Գնացքն առաջ է սուրում

Գնացքն առաջ է սուրում

Գնացքն առաջ է սուրում, իսկ մտքերս`դեպի ետ:
Իմ դեմ քաղաք է հսկա ու շենքեր են բազմահարկ,
Իսկ հետևում հիշում եմ մի ոտնաչափ արահետ,
Որով քայլել եմ քեզ հետ՝ երազելով մի տնակ:

Այստեղ՝ ծովն է փոթորկում, այստեղ՝ գետակ էր բարակ,
Որի ափին, հիշո՞ւմ ես, շրջում էինք միասին:
Դրսում ձյուն էր ու ձմեռ, իսկ մեր ներսում՝ հուր-կրակ,-
Նույն տրոփով էր զարկում երկու կրծքում երկու սիրտ:

Գնացքը կանգ չի առնում, արշավում է միշտ առաջ,
Իսկ ես մտքով կանգ առել ու նստել եմ այն քարին,
Որի հանդեպ, հիշո՞ւմ ես, դու հոգնաբեկ կանգ առար
Ու նստելով մի վայրկյան՝ ինձ վախեցած հարցըրիր.

– Այս ո՞րտեղ ենք մենք հասել: Վերադառնա՛նք: Չե՜մ ուզում:
Չհասկացա քեզ այնժամ, քեզ նայեցի կասկածով:
Հիմա այս խուլ գնացքին ես դիմում եմ նույն հարցով.
– Այս ո՞րտեղ ենք մենք հասել: Վերադառնա՛նք: Չե՛մ ուզում…

Պարույր ՍԵՎԱԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում