Առակ այն մասին, թե ինչ կարող է անել մարդը, երբ նրա հոգին և սիրտը ջերմանում են…

Առակ այն մասին, թե ինչ կարող է անել մարդը, երբ նրա հոգին և սիրտը ջերմանում են…

Մի անգամ Շողը ասաց Արևին.

– Ամեն օր, ես թռչում եմ երկիր վրայով և ջերմացնում ամբողջ մոլորակը, բայց ես կուզեի ջերմացնել մարդու սիրտը:

– Շատ լավ, դու կարող ես տալ մեկ կաթիլ արևային կրակ մարդու սրտին, – թույլատրում է Արևը: – Այդ կրակը կօգնի մարդուն դառնալ մեծագույն արարիչ: Միայն ընտրիր մարդկանցից լավագույնին:

Շողը գալով Երկիր սկսում է մտածել. «իսկ ինչպե՞ս իմանալ, թե ով է մարդկանցից լավագույնը»: Հանկարծ նա լսում է մի տղայի տխուր մտքերը. «Ոչինչ ինձ մոտ չի ստացվում: Երազում էի դառնալ նկարիչ, բայց դարձա ներկարար, սիրեցի աղջկա, սակայն նա նույնիսկ իմ կողմ չի նայում»:

– Բայց չէ՞ որ դու ունես տաղանդ, երիտասարդություն և ոսկյա ձեռքեր, – բացականչում է Շողը և նվիրում տղային իր կրակը:

Առկայծեց արևային կրակը տղայի սրտում, և ստիպեց նրան բարձրացնել աչքերը, և ուղղել ուսերը: Տղան վերցնում է ներկերը և նկարում իր սիրելիի համար հրաշալի մի ծաղկեփունջ: «Սա հրա՛շք է», – ուրախանում է աղջիկը և համբուրում տղային: Հետո տղան այնպես է ներկում տունը, որ պատվիրատուն ուղղակի հիանում է. «Ես մտածում էի դուք ներկարար եք, բայց պարզվեց, որ իսկական նկարիչ եք: Իմ տունը վերածվեց արվեստի գլուխգործոցի»: Եվ տղան դառնում է հանրաճանաչ նկարիչ:

Շողը վերադառնում է Արևի մոտ և մեղավոր ասում.

– Ես մոռացա, որ պետք էր գտնել մարդկանցից ամենալավագույնին, և նվիրեցի կրակը առաջին պատահած մարդուն:

– Դու հավատացիր մարդուն, – ուրախությամբ պատասխանում է Արևը: Իսկ հավատը և օգնությունը կվերածեն յուրաքանչյուր մարդու արարչի և կօգնեն հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում