Երևանի ճատրապետական դիմագիծն ու թեկնածուների առաջարկությունները

Երևանի ճատրապետական դիմագիծն ու թեկնածուների առաջարկությունները

«Մենք չենք կարող արգելել ընդհանրապես շինարարությունը Երևանի կենտրոնում, իրատեսական չէ ու սխալ է։ Բայց պետք է հասկանանք, որ կենտրոնում նոր բազմահարկ բնակելի շենքեր կառուցելու արդեն իսկ տեղ ու հնարավորություն չկա»,- «Մեդիա կենտրոնում» «Երևանի ճարտարապետական դիմագիծն ու կառուցապատման խնդիրները. ի՞նչ լուծումներ են առաջարկում թեկնածուները» թեմայով քննարկմանն ասաց «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածու, ճարտարապետ Արսեն Կարապետյանը։

Նա նշեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել հանրային տարածքներին, մշակութային օբյեկտներին, որոնք պետք է պահպանվեն, պետք է քաղաքաշինական կառավարման սկզբունքը փոխել։

«Գլխավոր հատկագիծն իրենով որպես փաստաթուղթ բավականին հնացած գործիք է, չի արտացոլում բոլոր խնդիրները։ Պետք է կամաց-կամաց անցնենք զոնինգի գաղափարին, երբ որ քաղաքի ամեն մի հատված ունի իր սահմանափակումներն ու հնարավորությունները։ Պետք է աշխատենք այնպես, որ ներդրողը հասկանա, որ մասում ինչ կարող է անել։ Բնակիչների ու ներդրողների միջև արհեստածին կոնֆլիկտը չպետք է լինի։ Իրականում այդ կոնֆլիկտի մեղավորը քաղաքային իշխանություններն են, ոչ թե ներդրողները»,- ասաց ճարտարապետը։

Նա ընդգծեց, որ պետք է ունենալ քաղաքի ընդհանուր զարգացման ծրագիր, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի քաղաք են ուզում ունենալ ապագայում, բոլոր փաստաթղթերը պետք է լինեն այդ գլխավոր ծրագրի ածանցյալը։

«Երևանի հանրություն» դաշինքից ճարտարապետ Արմինե Ղազարյանն ասաց, որ առաջիկա տարիների ընթացքում Երևանի կենտրոնում չպետք է թույլատրվի կառուցապատում։

«Գլոբալ առումով քաղաքն ունի գլխավոր հատակագիծ։ Դրանից ավելի կարևոր փաստաթուղթ չպետք է լինի, որևէ մեկը չի կարող գլխավոր հատակագծին հակառակ գնալ, ինչպես արվել է տարիներ շարունակ։ Պետք է մի անգամ էլ վերանայվի և վերամշկավի գլխավոր հատակագիծն ու սրբորեն հետևեն դրան»,- ասաց Ա. Ղազարյանը։

«Ռեֆորմիստների» կուսակցությունից Ռուբեն Ջեբեյանն ասաց, որ Երևանի կենտրում քիչ են մնացել հին շինությունները, որոնք պետք է անպայման պահպանվեն, վերականգնվեն։
«Դա, իմ կարծիքով, հնարավոր է անել ոչ միայն քաղաքապետարանի կողմից առաջարկվող ծրագրերով, այլ մեր գործարարների հետ մշակել համատեղ ծրագրեր»,- նշեց նա։

«Լույս» դաշինք Անի Սամսոնյանը կարևորեց Երևանի կենտրոնի բեռնաթափումը։
«Սա խոսում է այն մասին, որ Երևանում համայնքային համաչափ զարգացման կառավարումն արդյունավետ չի եղել։ Մեր նախընտրական ծրագրում կետ կա, առաջարկվում է ստեղծել Քաղաքաշինության օրենսգիրք, այսինքն ոչ թե փոփոխել Քաղաքաշինության մասին օրենքը, այլ ստեղծել օրենսգիրք։ Մեր գործունեության ընթացքում հասկացանք, որ կան օրենսդրական բացեր, կա օրենքի ցածր կիրառելիութուն, կան օրենքներ, կառավարության որոշումները, որոնք համակարգված չեն»,- նշեց ավագանու թեկնածուն։

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից Արգիշտի Գևորգյանը նույնպես նշեց, որ Երևանի կենտրոնում պետք է սահմանափակվի շինարարությունը, սակայն կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն շինարարությամբ, օրինակ՝ ավտոկայանատեղիների խնդիրը։ Նրա խոսքով, պետք է ունենալ Երևանի ռազմավարություն, թե ինչպիսի Երևան են ուզում տեսնել 50-100 տարի հետո։

«Հայք» կուսակցությունից Հակոբ Սիմոնյանի կարծիքով, Երևանում կառուցումն ու նածագծումն այնպես պետք է լինի որ հնարավորինս երևա Արարատ լեռը։ Նա նաև նշեց, որ պետք է պարտադիր մշակել գլխավոր հատակագիծն այնպես, որ կարևոր տեղ հատկացվի պատմամշակութային արժեքներին։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից Մարիամ Խաչատրյանն ասաց, որ ամբողջ Երևանը պետք է բաժանել զոնաների՝ ըստ իր ֆունկցիաների:

«Մենք առաջարկում ենք այնպիսի օրենք, որը կպարունակի կառուցապատման վերաբերյալ նորմերը, այսինքն՝ ճանապարհից ճանապարհ, շենքից շենք հեռավորություններն ինչքան պետք է լինի»,- նշեց նա։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում