Ամբոխները խելագարված

Ամբոխները խելագարված

I.
Հեռո՜ւ, մօտիկ ընկերներին, աշխարհներին, արեւներին,-
Հրանման հոգիներին:-
Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառւում է վառ,-
Բոլո՜ր նրանց հոգիներին արեւավառ,-
Կեանքի՜, մահի՜ այս ամեհի աղջամուղջում`
Ողջակիզուող հոգիներին – ողջո՜յն, ողջո՜յն:-
II.
Իրիկուն էր, հրակարմիր մի իրիկուն:
Արեւը բորբ` մայր էր մտնում արեւմուտքում:
Դաշտի վրայ փռուել էր մուժ արիւնամած`
Թոյն էր կարծես` բորբ արեւի սրտից քամած:
Արեւը, թէժ` մայր էր մտնում արեւմուտքում-
Ու արիւն էր դաշտի վրայ, թո՛յն էր թքում:
Հորիզոնում վառել էր մի կարմիր քուրայ-
Ու արնավառ փայլ էր փռում դաշտի վրայ:
Ու արտերը, ալեծածան, վառուել էին
Արեգակի կարմիր փայլով իրիկնային:-
Դաշտը, անծայր ու անսահման, լայնատարած`
Հրակարմիր տարածուել էր նրանց առաջ:-
Ծով էր կարծես, որ սկիզբ ու սահման չունի-
Ծով էր կարծես` մշուշի մէջ իրիկունի:
III.
Արեւի տակ իրիկնային, իրկնային հրով վառուած`
Այդ հին դաշտում կռւում էին ամբոխները խելագարուա’:
Քաղաքներից ու գիւղերից, ստեպներից հեռու ու մօտ`
Եկել էին նրանք նորից` լուսավառուած ու կրակոտ:
Ով քաղաքից էր հեռացել – նա թողել էր մշուշը ծեր,-
Մշուշը, որ կեանքի վրայ մխաշաղախ ամպ էր դարձել:
Ով եկել էր գյուղից հեռու – նա թողել էր հողը խոնաւ,
Որի վրայ կեանքը հլու ո՛չ մի ոսկի հասկ չծնաւ:
Ով եկել էր ստեպներից, նա թողել էր անծայրածիր
Լայնութիւնը հորիզոնի, որ իր համար բանտ էր դարձել:
Ով քաղաքից էր հեռաւոր, ուր մառախուղ էր անորոշ`
Նա բերել էր թոքախտաւոր սիրտը, որպէս կարմիր դրօշ:
Ով եկել էր թողած հեռուն անծայրածիր մութը գիւղի`
Բերել էր իր մկաններում բեղմնաւորուած ոյժը հողի:
Ով եկել էր ստեպներից, ուր ապրում էր որպէս գերի-
Բերել էր իր լուրթ աչքերում լայնութիւնը ստեպների…
Ըմբոստացած, խելագարուած, չտանելով հին կեանքը էլ`
Անծիր դաշտում այդ հաւաքուած` նրակք կռուի էին ելել:
IV.
Մայր էր մտնում իրիկնային արեւը` թէժ լոյսով վառված-
Ու երգելով կռւում էին ամբոխները խելագարուած:
Դաշտն էի դէմը, փռուած էր նա` շառագունած ու արեւուն,-
Ու հետեւում, ճամբի վրայ հսկայ քաղաքն էր երեւում:
Ծո՜յլ նազանքով, իրիկնային արեւի տակ անփոյթ փռուած`
Պսպղում էր քաղաքը հին` հազարերանք մի զանգըւած:
Հեռո՜ւ, հեռո՜ւ, անծայր ու լայն, տարածուել էր քաղաքը հին-
Լողանում էր կարծես մարմանդ մշուշի մէջ իրիկնային:
Յաղթ շէնքերը, բարձր ցցուած, կարծես կախուած կարմիր օդում`
Հետըզհետէ մթնում էին, անգունանում ու աղօտում:
Հեռու հրով միայն վառուած պատուհանները ապակի
Փայլում էին արիւնամած վերջին հրին արեգակի.
Արեւի դէմ փայլում էին հրաբոսոր`
Բռընկուել էր նրանց սրտում տագնապը սուր…
Եւ երկընքի սիրտը մխուած բեւեռների պէս արնաքամ`
Փայլում էին արիւնամած ծխնելոյզներն հսկայական:
Ծուխ չէր ելնում նրանց փողից` չէին փնչում երկինքն ի վեր.
Չէչ կարծրանում նրանց ծուխից իրիկնային երկինքը էլ:-
Լոկ մշուշը իրիկնային թանձրանում էր հետզհետէ-
Ու մշուշում կորչում էին ծխնելոյզները երկաթէ:
V.
Իսկ քաղաքից դէպի հարաւ` ահատեսիլ ու յաղթական`
Երեւում էր երկաթուղու կայարանը հսկայական:
Լսւում էր մերթ շոքեկառքի սուլոցը սուր հեռու մուժում-
Մորթում էին կարծես այնտեղ խելագարուած մի անասուն…
Ճչում էր սուր, յուսակտուր, ու յուսահատ ձայնը նրա,
Որպէս անդարձ մահի մի լուր տարածւում էր դաշտի վրայ:-
Ցրուած էր նա, կայարանը, հսկայ ու յաղթ, նրանց առաջ-
Ու հանգոյցից կայարանի, դաշտովը մէկ լայնատարած`
Դէպի հիւսիս, դէպի հարաւ, ւ արեւմուտք ու արեւելք-
Ուղիները երկաթաձիգ ձգուել էին ամէնուրեք:-
Երակների պէս երկաթէ քաղաքամօտ կայարանից`
Հեռո՜ւ, հեռո՜ւ ձգուել էին ուղիները երկաթաձիգ:
Երակների պէս երկաթէ` ամուր գրկած կուրծքը հողի`
Սեղմըւելով հետզհետէ` փախչում էին գաղտնագողի…
Ու ցցուած էր ուղիների խաչակնքման սեղմ հանգոյցում-
Կայարանը, որպէս մի հարց, որպէս հսկայ մի քարացում:
Ուղիների ճամբամիջում հանգոյց էր նա կարծես կապուած-
Ու անզիջում կռւում էին ամբոխները խելագարուած:
Կարծես նետուած մի յաղթ ձեռքով` աշխարհային կամքին հլու`
Գնո՜ւմ էին կռուո՜վ, երգո՜վ կայարանը գրաւելո՛ւ:
VI.
Կռւում էին: Սուրում էր մի իրիկնային մարմանդ քամի:
Դէմը քաղաքն էր տարածուել` հազարամեայ մի թշնամի:
Սֆինքսի պէս հսկայական, շէկ ծծերը դրած հողին`
Նա կտրել էր արեւակամ ամբոխների կարմիր ուղին:
Ու կայարանը` յաղթանդամ, իրիկնային կարմիր մուժում,
Յաղթ նստել էր նրա առաջ, որպէս նրան հսկող մի շուն:
Յաղթ նստել էր նրա առաջ ու տիրուհու կամքին գերի`
Երթն էր հսկում գետնատարած, երկաթագիծ ուղիների:
Ու գծերի մօտ երկաթէ, դէպի հիւսիս. դեպի առաջ`
Ձգուել էին ալիքաձեւ խրամատներ գետնատարած:
Թշնամին էր պահուել նրանց ալիքաձեւ գետնափորում
Ու մատներով արիունոտված դէմը փռուած դաշտն էր փորում:
Մտել էր ջերմ կուրծքը հողի՜, հողի սրտում դարան մտած`
Կրակում էր գաղտնագողի, նենգ ձեռքերով արիւնոտած:
Կռւում էին` մօտենալով, մօտենալով հետզհետէ:
Պայթում էին զրընգալով հրանօթները երկաթէ:-
Ե՜րգ էր կարծես կռիւը այդ, որ զրնգում էր մայրամուտում.
Նայես` թռաւ մի հրանօթ ու թունդ պայթեց խրամատում…
VII.
Կռւում էին, ու կռուելով անցնում էին նրանք առաջ:
Ու դաշտերում իրիկնային մա՜հն էր քրքջում համատարած:
Երգում էր նա` երգը խառնած հրանօթի զրնգունին,-
Անցնում էին նրանք առաջ ու կրակուած կռւում էին:
Ե՜րգ էր սիրտը ամէն մէկի, երգ էր հայեացքը կրակոտ.
Վառւում էր սիրտը ամէնքի, որպէս կարմիր մի առաւօտ:
Ե՜րգ էր կարծես արեւը հին` իրիկնային լոյսով վառուած-
Եւ երգելով կռւում էին ամբոխները խելագարուած…
VIII.
Եւ երգում էր մէկը` հզօր, հուժկու ձայնով ահեղագոչ,
Գո՜վքն էր երգում կռուի ելած, արիացած իր ընկերոջ:-
Որպէս բազէ` երգը նրա սլանում էր հեռո՜ւ, հեռո՜ւ-
Եւ երգելով կռւում էր նա` լուսաժպիտ ու ահարկու:
Երգում էր նա: Մայր էր մտնում արեւը հին` կարմիր քուրայ:
Եւ դաշտերում իրիկնային – զանգ էր կարծես ձայնը նրա:
Զա՜նգ էր կարծես, զնգում էր զիլ, որ ողջ աշխարհը իմանայ-
Բորբ կարօտով անծայրածիր, կրակելով երգում էր նա:
IX.
“Ստեպներից, անտառներից, քաղաքներից հեռու ու մօտ,
Մենք մեր սիրտն ենք բերել նորից` յուսավառուած ու կրակոտ.
Այնտեղ հիմայ կռիւ է, մահ, ու աղջամուղջ է անորոշ,-
Մենք մեր սիրտն ենք պարզել հիմա – մահի հանդէպ` կարմիր դրօշ:
Արիւնաքամ մա՜յր է մտնում հազարամեայ արեւը հին.
Արիւնավառ ժպտում էմ եզ այս աշխարհը իրիկնային…
Ու խնդասիրտ կռւում ենք մենք, ե՜րգ ենք ասում, կռւում հիմի.
Կուրծք է տուել աշխարհը ողջ` հազարամեայ մի թշնամի…
Բայց անվհատ կռւում ենք մենք, ու մահը` սէգ, ժպտում է մեզ-
Շատերս, ախ, պիտի զոհենք սրտերը մեր կարօտակէզ,-
Անողոք է երթը այս սէգ, ինչպես կարմիր կարօտը մեր-
Կրակեցէ՛ք, կրակեցե՛ք, խելագարուած իմ ընկերներ…”
X.
…Մայր էր մտնում իրիկնային արեւը` թէժ լոյսով վառուած:
Ու անվհատ կռւում էին ամբոխները խելագարուած:
Աչքերի մէջ` կարմիր մի հուր, ու սրտերում – կարմիր կրակ`
Վերջին թափով մի ամրակուռ` անգայթ կռւում էին նրանք:
Խենթ երգելով, կրակելով նրանք անցնում էին առաջ-
Ու թշնամին փախուստ տուեց` ահաբեկուած ու վտարուած:-
Մութ էր արդէն, մայր էր մտել արեգակի շողը վերջին,
Երբ գրոհով մի անվեհեր կայարանը գրաւեցին…
XI.
Մութ է հիմա: Գիշերը, խոր, իջել է վար:
Մութ է հիմա, թանձր խաւար:
Երկաթուղու կայարանում, ուր ո՛չ մի լոյս չկա վառուած,
Խռնուել են հազարանուն ամբոխները խելագարուած:
Գիշերնի մէջ չեն երեւում յաղթ կամարները երկաթէ`
Լոյս չեն վառել կայարանում, որ թշնամին չնկատէ:
Սպասում են` աչքներն յառած խաւարամած հեռուներին`
Մութը իջաւ համատարած, մինչ կայարանը վերցրին:-
Սպասում են, որ մինչեւ լոյս գոնէ մի քիչ հանգստանան
Ու առաւօտ դուրս գան նորից ու քաղաքի վրայ գնան:
Աչքերն յառած թանձր մութին, սրտատրոփ, անապաքէն`
Սպասում են առաւօտին, որ կռիւը շարունակեն:
Մի քիչ առաջ, արիւնաքամ, երբ դեռ դաշտում կռւում էին
Մօ՜տ էր թւում քաղաքն այնքան երկաթուղու կայարանին…
Եկան իրենք, կռուով, երգով գրաւեցին կայանը մեծ-
Իսկ թշնամին փախուստ տուեց ու քաղաքում պատսպարուեց:
Սպասում են իրենք հիմա, որ մինչեւ լոյս հանգստանան-
Ու առաւօտ դուրս գան նորից եւ քաղաքի վրայ գնան:
XII.
Ու մթի մէջ հազարամեայ, գիշերի մէջ խորը, անհուն`
Խռնուել են նրանք ահա երկաթուղու կայարանում:
Դաշտն է դէմը, խաւարակուռ ձգուած է նա:
Չկայ մի ձայն, չկայ քամի, մութ է հիմա:
Դաշտն է դէմը` անծիր, անծայր մի զանգուած խաւարամութ,
Ուր նստել է անաչք, անլոյս խորհրդաւոր կասկածը մութ:
Շնթռկել է որպէս մի շուն, որ խաւարն է հսկում հիմի,-
Շնթռկել է թանձր մուժում, որպէս անտես մի թշնամի:
Մութն է նստել կասկածը հին ու աչքերով խավարամած
Նայում է նա կայարանին, որ կանգնած է նրա դիմած:
Շարժըւում է մութը կարծես ու խաւարով իր աչքերի-
Նայում է նա լուրթ աչքերին խելագարուած ամբոխների:
Ու տագնապով անլռելի, հայեացքներով անթարթ լարուած`
Նայում են մութ հեռուներին ամբոխները խելագարուած:
Լուրթ աչքերով խորը, տխուր-մո՜ւթն են դիտում նրանք անհուն-
Ու դժժում է աղմուկը խուլ գիշերային կայարանում…
XIII.
Հոծ բանակով, հսկայական կայարանի դէմ խռնուած`
Լուրթ աչքերով արեւակամ – դաշտն են դիտում խաւարամած:
Մո՛ւթ է դէմը, ու խաւարում, որ բացուել է, որպէս անդունդ`
Երեւում է հեռո՜ւ – հեռո՜ւն կարմիր լոյսով վառուող մի գունդ:
Աչքերի դէմ մթնակալած, հայեացքների դէմ ակընդէտ –
Հեռու մթում լոյսն այդ վառուած գո՛ւնդ է թւում, կարմիր մի կէտ:
Գիշերի մէջ – կարմի՜ր, կարմի՜ր, տագնապալից վառւում է նա`
Գիշերի մէջ վառել են, որ զօրքը պատրաստ արթուն մնայ:
Անծայրածիր մթում հեռուի կարծես կարմիր գլուխ է շան-
Վառել են այն, որպէս կռուի ու տագնապի ազդանշան:
-Քաղաքն է այն հազարամեայ, ուր տագնապ ու տենդ կայ հիմի
Պահուել է նա, որպէս վախից խելագարուած մի թշնամի,
Ու կրակը այդ կարմրակէզ – ահանշան ու վիթխարի –
Մի արնագոյն կէտ է կարծես ուղեղի մէջ խելագարի:
Բռընկուել է յոյսով յետին, հոգեվարքի տենդով վառուած –
Ու նայում են կարմիր կէտին ամբոխները խելագարուած…
XIV.
Գիշերի դէմ խաւարամած, աչքերն յառած կարմիր կէտին`
Ամբոխները խելագարուած սպասում էին առաւօտին:
Ու վառւում է խաւարակուռ հոգիներում նրանց անգայթ
Կէտը այդ մուգ, որպէս հեռու, հրաբոսոր մի ճառագայթ:
Սուր մխուել է նրանց սրտում, որպէս մի թէժ, կարմիր բեւեռ-
Թոյն է լցնում, ու բորբոքում, ու երազներ աշխարհաւեր…
Աղմկում է նրանց սրտում մորմոքը հին, հազարամեայ-
Տենդ է սփռում ու խլրտում նրանց անգայթ սրտում հիմա:
Լուրթ աչքերում փայլում է վառ արիւնամած մի ցանկութիւն-
Ու աչքերը միլիոնաւոր թո՛յն են թքում, արիւն ու թոյն:
Բարձրանում է նրանց սրտից տարիների մաղձը աղի-
Ու վառւում է լուրթ աչքերում` արիւնալից ու կատաղի:
Ու աչքերը արիւնամած անթարթ յառած կարմիր կէտին`
Ամբոխները խելագարւած սպասում էին առաւօտին:
XV.
…Գիշերի՛ դէմ գիշեր է մութ խաւարամած նրանգ հոգին,
Որ կարօտով մի կրակոտ սպասում է առաւօտին:
Խաւար է մեծ սիրտը նոցա, բայց խաւարում անծայրածիր-
Երկինքնե՜ր կան կապուտաչեայ, հորիզոննե՜ր` անծա՛յր, անծի՜ր:
Ու աչքերում նրանց կապոյտ, ուր իջել է գիշերը մութ-
Հազա՜ր բողբոջ կայ կրակոտ, ու արշալոյս, ու առաւօտ:
Նրանց ձգուած մկաներում ո՛յժն է նստել խոնաւ հողի-
Եթէ ուզեն` արեւներին նոր տե՛մպ կը տան ու նոր ուղի…
Եթէ ուզեն` արեգակնե՜ր կը շպրտեն երկինքն ի վեր.
Եթէ ուզեն` վա՛ր կը բերեն երկինքներից արեգակներ…
Եթէ ուզեն` կամքով արի ու աշխարհի հրով վառուած…
Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարուած…

XVI.
Ու հոսում է գիշերը մութ, մօտենում է առաւոտին:
Հոսում է պաղ ու անօգուտ սպասումի ժամը յետին:
Դաշտից ահա սուրում է զով, մարմանդ քամին առաւոտի-
Ու վառւոմ է վերջին լոյսով կրակը այն կարմիր կէտի:
Նօսրանում է խաւարն ահա, գունատւում է հետզհետէ-
Ճեղքում է մութն արեւելքում հսկայական, հրէ մի թեւ:
Ու սուրում է հեռուներից առաւօտուայ կիսամթում-
Մարմա՜նդ, մարմա՜նդ, բուրումնալից, գարնանային մի թարմութիւն:
Շարժըւում է խաւարը թէն ու հեռեւում խաւարամած
Երեւում է քաղաքն արդէն` մութ, անորոշ մի զանգըւած:
Յաղթ շէնքերի պատերը յաղթ որոշւում են հետզհետէ,
Երեւում են ահա հպարտ ծխնելոյզները երկաթէ…
Ու բորբ սրտում ամբոխների թո՛ւնդ է առնում կարօտը վառ,
Երկինքներում լուրթ աչքերի վառւում է տենդը հոգեվար…
Բո՛րբ աչքերով նայում են մեծ, խաւարակուռ զանգըւածին-
Ու վառւում է սիրտը նրանց, որպէս հրդեհ արեգնածին…
-Պիտի երթան առա՜ջ հիմա, պիտի առնեն քաղաքը մեծ,
Պիտի թափե՜ն նրա վրայ հազարամեայ մաղձը իրենց:
Քանդե՜ն պիտի ու աւերեն, տեղը փոշի՜ պիտի փռեն-
Հազարամեայ քաղաքը այդ քանդե՜ն պիտի ու աւերեն:
Այրե՜ն պիտի, խելագարուած պիտի պարե՜ն հրդեհներում,
Ու կարմրավառ կրակ ու կայծ պիտի փռեն երկրի հեռուն:
Ու մնացած մոխիրը ձիգ պիտի այրե՜ն նրանք նորից,
Որ կեանքը հին, որպէս փիւնիկ, չբարձրանա՜յ մոխիրներից…
Քամո՜ւն տալով մոխիրը այն, որ տանի ու ետ չբերի
Դէպի հեռո՜ւն պիտի երթան դեռ չծնուած արեւների…
XVII.
…Լուսաբացին, երբ կարմրածուփ հորիզոնում հրաշուշան
Կարմիր վառուեց արեւը բորբ, որպէս կռուի ազդանշան,
Երբ բռնկուեց արեւելքում արեւը` նոր լոյսով վառուած-
Դո՜ւրս նետուեցին կայարանից ամբոխները խելագարուած…
Դէմը դաշտն էր անծայրածիր, ուր մշուշ էր արեւագոյն,
Ու մշուշում շոգիացող, առաւօտի մարմանդ միգում,
Կրկէսի պէս մի վիթխարի, խայտաբղէտ, խայտանկար-
Եզերքի մօտ ճանապարհի երեւում էր քաղաքը քար…
Աչքերն յառած հեռո՛ւ-հեռո՜ւն կարմիր վառուող արեգակին`
Արեւավառ հեռուներում նրանք կռւում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառուած`
Դէպի Արե՛ւն էին գնում ամբոխները խելագարուած…

Եղիշե ՉԱՐԵՆՑ

Հետևեք մեզ նաև Telegram-ում