Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն

Օգոստոսի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար «Հոգևոր հովվի և համայնքի միջանձնային փոխհարաբերությունների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Տիրայր աբեղա Հակոբյանը, ով ներկայում ուսանում է Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում:

Պաշտպանությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջունեց հանձնաժողովի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազան Հայրն ընդգծեց նյութի եզակիությունը և կարևորությունը Եկեղեցի-հասարակություն, հովիվ-համայնք փոխհարաբերությունների տեսանկյունից:

Թեզի գրախոսությամբ ելույթ ունեցավ h. գ. դ. Կամո Վարդանյանը, որից հետո Հայր Տիրայրը ներկայացրեց իր վարդապետական թեզը, պարզաբանումներ տվեց ներկայացված դիտարկումների առնչությամբ:

Հավարտ բանավոր պաշտպանության, քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց թեզի վերաբերյալ և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Տիրայր աբեղա Հակոբյանին շնորհելու մասնավոր վարդապետության աստիճան:

Առաջիկա օրերին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի մասնավոր վարդապետական աստիճանի տվչության արարողությունը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում