Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը բնագրային թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին

Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը բնագրային թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին

Պատերազմի մասին պատմող ամենահայտնի բեսթսելերը՝ հայերեն թարգմանությամբ: Սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին «Նոյյան տապան» գրախանութում կանցկացվի հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի, գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Հրատարակչությունից հայտնում են՝ գերմանացի աշխարհահռչակ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը լույս է տեսել 1929 թվականին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, որը, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Գրքում ականատեսի սուր աչքով ներկայացված են պատերազմող զինվորիների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը:

«Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը եզակի է իր թեմաների բազմաշերտությամբ: Վեպում կան արտաքին և ներքին թեմաներ: Վեպն ամբողջությամբ Առաջին աշխարհամարտի մասնակից Պաուլ Բոյմերի ապրումներն են‚ տպավորությունները‚ զգացմունքները‚ պատերազմի մասնակցի՝ աչքով տեսածի‚ մաշկով զգացածի ու ականջով լսածի երբեմն սահմռկեցուցիչ‚ երբեմն հաճելի‚ հոգեմոտ դրսևորումները: Վեպում արտառոց‚ գերշոշափելի պատկերավորությամբ ձգվում են պատերազմի տարիները՝ հերոսների կյանքը՝ ռազմաճակատի, բարաքների‚ հիվանդանոցի ու տան միջև: Այս թեմային, ռազմաճակատի և տան հակադրության համատեքստում, զուգորդվում է արտաքին մյուս թեման՝ զինվորի և նրա համադասարանցի զինակիցների՝ կյանքին և պատերազմին պատրաստ լինել-չլինելու ցավագին խնդիրը»,-նշում է գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը:

Նշենք, որ հայ ընթերցողին արդեն իսկ բնագրային թարգմանությամբ ներկայացվել են Ռեմարկի «Երեք ընկեր» և «Հաղթական կամար» ստեղծագործությունները:

Աղբյուր՝ Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում