Ցմահ ազատազրկվածի «Աղօթարանը»

Ցմահ ազատազրկվածի «Աղօթարանը»

«Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանի գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ երեկ երեկոյան, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, շատերը մնացին ոտքի վրա, քանի որ տեղերը սպառված էին:

«Աղօթարանի» շնորհանդեսին կարճ ժամանակով մասնակցեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, մասնակիցների մեջ տեսանք ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին, ռեժիսոր Հարություն Խաչատրյանին, «Սասնա ծռերին»`Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին:

Երեկոն զարդարեց Ա. Մնջոյանի ազգական, երգչուհի Մերի Մնջոյանը, Արմենի մասին իրենց խոսքն ասացին նրա ընկերներից, քաղաքական գործիչ Արմեն Աղայանը, նարեկացիագետ Աշոտ Պետրոսյանը, դուստրը:

Միջոցառմանը մասնակցեցին եւ Արմենակի գրքերից ստացան ապրիլյան քառօրյայի հերոսների հարազատներից… Ներկայացվեց Արմենակ ազատամարտիկը, նկարիչ-երգահանը, մարդ, որի մասին Արմեն Աղայանն ասաց. «Ես ամեն ինչ տեսել եմ, Արմենին բոլոր հանգամանքներում, միասին մի խցում էլ ենք եղել, բայց Արմենին, ով կաղոթի, նոր եմ տեսնում»:

Ելույթ ունեցողները վստահ էին, որ քսան տարուց ավելի անազատության մեջ գտնվող Արմենակը շուտով ազատության մեջ կհայտնվի, նրա հետ նաեւ ցմահականներ` Արսեն Արծրունին, Տիգրան Ավետիսյանը: Գիրքը տպագրվել էր մեկ այլ ցմահականի` Արսեն Արծրունու հոր` Արա Արծրունու մեկենասությամբ:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունենալու նաեւ Գյումրիում:

«Արմենակը Տեր Գրիգորի ձեռամբ մկրտվել է բանտի ներսում եւ ընտանի մտերմությամբ կապվել սուրբ Գրիգոր Նարեկացուն, եւ Սուրբն այնքան է հարազատացել, որ շարունակել է նրա ոճով իր աղոթագրությունը, որից մի փունջ զետեղվել է սույն հրապարակման մեջ»,-ասաց Աշոտ Պետրոսյանը:

Ռ. Մ.
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում