Անանիա Նարեկացի. Խրատ համբերության և խաղաղության մասին

Անանիա Նարեկացի. Խրատ համբերության և խաղաղության մասին

Երբ մարդն Աստծուց ստանում է իմաստության և երկյուղի շնորհները, նա իր ընկերոջը տրտմելու պատճառ չի տալիս և իր եղբորը սրտմտեցնող խոսք չի ուղղում: Սողոմոնն ասում է./ «Իր խիստ խոսքը զսպողն իմաստուն է» (Առակ. ԺԷ. 27): Արդ, երբ եղբայրդ մեղանչում է քո հանդեպ, դու անցած տրտմությունը դարձյալ մի´ հիշիր, մի´ աղաղակիր և լույս մի´ բեր, որովհետև այն կկենդանանա, այլ համբերիր, եղիր խաղաղ և ներողամիտ, և կտեսնես, թե որքան բարիք կլինի քեզ` կդառնաս խաղաղարար և Աստծո որդի, սերը հաստատուն կլինի, եղբայրը կմնա քեզ բարեկամ և օգնական, միտքդ կհանգստանա: Իսկ եթե անցած տրտմությունը հիշես և բարձրաձայնես, կզրկվես խաղաղարարի վարձից և կմեղանչես Աստծո առաջ, կխախտվի սիրո պատվիրանը և եղբորդ քեզ թշնամի կդարձնես, նա կտրտնջա քեզանից և կբամբասի, կատի և կսկսի նենգություն ու չարիք գործել: Երբ եղբորդ քեզ թշնամի դարձնես, այնժամ Աստծուց կհեռանաս, աղոթքդ խորթ կերևա Աստծուն և չես կարող մասնակցել սատանայի դեմ պատերազմինլ, քանի որ սատանան մարդու մեջ է մտնում ոչ այլ կերպ, քան միմյանց հանդեպ ատելությամբ: Իսկ եթե եղբորդ հանդեպ սերն ամուր է, ապա Աստված քեզ գործակից կլինի, և դու սատանային կհաղթես, և բազում չարիք կխափանվի:

Ինչպես օրինակ, եթե սրով խոցես մարդու անդամներից մեկը, ապա մարդը կպատի վերքը, վրան դեղ կդնի և այսպես շուտափույթ կբժշկվի, իսկ եթե անփույթ գտնվի, ապա վերքը խորանալով կվնասի բոլոր անդամները: Այդպես էլ, եթե եղբորիցդ տրտմությունը խաղաղությամբ կրես, ապա միտքդ շուտափույթ կբժկվի, և սերը հաստատուն կմնա: Իսկ եթե խոսքը փարթամեցնես, դու կկարծես թե խաղաղվել ես, բայց այդ խոսքերը կբազմանան, սրտմտություն կստեղծվի, և տրտմությունից կգա թշնամություն:

Ինչպես օրինակ, երբ գազանը տեսնում է մարդուն, մռնչալով անցնում է, իսկ եթե մարդը գրգռում է գազանին, ապա գազանը դառնում է և կծում մարդուն: Եթե եղբորից տրտմությունը խաղաղությամբ կրես, ժամանակն էլ խաղաղությամբ կանցնի, և դու հանգստության մեջ կմնաս: Այս մասին Սողոմոնն ասում է. «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ ԺԵ. 18):

Սրա համար է Աստված մարդուն իմաստուն ստեղծել, որ հասկանա յուրաքանչյուրի բնությունը և զգաստ լինի: Քանի որ, եթե գազանին որպես գառան դիմես, նա իր խածանող բնությամբ, որ ունի, քեզ կվնասի: Եվ եթե կրակի մեջ որպես թե ջրի մեջ մտես, այն կիզող բնություն ունի և քեզ կայրի: Իմացիր, որ այսպիսին է մարդու չար բնությունը, և ոչ ոքի քեզ թշնամի մի դարձրու: Սրա համար է Տերն ասում. «Չար մարդն իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ» (Մատթ. ԺԲ. 35), քանի որ սիրտն ունի որպես աղեղ, իսկ լեզուն՝ որպես նետ: Եթե պատճառ տաս, նա կձգի նետը և կվիրավորի քեզ, իսկ խոսքերն ավելի չարագույն վերքեր են թողնում, քան նետը: Սրա համար է Սողոմոնն ասում. «Մարդիկ կան, որ իրենց խոսքով խոցում են թրի պես» (Առակ ԺԲ. 18), նաև մարգարեն է ասում. «Օձի պես սրեցին լեզուներն իրենց, և նրանց շրթների տակ կա իժի թույն» (Սաղմ. ՃԼԹ. 4):

Եվ մարդկանցից շատերը, ում թեպետ սիրում ես, նենգ և չար են, ապա որչափ առավել ևս կչարանան, եթե դու պատճառ տաս: Ինչպես Սողոմոնն է ասում. «Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ՝ ընկերոջ երեսը» (Առակ ԻԷ 17), և մահն ու կյանքն իր լեզվին են պատկանում: Այստեղից իմացիր, որ իզուր սպանեց Կայենը Աբելին, և իզուր Հովսեփի եղբայրները վաճառեցին Հովսեփին, և որքան էլ Դավիթը Սավուղին բարիք էր անում, վերջինս հալածում էր Դավթին:

Եվ նույն ինքը՝ Տերը, որքան էլ բարիք արեց հրեաներին`դևեր հանեց, հիվանդներին բժշկեց, մեռելներին հարություն տվեց, Նրան դիվահար և սամարացի էին անվանում: Արդ, այս ամենն իմանալով՝ եղբորդ բնավ սրտմտեցնող խոսք մի´ ասա և ամեն տրտմտություն փոխի´ր սիրո, որևէ մեկի հետ թշնամություն մի ունեցիր, որ խաղաղ լինես:

Սատանան՝ որպես թշնամի, մեզ համար շատ է, ուստի եղբորդ, որ Աստված քեզ օգնական է շնորհել, ոսոխ մի´ դարձրու: Քանի որ, երբ եղբորդ տրտմեցնես, ոչ միայն նրան ես չարիք անում, այլ՝ քեզ: Քո անդամն ես ճեղքում և քեզ թշնամի սարքում, քանի որ եղբայրդ կխորհի քեզ նենգություն անել, ատել, բամբասել, մատնել, տրտնջալ: Իսկ երբ եղբորդ սիրես և բարիք անես, բարկությանը համբերես, ոչ միայն նրան, այլև քեզ բարիք կանես, որովհետև եղբայրդ կօրհնի քեզ, կգոհանա քեզանից և պարգևներ կտա, երբ նեղության մեջ ընկնես, կջանա հանել, հանապազ կաղոթի քեզ համար, սրտմտությունից կմխիթարի քեզ, և Աստված առավել կօգնի քեզ: Ուստի, հաստատուն պահիր սերը եղբորդ հանդեպ:

Դրա համար էլ բոլոր պատվիրանների գլուխը Սերն է, քանի որ խափանում է ամեն տեսակ տրտմություն: Արդ, երբ եղբայրդ մեղանչի քո դեմ, դու համբերիր և խաղաղ եղիր, նույն պահին չարը խափանիր, և օրը կանցնի խաղաղությամբ ու բազում վշտերից կփրկվես: Ինչ որ եղբորդ ես անում` բարի, թե չար, ինքդ քեզ ես անում, և Աստծուց այն կստանաս:

Իմաստության սկիզբը սա է` բնավ չունենալ թշնամություն որևէ մեկի հետ: Սրա համար է ասում առաքյալը`«Ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցեք» (Հռոմ. ԺԲ. 18), նաև «Սերն իր ընկերոջը չար բան չի անի» (Հռոմ ԺԳ. 10). ուստի, հնար գտի´ր և խաղաղություն արա:

Ինչպես օրինակ, վեմը, երբ պոկվում է լեռից, սաստիկ ոլորմամբ ոչ միայն ինքն է գալարվում, այլ իր հետևից բազում քարեր է վեր թռցնում: Այսպես և սակավ խոսքից բազում և անչափ սրտմտություն է լինում: Արդ, մի կարծիր, որ տրտմությունը միայն այն է, ինչ դու խոսում ես, քանի որ չարն աճում է, արմատ ձգում, բազում տեղեր տարածվում, և երբ ժամանակ է անցնում, անչափ տրտմությունը հասնում է քեզ:

Եվ մի´ ասա, թե` ես մեծ եմ և փարթամ, իսկ նա աղքատ և անարգ, ինձ ի՞նչ կարող է անել, քանի որ բոլորն էլ կարող են չարիք գործել: Եթե ոչինչ էլ չանի, կարող է անիծել և Աստծուն բողոքել, մարդկանց մոտ բամբասել, հրդեհել, և կարող են պատահել շատ դեպքեր, երբ նա մեծանա և քեզ հաղթի: Ուստի, դու մշտապես խաղաղություն հաստատիր: Եթե որևէ մեկին հանուն Աստծո խրատես և ուղղություն ցույց տաս, ապա քաղցրությամբ խրատիր և սիրով շահիր, ինչպես որ առաքյալն է ասում. «Հեզությամբ խրատիր հակառակորդին» (Բ Տիմոթ. Բ 25): Ինչպես օրինակ հուրը, երբ նյութ է գտնում, բորբոքվելով հրդեհում է տարածքը, իսկ երբ նյութը պակասում է, արագորեն մարում է: Այսպես և եղբորից տրտմությունը. եթե առիթ տաս, որ խոսքը շատ կիրառվի, ապա ավելի կբորբոքվի չարը, և ատելություն կծնվի: Սրա համար է Սողոմոնն ասում. «Որքան որ ձգես խոսքը, դատաստան ու կռիվ դուրս կգա» (Առակ Լ. 33), և առաքյալն ասում է. «Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է հեզ լինի բոլորի հանդեպ» (Բ. Տիմոթ. Բ. 24): Ինչպես անձրևը վերևից քիչ-քիչ իջնելով` բազմանում է և հեղեղ դառնում, այսպես էլ, երբ եղբորդ տրտմեցնող խոսք ես ասում, ապա այլ խոսքեր էլ են ավելանում, և աճում է բարկությունը:

Արդ, ով շնորհ ունի Աստծուց, նա այլոց, ինչպես և իր տրտմությունը սիրո է փոխում: Սրա համար մարգարեն ասում է. «Դադարի´ր բարկանալուց և հանդարտվի´ր սրտմտությունից» (Սաղմ. ԼԶ. 8), և Սողոմոնն ասում է. «Որդյակ, եթե բարի լինես, պիտի լինես քեզ համար և քո ընկերի, եթե անզգամ լինես, միայն դու պիտի չարիք գտնես» (Առակ Թ. 12), և Եսային ասում է. «Եթե բարկության ոչ մի խոսք չասես քո բերանով, կտա քեզ քո հայր Հակոբի ժառանգությունը» (Ես. ԾԸ. 13-14), և Ամովս մարգարեն ասում է. «Սրով կընկնեն նրանց ժողովուրդներն իրենց սրտերի խստության և իրենց լեզուների անսանձության պատճառով» (հմմտ. Ովսե Է. 16), նույն ինքը Տերն ասում է. «Ով բարկանա իր եղբոր վրա և ասի հիմար կամ ապուշ, ենթակա կլինի գեհենի կրակին» (Մատթ. Ե. 22), և առաքյալն ասում է. «Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ և հայհոյություն թող վերանայ ձեզնից իրենց չարությամբ հանդերձ» (Եփես. Դ. 31), և Հակոբն իր թղթում ասում է. «Մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում» (Հակ. Ա. 20), և վարդապետներից այնքան վկայություներ կան, որ արգելում են բարկությունը: Արդ, այս բոլորն իմանալով՝ ամեն տրտմություն սիրո փոխիր, ինչպես որ մարգարեն է ասում. «Խաղաղություն փնտրիր և դրան հետևիր» (Սաղմ. ԼԳ. 15):

Եվ Քրիստոսին՝ մեր Աստծուն, փառք հավիտյանս հավիտենից. ամէն:

Սկզբնաղբյուր՝ qahana.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում