Ու եթե հարցնես կատակասերին

Ու եթե հարցնես կատակասերին

Ու եթե հարցնես կատակասերին,
Ճարպոտ կժպտա ու կհռհռա,
Թե աքաղաղը
Զուրկ է ձեռքերից լոկ ա՛յն պատճառով,
Որ հավն էլ չունի իրան ու հագուստ:
Իսկ ես (ի՜նչ կատակ)… տնքոցով մի բութ
Ասում եմ, ինչպես պաղատում են գութ.
– Առե՛ք ձեռքերըս, խնդրեմ, կտրեցե՛ք,
Որովհետև ես, ահա՛, տնկած եմ
Պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման,
Եվ որովհետև ես այսուհետև
Կարի՜ք չունեմ իմ այս ձեռքերի,
Եթե նա՛ չկա,
Ում մի ժամանակ «իմս» էի ասում,
Եվ ասում այնպե՛ս,
Որ բուդդայական պպզած գորտերը
Առվի եզերքին
Պլշած աչքերով ինձ էին նայում
Եվ, հավանաբար, ջանք էին անում միտը պահելու
Կարճ, բայց և կրակված այդ բառը («ի՜մըս»)…

Հիմա դու իմն ես, որքան որ իմն է… Մադագասկարը,
Հիմա դու իմն ես,
Որքանով իմն է… Հաբեշստանի արքայադուստրը,
Որովհետև ե՛ս,
Ես ի՜նքս եմ տնկված պարտականության ու սիրո միջև՝
Ուղեփակոցի գերանի նման…
Այսպես չե՜ն սիրում:
Այսպես…մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փետում են հին նավակները ծովախորշերում..․

Պարույր ՍԵՎԱԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում