«Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը մահամերձ է

«Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը մահամերձ է

Սոուլ երաժշտության հռչակավոր կատարող Արետա Ֆրանկլինը՝ «սոուլի թագուհին», տառապում է քաղցկեղով: Այս մասին հայտարարել է կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Fox News-ին:

Այժմ Ֆրանկլինը գտնվում է Դեթրոյթում՝ շրջապատված ընտանիքի անդամներով: Հարազատները խնդրել են երկրպագուներին աղոթել երգչուհու համար:

Ըստ աղբյուրի, դեռ մեկ շաբաթ առաջ բժիշկները հայտնել են, որ նրա վիճակը ծանր է: Երգչուհին նիհարել է 39 կգ-ով և նրա վիճակը շարունակում է վատթարանալ:

2010 թվականին Ֆրանկլինի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: 76-ամյա երգչուհին նախորդ տարի հայտարարել է կարիերայի ավարտի մասին:

Նշենք, որ ամերիկացի երգչուհին հանդես է եկել ռիթմ ընդ բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում։ Մեծ հաջողությունների է հասել 1960-ական թվականների կեսին և 1970-ական թվականներին։ Ի շնորհիվ իր ուժեղ վոկալային տվյալների՝ նրան համարում են սոուլի թագուհի կամ Լեդի Սոուլ: 1987 թվականի հունվարի 3-ին նա դարձել է առաջին կինը, ում անունը գրվել է Ռոքնռոլի փառքի սրահում: 2008 թվականի նոյեմբերին Rolling Stones ամսագիրը նրան անվանել է ամբողջ պատմության մեծագույն երգչուհի:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում