Արամ Շահբազյանը հացադուլ չի անի

Արամ Շահբազյանը հացադուլ չի անի

Ռեժիսոր Արամ Շահբազյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտարարել էր հացադուլ սկսելու մասին, ու պատճառն էլ 10 տարուց ավելի ձգձգվող ու երեք նախարարն փոխած «Չնչիկ» ֆիլմի ֆինանսավորումն էր: Օգոստոսի 22-ի առավոտյան նա իսկապես հացադուլի էր նստել մշակույթի նախարարության մուտքի մոտ` «Ով գողացավ «Չնչիկը», «Մաքրեք արվեստը բյուրոկրատիայից», «Անժամկետ հացադուլ» մակագրությամբ պաստառներով: «Չնչիկը» 4 երկրի` Հայաստան, Շվեյցարիա, Հոլանդիա եւ Գերմանիա, համարտադրություն է: 2003-2006 թթ ֆիլմի նախագիծը շահել էր 75000 դոլար եւ 110000 եվրո դրամաշնորհ եւ դիմել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆիլմարտադրության աջակցության ծրագրին: Պրոդյուսերներն են Արա Մնացականյանն ու Մելիք Կարապետյանը:

Ֆիլմի հետարտադրական աշխատանքներն անավարտ են մնացել ու չնայած անավարտ վիճակին, Կինոկենտրոնն այն ընդունել է իր հաշվեկշռում, եւ Արամ Շահբազյանի հավաստմամբ, «լուծել» փաստաթղթավորման հարցերը: 

Երկար չարչրկումներից հետո նախարար Հասմիկ Պողոսյանը որոշում էր կայացրել հավելյալ ֆինանսավորում տրամադրել «Չնչիկին»` հետարտադրական աշխատանքներն ավարտին հասցնելու համար, ըստ այդմ` կինոկենտրոնի կողմից 3382500 դրամ գումար է փոխանցվել «Մոսֆիլմ» ` ֆիլմի ժապավենները թվայնացնելու եւ Հայաստան տեղափոխելու համար: 2017-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի խորհրդի կողմից եւս մեկ անգամ քննարկվել է ֆիլմի որակը եւ դարձյալ որոշում կայացվել ֆիլմի հետարտադրական ծախսերը հոգալու եւ այն ավարտին հասցնելու մասին:

Արամ Շահբազյանը պատմեց նաեւ ֆիլմի ժապավենների կորելու, «Գոսֆիլմֆոնդի» արխիվում հայտնված լինելու ոդիսականի մասին. «Բարեբախտաբար դրանք գտանք, բայց կարող էին հայտնվել ցանկացած աղբամանում»:

Մշակույթի հաջորդ նախարար Արմեն Ամիրյանը եւս պաշտոնապես հանդես էր եկել հայտարարությամբ, որ 2018-ին «Չնչիկը» կավարտվի, նաեւ հավաստիացրել էր, որ ֆիլմի ֆինանսավորման հարցերը տեխնիկական են:

Արամ Շահբազյանն ասում է, որ 2018-ի ապրիլին կինոկենտրոն են ներկայացվել հավելյալ փաստաթղթեր միջազգային դեբյուտորական կազմակերպությունների կողմից, որոնք փաստում են ֆիլմի միջազգային տարածման պոտենցիալը եւ միջազգային տեխնիկական չափանիշներին համապատասխան լինելու անհրաժեշտությունը: Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո «Չնչիկի» ճակատագիրը կրկին առկախ է մնացել: 

Արամ Շահբազյանը այս տարվա հուլիսի 27-ին պաշտոնական նամակով դիմել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` պարզաբանելու իրավիճակը, սակայն այդպես էլ պատասխան չէր ստացել:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Արամ Շահբազյանին խնդրեց վերեւ բարձրանալ եւ քննարկել խնդիրը, նաեւ ասաց, որ տեղյակ չէ ռեժիսորի` իրեն ուղղված նամակից:

Ավելի ուշ նախարարը հայտնեց. «Այն հանձնաժողովը, որը ձեւավորել է կինոկենտրոնը եւ այն սկզբունքը, որը որդեգրել է մշակույթի նախարարությունը, հետեւյալն է` ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա թափանցիկ եւ ոչ միանձնյա որոշմամբ: Երբ կինոկենտրոնը ստեղծել է հանձնաժողովը, որեւէ մեկը, անգամ նախարարը չի կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի որոշման վրա»:

Լիլիթ Մակունցը միաժամանակ հավելեց. «Եթե որեւէ մեկը ստանում է մերժում, պետք է իմանա, թե ինչի համար է մերժվել իր ֆիլմին աջակցություն տրամադրելը: Հիմա ի՞նչ է տեղի ունենալու, մասնավորապես, «Չնչիկի» հետ կապված: Այն ընդհանրապես հանձնաժողովի քննության մեջ չպետք է լիներ, եւ կինոկենտրոնն արդեն իսկ խոստացել էր, որ ֆիլմը նկարահանվելու է, ու գումար է տրվելու հետարտադրական աշխատանքների համար, ընդ որում, դա եղել է որոշում եւ ոչ թե բանավոր պայմանավորվածություն, ուստի անհասկանալի է, թե ինչու է այն հայտնվել հանձնաժողովի քննարկմանը: Ես կհանդիպեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ եւ կստանամ այդ մասին պարզաբանում: Մենք նաեւ որոշեցինք հանձնաժողովի հետ նիստ հրավիրել` ոչ թե որեւէ կերպ որոշման վրա ազդեցություն ունենալու նպատակով, այլ վստահ լինելու համար, որ այն գործողությունները, որոնք իրականացնում է հանձնաժողովը, թափանցիկ են, թեեւ ես որեւէ մեկի ազնվությանը չեմ կասկածում: Պետք է նաեւ հրապարակվեն այն բոլոր հայտերը, որոնք ներկայացվել են հանձնաժողովի դատին»:

Մշակույթի նախարարը հավաստիացրեց, որ հարցին լուծում կտրվի, իսկ Արամ Շահբազյանը կդադարեցնի հացադուլը: «Որեւէ մեկս հակառակ բեւեռում չենք, մենք կոչված ենք լուծելու այն խնդիրները, որոնք տասնյակ տարիներ չեն լուծվել», – հավելեց նա:

Արամ Շահբազյանն ասաց, որ նախարարության պատասխանն իրեն գոհացնում է. «Կարողացա մանրակրկիտ պատմել, թե ինչ խնդիր կա, ու վստահ եմ, որ գործընթացը թափանցիկ ձեւով է իրականացվելու… Նախարարը դեռ ուզում է պարզաբանել, թե ինչու է այս փաթեթը հայտնվել հանձնաժողովի առաջ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում