, Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծեց, որ Հայաստանի ազգային հերոս Քըրքորյանը շատ բան է արել Հայաստանի համար:

«Ես 15-20 րոպեում ծանոթացա գրքի սկզբնական մասին, ծանոթացա ոճին, շարադրանքին: Զգացվում է, որ գիրքը պրոֆեսիոնալ գրող է գրել: Իսկ «Էդիթ Պրինտ»-ի կողմից էլ արժանվույն է պահպանվել տպագրական որակը: Քըրքորյանը հսկայական գործ է արել, նա արժանի է մեծարանքի բոլոր սերունդների կողմից: Նա շատ լավ օրինակ է հարուստների ու գործարարների համար, որպեսզի նրանք նույնպես իրենց հնարավորություններն օգտագործեն և ներդրումներ անեն, և օգնեն Հայաստանին»,-շեշտեց Միկոյանը:

Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանն էլ ընդգծեց՝ իսկապես արժեքավոր գործ է հրատարակվել: Ըստ մտավորականի՝ այս գիրքը միայն ճանաչողական նշանակություն չունի: Այն նաև դաստիարակող և ուսուցողական կարևորություն ունի: «Գիրքը պատմում է մի մարդու մասին, որը մեր ժողովրդի համար մեծ գործ է կատարել: Նա մեծ գործ է կատարել նաև ամբողջ աշխարհի համար՝ մարդասիրական տեսանկյունից: Քըրքորյանը մեր ազգային հերոսներից մեկն է, բայց դա իրեն բնավ պետք չէ, դա մեզ է պետք՝ իր հայրենակիցներին, իր ժողովրդի ներկայացուցիչներին, որպեսզի տեսնենք, թե ի՞նչ մարդ է եղել նա»,- ընդգծեց նա:

«Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: Այս հափշտակող կենսագրականի մեջ, հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելով Քըրքորյանի՝ երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդու՝ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր և ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին:

«Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այս սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:

Մամուլի հաղորդագրություն
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում