Գուգարաց թեմում վերաօծվեց Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցին

Գուգարաց թեմում վերաօծվեց Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցին

Օգոստոսի 15-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Քարինջ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին:

Քարինջ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, եղել է սիրված և միակ սրբավայրը Քարինջ համայնքում: Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով միանավ բազիլիկ է: Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես դարբնոց և ժամանակի ընթացքում ավերվել է։

Այժմ եկեղեցին արդեն պատրաստ է ընդունելու Քարինջ համայնքի բարեպաշտ հավատացյալներին՝ Սուրբ Պատարագների մասնակցության և այլ արարողությունների համար: Եկեղեցու վերակառուցման բարերարությունը ստանձնել են Մերուժան, Վարուժան, Արծրուն և Վալտեր Մաղաքյան եղբայրները:

Վերաօծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, խորանն ու մկրտության ավազանը:

Մաղաքյան եղբայրների բարերարությամբ վերանորոգվել և հարդարվել են եկեղեցու պատերը, կառուցվել է տանիքը և եկեղեցու հատակը, տեղադրվել են պատուհանները և մուտքի դռան անձրևածածկը: Եղբայրների կողմից նվիրաբերվել են Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի սրբապատկերները, Սուրբ Աստվածածնի որմնանկարը, 2 նստարաններ, Սուրբ Սեղանի մոմակալներ և Սուրբ Խորանի խաչը:

Գուգարաց թեմի կողմից նվիրաբերվել են եկեղեցու ջահերը, գորգ և խորանի վարագույրը: Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Ռոբերտ Մուկուչյանի կողմից նվիրաբերվել են դարբնի կոփածո երկու մոմակալներ:

Եկեղեցու նորաօծ խորանին, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի, մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանի: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարներին, ովքեր իրենց ներդրումը բերեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, օրհնության գիր և նվերներ հանձնեց բարերարներին:

Վերաօծման արարողությանը ներկա էին Գուգարաց թեմի քահանա հայրեր, եկեղեցու վերանորոգման նվիրատուները, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը, համայնքի բարեպաշտ հայորդիներ և ուխտավորներ տարբեր համայնքներից:

Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցու բարերար Մաղաքյան եղբայրների կողմից ուխտավորներին մատուցվեց ուխտի մատաղ:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում