Սարյանի՝ զարմանալի պատմություն ունեցող կտավն առաջին անգամ ցուցադրվելու է Հայաստանում

Սարյանի՝ զարմանալի պատմություն ունեցող կտավն առաջին անգամ ցուցադրվելու է Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում՝ Մ. Սարյանի տուն թանգարանում բացվող «Սարյանը և Ֆրանսիան» ցուցահանդեսում կներկայացվի Վարպետի փարիզյան շրջանի (1926-1928) «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927թ.) նկարը։ Սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը կայանալիք ցուցահանդեսը նվիրված է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։

Panorama.am-ը հետաքրքրվեց Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանից, թե ի՞նչ կտավ է, ինչո՞ւ է առաջին անգամ ցուցադրվում, արդյո՞ք մինչ այս նկարը Հայաստանում չի եղել։

Ռ. Սարյանն ասաց, որ Վարպետի՝ փարիզյան շրջանի 37 նկար Փարզից տունդարձի ճանապարահին այրվել են նավի վրա հրդեհի ժամանակ, իսկ «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» նկարը, ի թիվս այլ 5 նկարի, Սարյանը ի պահ էր տվել Ֆրանսիայում իր բարեկամ Աննա Բուդաղյանին այն պայմանով, որ վաճառի և այդ գումարով իրեն ուղարկի ներկեր, կտավներ, վրձիններ, քանի որ Խորհրդային միությունում այդ ամենը դժվար էր գտնվում, լավ որակի չէր։

Սակայն տարբեր կատալոգներում նշվել է, որ «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը նույնպես այրվել է։ Սարյանի փարիզյան նկարների գերակշռող մասը լուսանկարված էր Փարիզում, գոյություն ունեն սև ու սպիտակ լուսանկարներով։ Այս նկարը սև ու սպիտակ տարբերակով ևս հայտնի էր։

«Կտավի մասին առաջին հիշատակումը մենք գտնում են Ռուբեն Դրամփյանի 1960 թվականի կատալոգի մեջ, որտեղ Սարյանի խոսքերի հիման վրա Դրամփյանը գրել է՝ այդ նկարը գտնվում է Փարիզում Տիգրան-խան Քելեկյանի հավաքածուում։ Արդեն հասկանալի էր, որ այդ նկարը չէր կարող այրված համարվել»,- նշեց Ռ. Սարյանը՝ ներկայացնելով պատմությունը, թե ինչպես է այն հայտնվել Տիգրան-խան Քելեկյանի հավաքածուում։

«2002 թվականին Սարյանի նամականու առաջին հատորը հրապարակեցի, որտեղ զետեղել եմ Սարյանի նամակը ուղղված հասարակական գործիչ, գրականագետ, թարգմանիչ Արշակ Չոպանյանին։ Հասկանալի է, որ պատասխանն էր Չոպանյանի նամակին։ Չոպանյանը գրել էր, որ Տիգրան-խան Քելեկյանը հետաքրքրվում է ձեր փարիզյան նկարներով, ուզում է գնել։ Սարյանն ուղղորդում է նրան՝ խնդրում եմ դիմել Աննա Բուդաղյանին, ում տվել եմ ի պահ նկարներս։ Գրում է այս և մեկ այլ նկարի անուն, ասում, որ իր ուժեղ գործերից է։ Այսինքն հենց Սարյանի կողմից է գնահատվել այս նկարը որպես փարիզյան շրջանի իր ուժեղ գործերից։

Այդպես էլ եղավ, Սարյանի փարիզյան շրջանի երեք աշխատանք հանգրվանում է Տիգրան-խան Քելեկյանի հավաքածուում»,- պատմում է Ռուզան Սարյանը։

Իսկ ով էր Տիգրան-խան Քելեկյանը։ Ռ. Սարյանն ասաց, որ հետաքրքիր անձնավորություն էր, արվեստասեր, բարեգործություն էր անում, ֆինանսական օգնություն էր ցուցաբերել Բրաքին, Պիկասոյին, երբ նոր էին սկսում իրենց կարիերան։

1951 թվականին Տիգրան-խան Քելեկյանի մահից հետո նրա մոտ գտնվող Սարյանի նկարները տարբեր հավաքածուներում են հայտնվում։ Սարյանի տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ մինչև 2011 թվականը որևէ տեղեկություն չունեինք «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավի մասին։

Ռ. Սարյանին հաճախ են ուղարկում Սարյանի կտավներից լուսանկարներ, որպեսզի իր կարծիքը հայտնի՝ բնօրինակն է, թե կեղծ։

«Ավելի շատ է հուսահատությունը, քանի որ կեղծիքները շատ են։ Զարմանում ես, թե ինչքան շատ մարդիկ են զբաղվում արվեստի գործերի զեղծարարությամբ, իհարկե, նաև Սարյանի գործերի։ Այս անգամ, երբ բացեցի նամակը, հանկարծ տեսնում եմ այն նկարը, որի մասին գիտեի սև ու սպիտակ լուսանկարից։ Գույների մեջ տեսնում եմ հրաշալի սարյանական գույներ, հրճվանքից ու ուրախությունից չգիտեի՝ ինչ անել։Նամակ ուղարկողը Նոր Զելանդիայից էր, հետաքրքրվում էր՝ ինչ գումար ենք պատրաստ վճարել նկարի համար։Այդ նկարը չկարողացանք գնել։ Այն վաճառվեց աճուրդում։ Մեր հայերից ոչ ոք մոտ չգանց այդ նկարին, չհետաքրքրվեցին, չնայած թերթերի միջոցով դիմել էի։ Ինձ ուղղակի ասվեց, որ մեզ չի հետաքրքրում և վերջ։ Նկարը գնեց մոսկվայաբնակ արվեստի գործեր հավաքող, ազգությամբ ոչ հայ։ Կտավը գնաց Մոսկվա։ Այնուհետև կրկին աճուրդում է հայտնվում։ Կրկին դիմեցի մեր հայրենակիցներին, ովքեր ի վիճակի էին գնել, գոնե կմնար հայկական օջախում։ Ոչ ոք չարձագանքեց։ Հուսահատ վիճակում էի։ Բայց մեր բախտը բերեց, գնեց մոսկվայաբնակ արվեստի գործեր հավաքող Արթուր Դանիելյանը»,- պատմեց Ռուզան Սարյանը։

Նա խնդրել է Արթուր Դանիելյանին, որ բերի կտավը Հայաստան՝ ցուցադրության։

«Այս ցուցահանդեսը դրանով պետք է արժևորվի։ Իսկապես, մեծ իրադարձություն է մեզ համար։ Ինձ թվում է՝ մեծ հետաքրքրություն առաջ կբերի, շատերը կցանկանան իրենց աչքերով տեսնել այդպիսի հետաքրքիր ու զարմանալի պատմություն ունեցող այդ նկարը»,- ասաց Ռուզան Սարյանը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում