«Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ»-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ կշնորհվի

«Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ»-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ կշնորհվի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի բյուրոյի նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հայտը:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Կոմիտեի բյուրոյի անդամները քննարկել են հայտի բովանդակությունը և մասնագիտական հարցեր ուղղել ՀՀ պատվիրակության անդամներին, որից հետո միաձայն դրական որոշում են կայացրել հայտի ընդունումը ներառել դեկտեմբերին կայանալիք 1999թ. երկրորդ արձանագրության կոմիտեի միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի օրակարգում:

Տեղեկանք. «Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը 2000-ից թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան: «Ուժեղացված պաշտպանությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ հուշարձանների լիարժեք եւ արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաև սահմանում է քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութայի ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված է Հայաստանի կողմից ներկայացված «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում», «Քոչարի. ավանդական խմբապար» մշակութային արժեքները:

ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ցայսօր ընդգրկված են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր տաճարը, ինչպես նաև Զվարթնոց հնավայրը:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում