Համաշխարհային պրեմիերա՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ

Համաշխարհային պրեմիերա՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ

Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում տեղի է ունենալու համաշխարհային պրեմիերա. ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանը կատարելու է Վաղարշակ Զաքարյանի «Ջութակի կոնցերտը»։ Համերգին հնչելու է նաև Մոցարտի Սիմֆոնիա թիվ 41 «Յուպիտեր» ստեղծագործությունը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքից տեղեկանում ենք, որ դիրժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգը կայանալու է սեպտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահումը։

Նշենք, որ փառատոնի բացումը նույնպես անելու է Սերգեյ Խաչատրյանը սեպտեմբերի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Փառատոնը նվիրվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը։

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքով բնակվում են Գերմանիայում։ 9 տարեկանում Խաչատրյանն առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 15 տարեկանում նա դառնում է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստանում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը։

Սերգեյը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ, և մշտական համագործակցությամբ՝ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրանսիայի ազգային, Ֆրանկֆուրտի Ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմուրի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի Ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիատլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ։ Հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրտ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Մայքլ Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ։ Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում