«Եվրատեսիլ-2019»-ի անցկացումը վտանգի տակ է. երգի մրցույթը կարող է Իսրայելից այլ երկիր տեղափոխվել

«Եվրատեսիլ-2019»-ի անցկացումը վտանգի տակ է. երգի մրցույթը կարող է Իսրայելից այլ երկիր տեղափոխվել

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կարող է Իսրայելից այլ երկիր տեղափոխվել, եթե մեկ օրվա ընթացքում երկրի իշխանությունները Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) չփոխանցեն 12 մլն եվրո, հայտնում է news.rambler.ru-ն։

Նշվում է, որ միջոցառման տապալման վտանգի մասին հայտնել է «Կան» պետական հեռուստառադիոկորպորացիայի ղեկավարներից Գիլ Օմերը՝ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուին ուղղված նամակում։

EBU-ի կանոնների համաձայն՝ կորպորացիան պետք է կանխավճար մուծեր, որն իրենից ներկայացնում է ֆինանսական երաշխիք մրցույթի անցկացման ապահովման համար։ Գումարի մուծման ժամկետը լրացել է, սակայն այն երկարացրել են մինչև օգոստոսի 14-ը։ Ընկերությունում նշել են, որ երկրի իշխանությունները մինչ այժմ բյուջեից գումարներ չեն տրամադրել մրցույթի համար։

Լիսաբոնում այս տարի անցկացված «Եվրատեսիլ-2018» մրցույթի հաղթող էր դարձել Իսրայելը ներկայացնող Նետտան՝ Toy երգով, ինչով նվաճել է հաջորդ մրցույթն Իսրայելում անցկացնելու իրավունքը։ Նեթանյահուն հայտարարել էր, որ «Եվրատեսիլ»-ը կանցկացվի Երուսաղեմում, սակայն ավելի ուշ լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ մրցույթը նախատեսվում է անցկացնել Թել Ավիվում՝ Երուսաղեմի կարգավիճակի շուրջ որոշ երկրների դժգոհության պատճառով։

Աղբյուր՝ Tert.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում