Ռուբեն Բաբայան. «Աշակերտներիս ներկայացումները շրջում են աշխարհով մեկ»

Ռուբեն Բաբայան. «Աշակերտներիս ներկայացումները շրջում են աշխարհով մեկ»

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն օրերս մասնակցել է Բահրեյնում կայացած միջազգային թատերական փառատոնին՝ Անուշ Ասլիբեկյանի պիեսի հիման վրա՝ Նարինե Գրիգորյանի բեմադրած «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացմամբ: Հաղթողներն ավելի ուշ հայտնի կդառնան:

Ինչպես Aravot.am-ին հայտնեց Տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, Բահրեյնի փառատոնը երիտասարդների համար էր: Այն անցկացվում է արդեն 12-րդ անգամ: Փառատոնին մասնակցել են թատրոններ եւ թատերախմբեր՝ Ռուսաստանից, Վրաստանից, Եգիպտոսից, Թունիսից եւ այլ երկրներից: Նա շեշտեց, որ մոտ 400 ներկայացումից ընտրվել է 10-ը, այդ թվում՝ Տիկնիկային թատրոնի վերոնշյալ ներկայացումը: Թատրոնի տնօրենը վստահեցրեց, որ իրենց ներկայացումը ջերմ ընդունելության է արժանացել:

Պարոն Բաբայանից նաեւ տեղեկացանք, որ շուտով Մոսկվայում կմասնակցեն Օբրազցովի անվան թատրոնի փառատոնին՝ երկու ներկայացումով «Թեւավորը» եւ «Ամպից պոկված հեքիաթը»: Ընդ որում, ըստ Մարկեսի՝ Զարուհի Անտոնյանի բեմադրած «Թեւավորը» ներկայացումն այս տարվա հունիս ամսին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում կայացած փառատոնում հաղթող էր ճանաչվել մի քանի անվանակարգում:

«Ինչպես տեսնում եք՝ աշակերտներիս ներկայացումները «շրջում» են ամբողջ աշխարհով մեկ»,-հպարտությամբ ասաց Ռուբեն Բաբայանը:Նա հավելեց, որ հրավեր ունեն նաեւ Թունիսից, որի շուրջ մտածում են, քանի որ փառատոնի մեկնելը ֆինանսական միջոցների հետ է կապված:

Ռուբեն Բաբայանն ասաց նաեւ, որ այս տարին լիարժեք փառատոնային էր իրենց համար, տարբեր ներկայացումներով եղել են Թուրքիայում, Լիբանանում, Լեհաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում