Նոր շունչ ստացած երկու օպերաներ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Նոր շունչ ստացած երկու օպերաներ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը շուրջ 15 տարի յուրաքանչյուր ուրբաթ հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ ոչ միայն դասական երաժշտության երեկոների, բացառապես նոր ծրագրով՝ նաեւ հյուրախաղորդ երաժիշտների մասնակցությամբ, այլեւ համերգաշրջանում մեկ անգամ ներկայանում է օպերաների համերգային կատարումներով, բեմականացումներով, նույնիսկ բեմադրություններով: Չխախտելով իր որդեգրած քաղաքականությունը, օպերասեր Էդուարդ Թոփչյանը օրերս ներկայացրեց Պուչինիի «Թիկնոցը» եւ Լեոնկավալոյի «Պայացներ» մեկ գործողությամբ օպերաները: Ի դեպ, «Թիկնոցը» կոմպոզիտորի երկու՝ «Քույր Անժելիկա» եւ «Ջաննի Սկիկկի» օպերաների հետ ի սկզբանե նախատեսված է եղել մեկ երեկոյի ընթացքում ներկայացնելու համար: Հայաստանում դա առաջինը 2010թ. իրականացրեց Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան (ռեժիսոր՝ Հովհաննես Հովհաննիսյան, դիրիժոր՝ Հովհաննես Միրզոյան):

Օպերաների ներկայացման հարցում Թոփչյանը հիմնականում համագործակցում է ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի հետ: Նրանց առաջին համատեղ աշխատանքը 2006-ին էր՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը», որը ներկայացվեց նաեւ Ազգային օպերային թատրոնում: Դրան հաջորդեց Վերդիի «Ռիգոլետտոյի» բեմադրությունը՝ դարձյալ օպերային թատրոնում, հետո Պուչինիի «Բոհեմը», ապա «Պայացները»: Հիշյալ ներկայացումներին դիրիժորն ու ռեժիսորը անդրադարձել են երկու, նույնիսկ երեք անգամ: Այս հարցի պատասխանն «Առավոտի» հետ զրույցում Սուքիաս Թորոսյանը պարզաբանեց հետեւյալ կերպ. «Յուրաքանչյուր անգամ օպերաները ներկայացրել ենք նորովի: Այս անգամ «Թիկնոցի» ու «Պայացների» ընթերցումը՝ իբրեւ ռեժիսորի, ես նույնպես դժվարանում եմ ասել՝ դրանք բեմադրություն են, բեմականացում, թե՞…»: Մենք դրանք կանվանեինք պարզ՝ օպերաներ համերգային դահլիճում:

Մի դիտարկում. ֆիլհարմոնիկի ներկայացրած օպերաներում «զգուշորեն» են ընտրվում մեներգիչները, հաճախ էլ հրավիրվում արտասահմանից: Այս անգամ ներգրավված էին մեզ հայտնի անուններ՝ «Թիկնոցում» սոպրանոներ Մարինե Դեինյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը, բարիտոն Դավիթ Բաբայանցը, տենորներ Հովհաննես Անդրեասյանը, Պերճ Քարազյանը, Հայկ Թոնգուրյանը, Արտակ Մելքոնյանը, բաս Հովհաննես Ներսեսյանը, իսկ «Պայացներում» դարձյալ հանդես եկավ Պերճ Քարազյանը՝ արտասահմանցի գործընկերների ընկերակցությամբ՝ տենոր Արսեն Սողոմոնյանի (Ռուսաստան), սոպրանո Աննա Կասյանի (Ֆրանսիա), բարիտոն Ջանպիերո Ռուջերիի (Իտալիա) եւ բարիտոն Ազամատ Ժելտիգրուզովի (Ղազախստան): Արդեն ավանդույթ է դարձել ֆիլհարմոնիկի կողմից օպերաների ներկայացմանը հանդիպել Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած բարձրարվեստ «Հովեր» պետական կամերային եւ Երեւանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերին (խմբավար՝ Էմմա Առաքելյան): Նշյալ երգիչներից միայն Աննա Կասյանն էր առաջին անգամ ներկայանում Երեւանում, որին ներկայացրել ենք «Առավոտի» օգոստոսի 29-ի համարում:

Դասական երաժշտության պրոֆեսիոնալ հանդիսատես հարկավոր չէ լինել հասկանալու մեներգիչների առջեւ դրված բարդ խնդիրը: Ի տարբերություն օպերային թատրոնի, համերգային բեմը, որտեղ նվագախումբն է, քիչ տարածք է մնում երգիչների խաղի համար: Այս անգամ եւս նրանք փայլեցին ոչ միայն վոկալով, այլեւ արտիստիզմով:

Երկու օպերաներում էլ մեներգիչների խաղն այնքան բարձրակարգ էր, որ բացարձակ չէր զգացվում բեմի՝ իրենց տրամադրված նեղ տարածքը: Ակնհայտ էին Թոփչյանի բարձրարվեստ մեկնաբանությունն ու նվագախմբի կատարողական որակը: Դիրիժորը մեզ հայտնեց, որ իրենց հաջորդ օպերային բեմելը կկայանա Ազգային օպերային թատրոնում, հոկտեմբերի 25-ին՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» ներկայացումով, դարձյալ Սուքիաս Թորոսյանի ռեժիսուրայով: Բեմադրիչն ասաց, որ դա մինչ օրս չտեսնված գործ է լինելու, մանրամասնելով, որ մեներգիչների մարմնին ամրացված են լինելու հաղորդակցման սարքեր, որոնց միջոցով նրանց շարժումները փոխանցվելու են բեմում առկա ճապոնական գրաֆիկական պատկերներին: Գլխավոր դերերգով հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Լիանա Հարությունյանը:

Իմիջիայլոց, նշենք, որ Սուքիաս Թորոսյանը արտասահմանում ներկայացել է նաեւ բալետային ներկայացումներով, մասնավորապես Բեյրութում Մոցարտի Ռեքվիեմով (1998թ.) եւ Սոֆիայում (1999թ.)՝ բուլղարական ժողովրդական երաժշտության հիման վրա կառուցված բեմադրությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Սուքիաս Թորոսյանն ու Էդուարդ Թոփչյանը գոհ են իրենց աշխատանքից:

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում