«Պետք է ոչ թե թաղել գրադարանն ու թղթային գիրքը, այլ փոխել գրադարանի նկատմամբ վերաբերմունքը»

«Պետք է ոչ թե թաղել գրադարանն ու թղթային գիրքը, այլ փոխել գրադարանի նկատմամբ վերաբերմունքը»

Մշակույթի նախարարությունը և «Մարդ կարդացող/Homօ Legens» ընթերցանության խրախուսման նախագիծը հայտարարում են «Մեր գրադարանը» խորագրով էսսեների մրցույթ: Էսսեների թեմատիկ-պայմանական վերնագրերն են՝ «Գրադարան, իմ սեր», «Իմ երազանքի գրադարանը», «Կյանքը գրադարանի պատուհանից», «Գրադարանավարի խորհրդով»: Էսսեները գնահատելու է գրադարանավարներից, գրողներից, գրականագետներից կազմված ժյուրին: Հաղթողներին սպասում են դրամական պարգևներ: Մանրամասները ներկայացնում է նախագծի ղեկավար, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:

– Ո՞րն է հիմնական նպատակն այս ծրագրի: Ի՞նչ խնդիր է լուծելու էսսեների մրցույթը:

– Մշակույթի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում գրադարանների հավաքածուների համալրմանը: Հաշվի առնելով այդ քաղաքականությունը՝ ներկայացրի «Մարդ կարդացող/Homօ Լegens» ընթերցանության խրախուսման նախագիծը, որի մի բաղադրիչն էլ «Մեր գրադարանը» խորագրով էսսեների մրցույթն է: Գիտենք, որ շատ ու շատ գրքեր են հրատարակվում, նաև մշակույթի նախարարության աջակցությամբ ու պետպատվերով, այդ գրքերը, էլի ուրիշ գրքեր, որոնց կարիքը ընթերցողն ունի, գրադարաններ չեն հասնում: Եթե նույնիսկ հասնում են, ընթերցողներն անտարբեր են գրադարանների նկատմամբ: Իմ առաջարկած ծրագիրը ներառում է մրցույթներ, հանդիպումներ, աշխատաժողովներ, գրադարանավարների հետ աշխատանք, նաև հեռուստատեսային ձևաչափերով հաղորդումներ: Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք ներկայացնել «Իմ գրադարանը» մրցույթ: Բայց նպատակը մարդկանց հուշերին, զգացմունքներին ծանոթանալը չէր, այլ որ մարդիկ ներկայացնեն գրադարանի իրենց տեսլականը (հատկապես համայնքներում, գյուղերում, եթե գրադարաններ պահպանվել են), ինչպես նաև առաջարկեն գրադարանի զարգացման ծրագրեր, և մշակույթի նախարարությունը այս նախագծի կամ այլ ծրագրերի շրջանակներում կարողանա այդ մարդկանց ներգրավել և նրանց գաղափարներն ինչ-որ կերպ օգտագործել:

– Մրցույթի պայմանների մեջ կա մի կետ, ըստ որի, մրցանակակիրները ստացած գումարի 60 տոկոսով պետք է ձեռք բերեն նոր հրատարակված գրքեր և նվիրեն իրենց սիրելի գրադարանին:

– Դա հենց կապված է իմ վերջին ասածի հետ, այսինքն, համայնքի անդամը, գրադարան այցելող մարդը կամ այդ գրադարանը կողքից դիտող և անընդհատ քննադատող մարդը, թե այնտեղ բան չկա կարդալու, լավ գրքեր չկան, կարող է գրել մի բան, ստանալ որոշակի մրցանակային գումար և այդ գումարի 60 տոկոսով գրքեր գնել գրադարանի համար, հետո այցելել գրադարան տեսնելու՝այդ գրքերը ընթերցու՞մ են, թե՞ ոչ: Այսինքն, այդ ձևով մարդու պատասխանատվությունն է մեծանում, հնարավորություն է տրվում լավ գործ անելու, որից միաժամանակ և՛ ինքն է օգտվում, և՛ իր համայնքի անդամները:

– Հատկապես մարզերում գրադարաններ այցելությունը պակասել է: Արդյո՞ք պատճառը միայն նոր և լավ գրքերի պակասն է:

– Երբ ես այդ առաջարկները ներկայացնում էի, ուսումնասիրություն կատարեցի՝ հիմնվելով 2012-ին կատարված սոցիոլոգիական մի հարցման վրա: Այնտեղ տարբեր պատճառներ էին նշվում, թե մարդիկ ինչու գրադարաններից չեն օգտվում` սկսած գրադարանավարի անբարեհամբույր վերաբերմունքից, մինչև վատ պայմաններ, նաև նոր գրքերի բացակայություն: Այս խնդիրները կարելի է լուծել ժամանակի ընթացքում: Կոնկրետ այս դեպքում մենք լրացնում ենք նոր գրքերի բացը: Մյուս կողմից, էսսեների միջոցով ուզում ենք ճշտել, թե գրադարանավարներն ինչպիսին են, ինչ լավ գրադարանավարներ կան, որոնք մարդկանց օգնել են, ուղղորդել: Այսինքն, ընդհանուր ինչ-որ բարենպաստ մթնոլորտ ապահովել գրադարանի և գրադարանավարի շուրջ: Նախարարությունն էլ, կարծես, ծրագրեր ունի գրադարանները բարեկարգելու, դրանք մշակութային ակտիվ հարթակներ դարձնելու: Դա շատ կարևոր է, և իմ ներկայացրած ծրագրի մեջ էլ կարևոր տեղ ունի այն, որ գրադարանը պետք է դառնա գրական-մշակութային ակտիվ միջավայր:

– Արդյոք միանշանա՞կ է այն կարծիքը, թե նոր, լավ գրքեր գրադարաններում չես գտնի:

– Այդ կարծիքը մի քիչ չափազանցված է, որովհետև բոլոր քիչ թե շատ ակտիվ գրադարանները, նաև մարզային (գյուղականը երևի չէ), առանձին դպրոցների գրադարաններ ժամանակ առ ժամանակ նոր գրքեր ձեռք բերում են, հրատարակիչները այցելում են այնտեղ, ես ինքս էլ «Զանգակ» հրատարակչության հետ գնացել եմ, ներկայացրել եմ նոր լույս տեսնող գրքերը: Գրադարանների տնօրենությունը, ամեն դեպքում, եթե այդպիսի ցանկություն դրսևորում է, կարողանում է ամսական երեք գիրք ձեռք բերել: Իհարկե, դա շատ քիչ է, բայց եթե ընթերցողը մտնի և հնացած, անհրապույր արտաքին տեսքով գրքերի փոխարեն տեսնի նոր հրատարակված, գեղեցիկ ձևավորմամբ գրքեր, դա կարող է նպաստել, որ մեկ գիրք կարդալուց հետո ևս մեկ գիրք ցանկանա կարդալ, և այդպես շարունակ:

– Ինքներդ ո՞ր գրադարաններից եք օգտվում:

– Ես առավելապես օգտվում եմ ազգային, նաև ԵՊՀ գրադարանից: Գոնե գիտական գրականություն կարելի է գտնել և նոր գրքեր էլ ինչ-որ չափով կան, օրինակներ իրենց տրամադրում են, թե իրենք գնում են, չեմ կարող ասել:

– Կա կարծիք, որ ժամանակակից գրադարանը պետք է լինի մարդու գրպանում, այսինքն՝ թվայնացված լինի, հասանելի: Համաձա՞յն եք:

– Ես ինքս թվային կրիչներով շատ եմ կարդում, հատկապես Kindle-ով, հեռախոսով, բայց պետք է ոչ թե թաղել գրադարանն ու թղթային գիրքը, այլ փոխել գրադարանի նկատմամբ վերաբերմունքը: Դա բոլորովին այլ մշակույթ է, և այդ մշակույթը չի մեռել ու, իմ համոզմամբ, չի էլ մեռնելու: Հրատարակչական բումն էլ դա է ցույց տալիս, որ մարդիկ, անկախ հարմարավետությունից, հասանելիությունից, նաև կարիք ունեն ինչ-որ վայրում լինելու, մարդկանց հետ քննարկելու իրենց ընթերցած գրքերը, ինչ-որ միջոցառումների մասնակցելու: Եվ խոսքը միայն երիտասարդների մասին չէ, «Մարդ կարդացող /Homօ Legens» ծրագիրը նույնպես միայն երիտասարդներին չի ուղղված, այլ ամենատարբեր տարիքային խմբերի. 40, 50, 70 տարեկան մարդիկ էլ են ուզում գրքեր կարդալ և ունենալ այն միջավայրը, որտեղ կարող են այդ գրքերը քննարկել:

– Էսսեների մրցույթին մասնակցելու արձագանքներ արդեն կա՞ն:

– Արդեն մեկ տասնյակ էսսեներ են ուղարկվել, շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին: Նաև շատ արձագանքներ եմ ստացել գործընկներներից, մտերիմներից, որոնք ուզում են անպայման մասնակցել: Էսսեներին կարելի է ծանոթանալ «Մարդ կարդացող/Homօ Legens» նախագծի ֆեյսբուքյան էջում:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում