Կերպարվեստի ոլորտում մեր պետական քաղաքականությունն ընդհանրապես հասկանալի չէ. ՀՀ վաստակավոր նկարիչ

Կերպարվեստի ոլորտում մեր պետական քաղաքականությունն ընդհանրապես հասկանալի չէ. ՀՀ վաստակավոր նկարիչ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը նկարիչները դժգոհել են հետխորհրդային Հայաստանում նկարիչների հանդեպ պետության անտարբեր վերաբերմունքից։

«Կերպարվեստի ոլորտում մեր պետական քաղաքականությունն ընդհանրապես հասկանալի չէ: Ժամանակակից հայ կերպարվեստը դրսում անհայտ է», – մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանն ասել է ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը։

Նա նշել է, որ նախկինում արտերկրում գիտեին՝ սովետական կերպարվեստ, սովետական նկարիչ, շատերն անգամ տեղյակ չէին, որ ոլորտի առաջատարները հայ նկարիչներն են:

«Մենք հպարտանում ենք Ազգային պատկերասարհում ու մյուս թանգարաններում նախկինում կուտակած մեր գանձերով, բայց ի՞նչ ենք ներկայացնելու հետո, այսօր ստեղծվող արվեստի մասին: Ինչու՞ այսօր չլուծել այս հարցերը, չլրացնել բացը»,  – ասել է նա:

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ասել է, որ այսօր չափազանց կարևորում են ոչ միայն անցյալը՝ մեր մշակութային ժառանգությունը, այլև ներկան ու վաղվա օրը, մեծ ուշադրություն են դարձնում ժամանակակից արվեստին»։ Նա նշել է, որ առայժմ կխուսափի «գաղտնազերծել» այս ուղղոթյամբ արդեն նախանշված ծրագրերը:

«Աշխարհի հայ նկարիչների միության» նախագահ Ղազար Միրզոյանը մի քանի առաջարկններ է արել. այն է՝ նկարիչների միությանն անդամակցության տարիները համարել աշխատանքային ստաժ, ստեղծագործողին ազատել հարկային բեռից, վերանայել արվեստանոցների վարձավճարների հարկման քաղաքականությունը: Նախարար Մակունցն առաջարկել է ներկայացնել ամբողջական փաթեթ՝ առաջարկներով ու դրանց վերաբերյալ համոզիչ հիմնավորումներով։

«Մշակույթի ոլորտում, այդ թվում՝ կերպարվեստի, օրենսդրական լուրջ կարգավորումների խնդիր կա», – մշակույթի նախարարի վերջնական եզրահանգումն է եղել նկարիչների հետ առաջին հանդիպումից հետո:

Նկարիչների հետ հանդիպումների շարքը կշարունակվի։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում