Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նախարարին

Օգոստոսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:

Շնորհավորելով նախարարին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետը բերեց նրան արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախարարին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին, հավատարիմ իր դարավոր առաքելությանը, շարունակում է իր կարևոր ավանդը բերել ազգի երիտասարդության կրթության և հոգևոր դաստիարակության սրբազան գործում: Այս իմաստով Նորին Սրբությունը կարևորեց Մայր Աթոռի կառույցների և ՀՀ պետական պատկան մարմինների միջև ձևավորված արդյունավետ գործակցությունը:

Վեհափառ Հայրապետը մասնավորապես անդրադարձ կատարեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող երեք հոգևոր կրթական հաստատությունների և հանրակրթական դպրոցների գործունեությանը, ինչպես նաև խոսեց Հայաստանի տարբեր քաղաքներում հիմնադրված տասը հայորդյաց տներում մանուկների և պատանիների կրթության և օգտաշատ այլ ծրագրերի մասին:

Գարեգին Բ Հայրապետը տիար Արայիկ Հարությունյանին տեղեկություններ փոխանցեց նաև կրթության ոլորտում Մայր Աթոռի կողմից իրականացվելիք ապագա ծրագրերի մասին` հաստատելով, որ պիտի շարունակվի Հայրապետական կրթաթոշակի բաշխումն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, ինչպես նաև «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը:

Իր հերթին ՀՀ Կրթության և գիտության նախարարը մեծապես կարևորեց այս հանդիպումը` ընդգծելով Հայոց Եկեղեցու նշանակությունը հայ ժողովրդի պատմության ընթացքում և Հայաստանի անկախության տարիներին: Պրն. Արայիկ Հարությունյանն անդրադարձ կատարեց կրթության ոլորտում առկա խնդիրներին և մարտահրավերներին, խոսեց նախաձեռնվելիք բարեփոխումների մասին:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Սփյուռքի դպրոցներում մայրենի լեզվի ուսուցման կազմակերպման և Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմության» առարկայի դասավանդման ընթացքի մասին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում