«Սոսե» հինգերորդ միջոզգային կինոփառատոնը կմեկնարկի Վ․ Սարոյանի ֆիլմով

«Սոսե» հինգերորդ միջոզգային կինոփառատոնը կմեկնարկի Վ․ Սարոյանի ֆիլմով

«Հինգ տարի առաջ ծնունդ առած փառատոնը այսօր մեկնարկում է արդեն մրցութային փուլ անցած 174 ֆիլմով»,- այս մասին նշել է «Սոսե» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը՝ այսօր «Հայրենիք» կինոթատրոնում ներկայացնելով կինոփառատոնի այս տարվա ծրագրերի ու հետաքրքիր նախաձեռնությունների մասին։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ստացվել է 742 ֆիլմ հայտ՝ 39 երկրից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա)։

Կինոփառատոնի լրատվության ծառայության փոխանցմամբ՝ վավերագրական ֆիլմերի ծրագրի ղեկավար Սեգ Կիրակոսյանը վստահեցնում է, որ շատ բծախնդիր են ընտրվել վավերագրական ֆիլմերը։

Կինոփառատոնի համահիմնադիր և տնօրեն Սիմոն Սահակյանը խոսել է մոռացության մատնված կինոթատրոնների մասին․ «Հիշեցնելով մոռացության մատնված կինոթատրոնների մասին ուզում ենք պատասխանատուների ուշադրությունը կենտրոնացնելու դեպի այդ կինոթատրոններ։ Նպատակ ունենք կինոն վերադարձնել մեծ էկրան և վերականգնել կինոթատրոն գնալու մշակույթ»։

Կինոփառատոնը կանդրադառնա ևս երկու չգործող կինոթատրոնի, այս անգամ մարզերում՝ Եղեգնաձորի «Արագիլ» և Դիլիջանի կինոթատրոններին։

«Սա մշակութային յուրօրինակ հեղափոխություն է, որ կուզեինք վարակիչ լիներ»,- նշել են կինոփառատոնի կազմակերպիչները։

«Սոսե» միջազգային կինոփառատոնի՝ մոռացված կինոթատրոններին անդրադառնալու նախաձեռնությանը միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նաև հեղինակավոր կինոփառատոնների էկրան բարձրացած և մրցանակների արժանացած ֆիլմեր։ Կինոփառատոնի մրցութային փուլ անցած ֆիլմերը կներկայացվեն հետևյալ անվանակարգերում՝ հիմնական մրցութային ծրագիր (15 խաղարկային լիամետրաժ, 63 խաղարկային կարճամետրաժ և 21 վավերագրական ֆիլմ), «Բովանդակությունը՝ կին» (27 ֆիլմ), «Ուսանողական» (48 ֆիլմ)։ Կինոփառատոնի ժյուրիների կազմում են կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը /Հայաստան/, կինոօպերատոր Աշոտ Մովսեսյանը /Հայաստան/, կինոռեժիսոր Նինո Կիրտաձեն /Վրաստան/, դերասանուհի Զառա Անտոնյանը /Հայաստան/, ռեժիսոր և դերասան Սլավա Ստեփանյանը /ՌԴ/, ռեժիսոր և դերասանուհի Ջուլիա Կամպանելլին /ԱՄՆ/, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը /Հայաստան/, պրոդյուսեր և ռեժիսոր Արմինե Անդան /Հայաստան/։

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի ֆիլմերը Երևանում կցուցադրվեն «Հայրենիք» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, «Դը քլաբ» ակումբում, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, «Հոդված 3» ակումբում Երևանի և Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Փառատոնի ընթացքում ցուցադրությունները չեն կենտրոնանա միայն մայրաքաղաքում։ Արդեն երրորդ տարին է մարզերի հանդիսատեսը ևս հնարավորություն է ունենում դիտել փառատոնի ֆիլմերը։ Այս տարի «Սոսե»-ի ֆիլմերը կցուցադրվեն Եղեգնաձորում, Դիլիջանում, Գյումրիում։ Կինոփառատոնը կանդրադառնա նաև Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին։ Սարոյանական օրերը կանցկացվեն «Ըստ Սարոյանի» խորագրով։ Կցուցադրվեն Վ․ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմեր։

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը կբացվի սեպտեմբերի 28-ին դեպի «Հայրենիք» կինոթատրոնում։

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում