Հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիամանթոյի ծննդյան օրն է

Հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիամանթոյի ծննդյան օրն է

Այսօր արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի ծննդյան օրն է:

Սիամանթոն՝ Ատոմ Յարճանյանը, ծնվել է 1878 օգոստոսի 15-ին Խարբերդի նահանգի Ակն քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Ներսիսյան վարժարանում։ 1892 թ. նրանց ընտանիքը տեղափոխվում է Պոլիս, որտեղ նա սովորում է Պերպերյան վարժարանում։

1894-1896-ին մեկնում է Կահիրե, 1897-ին` Ժնև, այնուհետև` Փարիզ, մասնակցում է Սորբոնի համալսարանի դասընթացներին` որպես ազատ ունկընդիր: Եվրոպայում նա նաև սերտ կապեր է հաստատում «Եվրոպայի հայ ուսանողների միության» և հայ ազգային կուսակցությունների հետ:
Սիամանթոյի առաջին բանաստեղծությունը` «Աքսորուած խաղաղութինը» լույս է տեսել 1898-ին (ավելի ուշ` «Մահուան տեսիլք»), որը հայտնի է նաև «Կոտորած» վերնագրով, տպագրվել է «Անահիտ», «Բանբեր», «Ազատամարտ» և այլ պարբերականներում: 1902-ին լույս է տեսնում «Դիւցազնօրէն» ժողովածուն, իսկ հաջորդ 1905, 1906, 1908 թ. «Հայորդիներ» բանաստեղծական երեք շարքերում արտացոլվում է Սիամանթոյի հերոսը` Հայորդին, որի անունը Պայքար է, իսկ ավարտը` Հաղթանակ:

Հետագա բանաստեղծություններում ևս («Որբերու ճակատագրեն», «Սովամահ», «Բանտերուն խորերեն», «Կախաղաններու կատարեն»), նա, նկարագրելով թուրք խուժանի կողմից բնաջնջման ենթարկվող հայ ժողովրդի ողբերգությունը, ազատագրական պայքարի է կոչում հայորդիներին:

Սիամանթոյի բանաստեղծություններում հանդիպում են նաև վեհուշի, հայրենիքի կարոտ, տառապանքի և հուսահատության տողեր («Արցունքներս», «Հայրենի աղբյուր», «Ափ մը մոխիր, հայրենի տուն…») , սակայն բանաստեղծը անձնատուր չի լինում և նորից պայքարի կոչ է անում հայ մարտիկներին («Ես երգելով կուզեմ մեռնիլ», «Ասպետի երգը», «Ձեռքերդ ինձ երկարե», «Հույսին համար»):

Երիտթուրքական հեղափոխությունից և հուլիսյան սահմանադրությունից հետո երկրի քաղաքական մթնոլորտն ստուգելու միտումով 1908 թվականին Սիամանթոն վերադարձել է Կ․Պոլիս։ Ազգային մտավորականության պատրանքները հավատ չեն ներշնչել բանաստեղծին։ Նա գուշակել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը թուրք նացիոնալիստական բուրժուազիայի պետական քաղաքականության պայմաններում։

Կ․ Պոլսում Սիամանթոն ստեղծել է իր «Կարմիր լուրեր բարեկամես» (1909) շարքը, որը Դանիել Վարուժանն անվանել է «տաղանդավոր ոճրերգություն»։ Այստեղ պատկերված է հայոց դանթեականը, արյան նախճիրների դժոխային տեսարանների մեջ բացահայտված է սադիզմի և վանդալիզմի բիոլոգիական բնազդը։

Հայ գաղթականների կյանքն ու առօրյան ուսումնասիրելու առաքելությամբ Սիամանթոն 1909 թ. մեկնել է Ամերիկա։ Իրողությունը նրան հուշում էր ազգին սպառնացող աղետը։ Զանգվածային արտագաղթից ամայանում էր Հայաստանը, օտարվում էին հայրենի հուշիկները, հայրենիքը բնապատմական ռեալությունից վերածվում էր աշխարհագրական հասկացության։ Պետք էր կանխել չարիքը, փրկել ազգը տրոհումից, կապել նրան հայրենի հողին ու բնությանը և կյանքն իմաստավորել աշխատանքի ու ստեղծումի գաղափարով։ Ազգահավաքման, հայրենականչի այս գաղափարի վրա Սիամանթոն կառուցել է «Հայրենի հրավեր» (1909) բանաստեղծական նամակաշարը։ Տարագիր հայությանն ուղղված տասներկու կոչերում նա արտացոլել է որբացած հայրենիքի մորմոքներն ու տվայտանքները։

1911 թ. Սիամանթոն կրկին վերադարձել է Կ․ Պոլիս։ Նոր որոնումներով խանդավառված բանաստեղծը ձգտել է մոտիկից ճանաչել հայրենի երկիրը, լինել Արևելյան Հայաստանում։ 1913 թ. Սիամանթոն եղել է Թիֆլիսում, Բաքվում, Էջմիածնում, այցելել պատմական հիշարժան վայրերը, հանդիպումներ ունեցել գրական ու հասարակական անվանի գործիչների հետ։ Նրա պոեզիայում արդեն տեղի էին տվել «չարչարանքի տեսիլները»՝ ազգի գոյության ու հարատևության հեռանկարն ուրվագծելով «հոգևոր Հայաստանի» մեջ։

Սիամանթոն արձագանքել է «հեթանոսական շարժմանը» («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), գրել առանձին բանաստեղծություններ «Կամքի իրիկուններ» ծրագրված շարքից, որոնց մեջ փառաբանել է հայոց անցյալի հոգևոր մեծությունը, իմաստավորել կամքի, ստեղծման ու մաքառման խորհուրդը («Խոսքեր անծանոթ անցորդին», 1911, «Թող զորությունը ձեզ խոսի», 1911)։
Հայ գրերի գյուտի համազգային տոնի օրերին բանաստեղծը գրել է «Սուրբ Մեսրոպ» (1912) պոեմը, որը հերոսական հիմն է հայոց այբուբենն ստեղծողին։
Նրա պոեզիան որոշակի աղերսներ նաև ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հետ: Սիամանթոյի արվեստը նպաստել է հայ պոեզիայի հետագա զարգացմանը։
Սիամանթոյի բանաստեղծություններից թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

Սիմանաթոն 1915թ. դառնում է Հայոց եղեռնի զոհ: 1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին, Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում, թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրը թուրք բաշիբոզուկները Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական տարազներով։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում