«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ռուսաստանի քաղաքներում

«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ռուսաստանի քաղաքներում

«Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) համերգներով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում: Երգչախումբը սեպտեմբերի 5-10-ը ներկայացել է երեք համերգներով միջազգային հոգևոր երաժշտության փառատոնի շրջանակներում:

Ներկայացվել են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների (Կոմիտասի, Շչեդրինի, Շարաֆյանի, Մալերի և այլոց) ստեղծագործություններ: Մեծակտավ և բարդ ծրագիր ներառող համերգներն անցել են լեփ-լեցուն սրահներում և ուղեկցվել ջերմ ընդունելությամբ: Համերգներին հանդես են եկել երգչախմբի իգական և արական կազմերը: Փայլուն կատարումներով հանդես է եկել երգչախմբի իգական կազմը՝ Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ: Երգչախումբը Ռուսաստանում արժանացել է մեդալի և դիպլոմի:

Նշենք, որ «Հովեր» կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992թ. : Իր առաջին իսկ ելույթից երգչախումբը ներկայացել է որպես հայ խմբերգային երաժշտության ինքնատիպ տեսակ, բաց ցանկացած ժանրի և ոճի համար` սերտաճած եվրոպական խմբերգային արվեստի ավանդույթներին: Երգչախումբը սկզբունքայնորեն կարևորում է փորձարարությունն ու նորարարությունը, տարբեր արվեստների սինթեզը` նույնիսկ ամենաավանդական ակադեմիական ծրագրերում:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի ծրագրերը միտված են նպաստելու ժամանակակից խմբերգային արվեստի զարգացումներին`ընդլայնելով հայ խմբերգային երաժշտության շրջանակները:

Կոլեկտիվը հարյուրավոր համերգներով հանդես է եկել տարբեր երկրների՝ այդ թվում՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Շվեյցարիայի և այլ պետությունների հեղինակավոր դահլիճներում, համագործակցում է մեծանուն դիրիժորների ու կոմպոզիտորների հետ:

«Հովեր» կամերային երգչախումբը 2011 թվականից գործում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում