USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը

 
 

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

Մի քանի տարի նախապատրաստվող այս եզակի ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 140 ցուցանմուշներ, որոնք տրամադրվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների թանգարաններից, Հայաստանի պատմության թանգարանից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, ինչպես նաև Սփյուռքում գործող տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից: Ցուցադրված սրբությունների և արվեստի գործերի մեծ մասը դարերի ընթացքում ստեղծվել և պահպանվել է Հայոց Եկեղեցու կողմից։

Պաշտոնական ընդունելության ընթացքում Նորին Սրբությունն առանձնազրույց ունեցավ թանգարանի ղեկավարության և «Հայաստա՛ն» ցուցահանդեսի հիմնական համադրող դոկտ. Հելեն Էվանսի հետ, որոնց փոխանցեց իր գնահատանքը հիանալի ցուցահանդեսի կազմակերպման համար։ Գարեգին Բ Կաթողիկոսն իր շնորհակալական խոսքն ասաց նաև ցուցահանդեսին աջակցություն բերած բարերար հայորդիներին և ազգային-եկեղեցական հաստատությունների ներկայացուցիչներին:

Կազմակերպիչների խոսքով, ցուցահանդեսը մասունքարանների, մանրանկարներով զարդարուն ձեռագրերի, եզակի գործվածքների, խաչքարերի, արժեքավոր եկեղեցական զգեստների և հնատիպ գրքերի միջոցով ներկայացնում է, թե ինչպե՛ս են հայերը զարգացրել իրենց քրիստոնեական ինքնությունը, որը դարեր շարունակ շաղկապել է աշխարհասփյուռ հայ համայնքներին:

Բացման արարողությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու պատգամը բերեց միջոցառման մասնակիցներին` մասնավորապես նշելով.

«…Այստեղ ցուցադրված մշակութային նմուշները և քրիստոնեական մասունքները, հիրավի, բնական ընկալում են ձևավորելու այն մասին, թե դարերի ընթացքում ի՛նչ արժեքներ է ստեղծել քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին ժողովուրդը և ի՛նչն է առավել շատ կարևորել ու փայփայել:

…Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները և հավատքը։ Մեր կրոնը, մեր Ազգային Եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունն այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։

Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր մշակութային ժառանգության հարստությունը Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին»։

Ելույթի ավարտին Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը փոխանցեց Հայաստանի բոլոր բարեկամներին, իսկ ցուցահանդեսի գլխավոր համադրող դոկտ. Հելեն Էվանսին, ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հոգևոր դասը առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆինդիկյանի, Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, հայ ազգային բարերարներ, Նյու Յորքի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսը հնարավոր է դարձել «Հակոբ Գևորգյան հիմնադրամի» աջակցությամբ։

Հավելյալ աջակցություն են տրամադրել Նյու Յորքի Քարնեգի կորպորացիան, Միշել Դավիդ-Վեյլ հիմնադրամը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Գյորգի ընտանիքի հիմնադրամը, Հրայր և Աննա Հովնանյաններ հիմնադրամը, Կարագյոզյան հիմնադրամը, Նազար և Արտեմիս Նազարյանների ընտանիքը, Արվեստների Ռեդդոք հիմնադրամը, Քուլհաջյան ընտանիքը և Փարոս հիմնադրամը, Ասո Օ. Թավիթյանը և Արվեստների ազգային հիմնադրամը։

«Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ասո Օ. Թավիթյանի հրավերով հյուրընկալվեցին պաշտոնական ընթրիքի, որին մասնակցում էին նաև Նյու Յորքի այլ խոշոր համայնքների կրոնական առաջնորդները, որոնց թվում Կաթոլիկ Եկեղեցու կարդինալ Թիմոթի Դոլանը և ԱՄՆ-ի Հույն Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Դեմիտրիոս արքեպիսկոպոսը։

 

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Լրահոս
Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր
website by Sargssyan