Գիրքը պետք է անպայման ունենա մակագրություն՝ «Բանտում գտնվող մեր քաղաքացուն»

Գիրքը պետք է անպայման ունենա մակագրություն՝ «Բանտում գտնվող մեր քաղաքացուն»

2018 թվականի մարտից «Հայ գիրք» գրախանութը և «Անտարես» հրատարակչությունը հանդես եկան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նախաձեռնությամբ: «Նվիրիր գիրք բանտերի գրադարաններին» ակցիայի նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, անկախ ազատության սահմանափակումից, ստանան կրթվելու և տեղեկացված լինելու առավել լայն հնարավորություն: Հատկանշականն այն է, որ նվիրաբերվող գիրքը պետք է անպայման ունենա մակագրություն՝ «Բանտում գտնվող մեր քաղաքացուն»:

Oգոստոսի 30-ին Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ակումբում հանդիպեցին կին դատապարտյալներին: «Անտարես» հրատարակչությունը ակցիայի շրջանակներում 400 գիրք նվիրեց հիմնարկի գրադարանին:

Հ. Քոչինյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին և նվիրատուներին՝ նշելով, որ չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը՝ ընթերցումը միշտ էլ ցանկալի է, և ներկաներին խորհուրդ տվեց հնարավորինս շատ կարդալ, քանի որ ինքնազարգացման կարևոր հենքը ընթերցանությունն է:

Կին դատապարտյալները ևս շնորհակալություն հայտնեցին նախաձեռնության համար: Հանդիպումն ավարտվեց կին դատապարտյալի ասմունքով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում