ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը

ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին, ժամը 19:00 տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը: Իրադարձությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:

Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) համերգային երեկոյին հանդես կգա դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
Որպես մենակատար ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ):

«Համերգային երեկոյին ես կկատարեմ Վիվալդիի «Տարվա եղանակները»: Այն համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, որի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Այն ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը»,-խոսելով Վիվալդիի գործի մասին` նշում է Նիկոլայ Մադոյանը: «Գինեսի» ռեկորդակիր ջութակահարը փաստում է`բազմիցս համագործակցել է Կամերային նվագախմբի հետ, անգամ տարիներ առաջ ներկայացրել են նույն ստեղծագործությունը: Եվ այժմ էլ ուրախ է կրկին ելույթ ունենալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ` պրոֆեսիոնալ դիրիժորի ղեկավարությամբ:

Նշենք, որ բացի այս գործից, համեգին կհնչեն նաև Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»:

Աղբյուր՝ irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում