Ի՞նչ է նշանակում խորհուրդ․ Յոթ խորհուրդների մասին

Ի՞նչ է նշանակում խորհուրդ․ Յոթ խորհուրդների մասին

Հավատքով ընկալված աստվածային անտեսանելի շնորհների ստացման տեսանելի նշաններ՝ արտահայտված արտաքին ծեսի, աստվածապաշտական արարողությունների միջոցով: Խորհուրդներով, ինչպես և մյուս ծեսերով ու արարողություններով, եկեղեցին իրագործում է իր փրկագործական առաքելությունը. անհատը դառնում է եկեղեցու

իսկական և միակից անդամ և հաղորդակցվում Հիսուս Քրիստոսի հետ:
Աստվածաբանական ձևակերպմամբ՝ խորհուրդները եկեղեցական այն արարողություններն են, որոնց միջոցով հավատացյալն ընդունում է Սուրբ Հոգու շնորհները, տեսանելի գործողությունների, խոսքերի և անձերի (խորհուրդների մատակարարում) միջոցով հարաբերության մեջ մտնում գաղտնի ու անտեսանելի երևույթների, հոգևոր ուժերի և կարողությունների հետ:

Առաջին անգամ խորհուրդ բառի իմաստը ներկայիս ըմբռնմամբ ձևակերպել է IV–V դդ. աստվածաբան Օգոստինոս Երանելին՝ որպես «տեսանելի նշան անտեսանելի շնորհքի»: Նոր կտակարանում խորհուրդ բառը հիշվում է իր նախնական իմաստով և նշանակում է ծածկված, վարագուրված, գաղտնիք: Պողոս առաքյալը խորհուրդ բառը գործածել է անցյալում անծանոթ մնացած ու հետո Ավետարանով հայտնված ճշմարտությունը ցույց տալու (Կողոս. 1.26–27), երբեմն էլ՝ երևույթի թաքուն իմաստը մատնանշելու համար. «Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ» (Եփես. 5.32): Պողոս առաքյալն այս իմաստով է հաճախ գործածել խորհուրդ բառը, երբ ասել է՝ «Ավետարանի խորհուրդը», «Քրիստոսի խաչի խորհուրդը», «Քրիստոսի խորհուրդը», «մարդեղության խորհուրդը» և այլն:

Աստվածաշնչում գործածված խորհուրդ բառը երբեք չի համապատասխանել իր այսօրվա նշանակությանը: Եկեղեցու ս. հայրերի տնօրինությամբ խորհուրդը քրիստոնեական մասնավոր նշանակություն է ստացել՝ ցույց տալով քրիստոնեական արարողությունների արտաքին ձևի մեջ թաքնված միտքը և խորհրդավոր ներգործությունը, որոնց միջոցով հավատացյալ քրիստոնյան ընդունում է աստվածային շնորհներ: Հայ եկեղեցին [ինչպես և Կաթոլիկ և Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիները] ունի յոթ խորհուրդ. Մկրտություն, Դրոշմ, Ապաշխարություն, Հաղորդություն, Պսակ և Ամուսնություն, Ձեռնադրություն, Կարգ հիվանդաց և վերջին օծում: Անգլիկան եկեղեցին ևս ընդունում է այս յոթ խորհուրդները, բայց տարբերվում է իր մեկնաբանություններով: Բողոքական եկեղեցիների մեծ մասը միայն երկու խորհուրդ է ընդունում (Մկրտությունը և Հաղորդությունը), մյուսները՝ երեք (նաև Ձեռնադրությունը):

Յուրաքանչյուր խորհուրդ ունի իր առանձին, էական նշանակությունը և ներքին բովանդակությունը: Մկրտությունը հավատքի խորհուրդն է, Դրոշմը՝ հույսի, Հաղորդությունը՝ սիրո և խաղաղության, Ապաշխարությունը՝ արդարության և մաքրության, Ձեռնադրությունը՝ հոգևոր կոչումի, շնորհի ու իմաստության ստացման, Պսակը՝ ողջախոհության և մաքուր կյանքի, Վերջին օծումը՝ հավիտենական կյանքի ժառանգության և հոգու փրկության: Անմիջականորեն Հիսուս Քրիստոսի հաստատած խորհուրդները երկուսն են՝ Մկրտությունը և Հաղորդությունը, իսկ մնացած հինգը, ունենալով սուրբգրային հիմք, միջին դարերից եկող ավանդության և եկեղեցու զարգացման արդյունք են: Դրանց վերջնական ձևավորումը վերագրվում է XII դ. եկեղեց. հայրերին: Այդ դարից սկսած Հայ եկեղեցին ևս որդեգրել է յոթխորհուրդները:

Խորհուրդների բովանդակության վերաբերյալ ժամանակին մեկնաբանություններ են շարադրել Խոսրով Անձևացին, Ներսես Լամբրոնացին, Մովսես Երզնկացին, Հովհաննես Արճիշեցի Ոսպնակերը (XIII–XIV դդ.): Հայերեն Խ-Պ. առաջին անգամ տպագրել է Հակոբ Մեղապարտը, 1513-ին, Վենետիկում:

Աղբնուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում