Պատանի հանդիսատեսի թատրոնի 89-րդ թատերաշրջանը կբացի ուրարտական առասպելը

Պատանի հանդիսատեսի թատրոնի 89-րդ թատերաշրջանը կբացի ուրարտական առասպելը

Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի 89-րդ թատերաշրջանն այս տարի կբացվի հոկտեմբերի 1-ին կայանալիք ամերիկաբնակ մեր հայրենակից Մարիամ Մանուկյանի (Էմմա Րաֆֆի) «Իուարշայի սուրը» ներկայացումով։ ՊՀԹ մամուլի ծառայության հաղորդմամբ, այս մասին ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ, «Իուարշայի սուրը» պիեսը ուրարտական առասպել է, որտեղ տեղ են գտել պատմական անցյալի որոշ դրվագներ:

Դ. Հարությունյանի խոսքով, ներկայացումը կարող են դիտել և՛ երիտասարդները, և՛ ավագ սերնդի ներկայացուցիչները:

«Կարող եմ փաստել, որ պատրաստակամությամբ ու գիտակցումով ենք ստանձնել քաղաքապետարանի կողմից թատրոնին արված այս հրաշալի առաջարկը, որովհետև «Իուարշայի սուրը» նվիրվելու է մայրաքաղաքի հոբելյանին: Մեր թատրոնի դերասաններին հաջողվել է ստեղծել կենդանի, գունեղ ու դրամատիզմով հագեցած կերպարներ»,- ասել է նա՝ հավելելով, ոչ յուրատեսակ լուծումներ է առաջարկել ներկայացման բեմադրող նկարիչ ՀՀ վաստ. նկարիչ Կարեն Գրիգորյանը (Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչ): Ներկայացման երաժշտության հեղինակը Վահե Գրիգորյանն է (Երևանի պետական կամերային թատրոն):

Գեղարվեստական ղեկավարը նշել է, որ այս թատերաշրջանում ևս պատրաստվում են մի շարք նոր ներկայացումների պրեմիերաներ: Ներկայացումներ կլինեն նաև երեկոյան ժամերին։

«Այժմ թատրոնում նոր ներկայացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Գասպարյանի բեմադրությամբ բեմ կբարձրանա «Մատնաչափիկը» հեքիաթը: Եժի Յուրանդոտի «Իններորդ բարեպաշտը» (բեմ.`Դավիթ Հարությունյան) պիեսի բեմադրական աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են: Ընթացքում է նաև Ջոն Օսբորնի հայտնի «Ետ նայիր զայրացած» պիեսի արտահերթ բեմարդությունը, որի բեմադրիչը Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Իշխան Ղարիբյանն է»,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա հայտնել է, որ ՊՀԹ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի կողմից հեղինակած բեմականացումները (Նար-Դոսի և Ա. Բակունցի պատմվածաշարերի հիման վրա) արդեն իսկ փոխանցվել են հրավիրված երիտասարդ բեմադրիչներին: Հաջորդ տարվա անելիքների մեջ է ներառված նաև Րաֆֆու «Խենթը» դրամայի նոր բեմական տարբերակը (բեմականացման հեղինակ՝ Սուրեն Հարությունյան):

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում