Լիլիթ Սողոմոնյանն առաջին հայուհին է՝ Չիլիի օպերային թատրոնում

Լիլիթ Սողոմոնյանն առաջին հայուհին է՝ Չիլիի օպերային թատրոնում

 «Առավոտը» երբեւէ առիթ չի ունեցել անդրադառնալ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում դեռեւս 19-րդ դարից գործող Teatro Municipal de Santiago-ին: Օպերային նշյալ թատրոնը բացվել է 1857 թվականին, հետագայում դառնալով տեղի արիստոկրատիայի մշակութային եւ առաջնային կենտրոն: Այս մասին մեզ հայտնեց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Լիլիթ Սողոմոնյանը, որը վերջերս այնտեղ հանդես է եկել Տոսկայի դերերգով Պուչինիի համանուն օպերային ներկայացման մեջ: Ի դեպ, սոպրանոն առաջին հայ արտիստն է, որը բեմ բարձրացավ այդ թատրոնում:

Մեր հանդիսատեսին քաջածանոթ սոպրանոն, որը շուրջ 20 տարի բեմում է, իսկ Տոսկայի դերերգը արտիստի դերացանկում հայտնվել է 10 տարի առաջ. 2008թ. Իտալիայի Տրեվիզո քաղաքում ավանդաբար անցկացվող Toti dal Monte միջազգային մրցույթում 64 Տոսկաներից ընտրել էին հայ երգչուհուն: 2016-ին էլ Երեւանում Լիլիթ Սողոմոնյանը հանդես եկավ այս դերերգով: Ծանոթանալով վոկալիստի ստեղծագործական կյանքին, նկատենք, որ «դրսի» նրա հաջողությունները, բեմելները կապված են Իտալիայի հետ: 

Այսպես. 2010թ. Բրեշա քաղաքում անցկացվող վոկալիստների միջազգային մրցույթին նա արժանացել է միանգամից երեք մրցանակի՝ գրավել է երրորդ տեղը, նվաճել հանդիսատեսի սիրտը՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանքին» եւ հատուկ մրցանակ Լեոնորայի դերերգի համար: Այդ դերերգով սոպրանոն ժամանակ անց հանդես եկավ Սիրմիոնե քաղաքի օպերային թատրոնում: Մեզ հետ զրույցում երգչուհին առանց մանրամասնելու էլ տեղեկացրեց, որ 2017թ. Պյաչենցա Կրեմոնա եւ Մոդենա քաղաքի թատրոններում մասնակցել է լսումների, ինչի արդյունքում առաջիկայում հանդես կգա այդ թատրոնների բեմադրություններում երկու տարբեր գլխավոր դերերգերով: Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս հայտնվեց Սանտյագոյի օպերային թատրոնում, մեր զրուցակիցն ասաց. «Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի խորհրդով, մասնակցեցի Մոսկվայում աշխարհահռչակ NYIOP-ի կողմից հաճախակի կազմակերպվող լսումներին: Ներկա էին 12 երկրից հրավիրված արտիստիկ տնօրեններ եւ այլ ադմինիստրատիվ մասնագետ ղեկավարներ: Ներկա էր նաեւ Սանտյագոյի օպերային թատրոնի արտիստիկ տնօրեն Առնոլդ Ալոնսը, որն էլ ընտրեց ինձ Տոսկայի դերերգի համար: Նշեմ, որ այդ թատրոնը թեեւ ունի երգիչների հիմնական կազմ, բայց նրանք հանդես են գալիս երկրորդական, երրորդական դերերգերով: Իսկ գլխավոր դերերգերի համար ընտրվում են արտասահմանցի երգիչներ մրցութային կամ նման ձեւաչափով անցկացվող միջոցառումների արդյունքում: Գերմանացի ռեժիսոր Ստեֆան Հայնրիխի բեմադրությամբ «Տոսկային», որը ղեկավարում էր չիլիացի դիրիժոր Պեդրո Պաբլո Մրուդենսիոն, հանդես եկա պրեմիերային առաջին երեք ներկայացումներում»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե բացի Իտալիայից, սպասվո՞ւմ են հյուրախաղեր այլ երկրներում, Լիլիթ Սողոմոնյանը չբացելով փակագծերը՝ նշեց, թե եվրոպական հեղինակավոր երկու թատրոններում պատրաստվում է հանդես գալ Լեոնորայի դերերգով Վերդիի «Ճակատագրի ուժը» եւ «կմարմնավորի» նաեւ Ջոկոնդային Պոնիքելլիի համանուն օպերաներում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում