Բոտիչելլիի Վեներայի առեղծվածի նոր բացահայտումը

Բոտիչելլիի Վեներայի առեղծվածի նոր բացահայտումը

Վաղ վերածննդի իտալացի գեղանկարիչ և գրաֆիկ Սանդրո Բոտիչելլիի հայտնի «Վեներայի ծնունդը» (1486) կտավը համարվում է աշխարհում ամենահայտնի և ամենաառեղծվածային նկարներից մեկը։

Եվրանյուզը գրում է, որ արդեն 500 տարի գլխավոր հանելուկն է՝ իրականում եղե՞լ է այն կինը, ով որպես բնորդ է ծառայել սիրո աստավածուհուն նկարելու համար, ով է նա եղել՝ այդպես էլ չի հաջողվում գուշակել։ Արվեստի աշխարհում ընդունված վարկածի համաձայն, Բոտիչելիի Վեներան Ֆլորենսիայում իր գեղեցկությամբ հայտնի Սիմոնետտա Վեսպուչչին է, օրիորդական ազգանունը Կատտանեո։ Նա ամուսնացել էր ֆլորենսիացի Ջորջիո Վեսպուչչիի հետ, որի ազգականի անունով հետագայում կոչվեց Ամերիկան։ Եթե դա այդպես է, ապա Սիմոնետտա Սանքրիստոֆորո Կատտանեոն նրա միակ հայտնի ժառանգն է։

«Ես 10 տարեկան էի, երբ իմացա, որ վերջինն եմ կենդանի մնացած ժառանգներից։ Իմ տատը, որի անունը ևս Սիմոնետտա Կատտանեո էր, ինձ նման նվեր է թողել։ Ինձ համար դա կարծես կապ էր իմ տատի և իմ անցյալի հետ։ Բոտիչելլին «Վեներայի ծնունդը» նկարել է Սիմոնետտայի մահից 10 տարի անց, բնորդուհին մահացել էր 23 տարեկանում։ Այնպես որ նա ֆիզիկապես որպես բնորդ հանդես չի եկել։ Սակայն, ասում են, որ նկարիչը սիրել է նրան և կտավի վրա է փոխանցել պատկերը, որը միշտ նրա աչքի առաջ է եղել։ Բացի այդ այն ժամանակներում ամուսնացած կնոջ մերկ բնորդություն անելն անթույլատրելի էր։ Բայց եթե հավատանք փորձագետներին, հենց իր ընկերոջ՝ Վեսպուչչիի կնոջն է պատկերել նկարիչը »,- պատմել է Սիմոնետտան։

Ամեն անգամ նոր բնակարան տեղափոխվելով Սիմոնետտան պատին է կախում լեգենդար կտավի կրկնօրինակը։

«Հետաքրքիր է, որ անգամ այդքան տարիներ անց Վեներայի պատկերը կարելի է տեսնել ամենուր։ Նկարիչները ևս այդպես էին պատկերացնում նրան, օրինակ Էնդի Ուորհոլլը Վեներայի դիմանկարների շարք էր ստեղծել։ Իսկ հիմա Ինսթագրամում հայտնիներն ու աստղերը տեղադրում են նկարներ, որոնցում Բոտիչելլիի Վեներայի դիրքով են։ Դարեր անց նա մնում է կանացիության և գեղեցկության խորհրդանիշ»,- ասում է Սիմոնետտան։

Թելը Ջենովայից ու Ֆլորենցիայից ձգվում է Լոնդոն, որտեղ ներկայիս Սիմոնետտան աշխատում է պատկերասրահում։ Նրա պնդումը, որ հենց իր նախնին ու անվանակիցն են ոգեշնչել նկարչին, անհնար է ստուգել։ Սակայն, անկասկած է, որ Բոտիչելլիի Վեներայի մասին ընտանեկան պատմությունները դեր են խաղացել նրա կայացման և մշակույթի հետ շփման գործում։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում