Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կոլեկտիվները հանդես կգան «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կոլեկտիվները հանդես կգան «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երեք կոլեկտիվները ելույթներով հանդես կգան «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում: Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտութան տանը կանցկացվի համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 149-րդ տարեդարձին:

Ի թիվս այլ կոլեկտիվների՝ հանդես կգան Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային, Հայաստանի պետական կամերային և Երևանի պետական կամերային երգչախմբերը: Երեկոյի ընթացքում կներկայացվեն Կոմիտասի, Պալեստրինայի, Պուլենկի, Բրամսի, Հովհաննիսյանի, Երկանյանի, Մանսուրյանի, Վարդազարյանի, Պետրոսյանի, Ահարոնյանի ստեղծագործությունները:

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագի» կատարումը Հառիճավանքում ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին:

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի հիմնական նպատակներից մեկը Վարդապետի ժառանգության միջոցով հայ երաժշտական մշակույթի հանրահռչակումն է եվրոպական մշակութային տարածքում և XIX դարավերջի ու XX դարասկզբի եվրոպական մշակույթի տարածումը հայկական միջավայրում:

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնը հիմնվել է 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ երեք տարիներին այն անց է կացվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից՝ ներգրավելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտներ և գիտնականներ:

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում