Համերգ՝ նվիրված է Շարլ Ազնավուրի հիշատակին

Համերգ՝ նվիրված է Շարլ Ազնավուրի հիշատակին

Աշխարհի, թերևս ամենատիտղոսակիր և բազմաթիվ մրցանակների արժանացած ֆրասիացի ֆլեյտահարը Երևանյան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 3-ին հանդես կգա բացառիկ համերգով: Փառատոնի կազմակերպիչները հայտնում են, որ համերգի ծրագիրը նույնպես եզակի է. Էմանուել Պայուն ՀԱՖՆ-ի հետ կներկայացնի Արամ Խաչատրյան Ջութակի կոնցերտի փոխադրումը ֆլեյտայի համար, երկրորդ բաժնում կհնչի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան։ Դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Համերգը տեղի կունենա Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում. Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը՝ 19:00-ին: Համերգը նվիրված է Շարլ Ազնավուրի հիշատակին։

Է. Պայուի երկացանկը բավական ընդգրկուն է՝ դասականից մինչև ջազ: Ձայնագրել է շուրջ 25 ալբոմ EMI և Warner Classics ձայնագրման ստուդիաների հետ, որոնք արժանացել են բարձր գնահատանքի և հեղինակավոր մրցանակների: 2011թ-ին նրա «Ֆլեյտայի արքա» ալբոմի ձայնագրության համար International Record Review երաժշտական ամսագիրը, բարձր գնահատելով Պայուի կատարողական վարպետությունը, գրել է. «Պայուն ինքն է հավակնում «Ֆլեյտայի արքա» տիտղոսին» (ալբոմում ընդգրկված են ստեղագործություններ՝ գրված Ֆրեդերիկ Մեծ արքայի պատվերով):

Կլաուդիո Աբբադոյի հովանավորությամբ՝ 1992թ-ից (22 տարեկան) Պայուն հանդիսանում է Բեռլին Ֆիլհարմոնիկի գլխավոր ֆլեյտահարը: Նա մեծ համերգային գործունեություն է ծավալում որպես մենակատար՝ ելույթներ ունենալով փառատոներում, նվագախմբերի և առաջատար երաժիշտների, դիրիժորների համագործակցությամբ (Անտոնինի, Բարենբոյմ, Բուլեզ, Ֆիշեր, Գերգիև, Գարդիներ, Հարդինգ, Յարվի, Ռեթըլ, Ռոստրոպովիչ, Մաազել և այլ հայտնի երաժիշտներ):

2009թ.-ին Ֆրանիայի հանրապետության կողմից արժանացել է «Արվեստի ասպետ» տիտղոսին: Լյուցեռնի փառատոնը նրան շնորհել է բարձրագույն՝ “Artiste Étoile” մրցանակ (2006թ.), ըստ Victoires de la Musique հեղինակավոր մրցանակաբաշխություն համարվել է «Տարվա լավագույն կատարող» (1998թ.), Դուինոյի և Կոբեի միջազգային մրցույթների առաջին մրցանակակիր է: Նրա առաջին ձայնասկավառակը (EMI records), որտեղ նա կատարում է Մոցարտի ֆլեյտայի կոնցերտը, 1997-98թթ-ին ստացել է «Տարվա ալբոմ» մրցանակ (ըստ Diapason-ի), ըստ Ռադիո Ֆրանսի հարցումների համարվել է ունկնդիրների տարվա ամենասիրելի ձայնագրությունը, ստացել է Ճապոնիայի Geijutsu Award և Fono-Forum մրցանակները: Ժնևի Կատարողների միջազգային մրցույթում շահել է տասներկու մրցանակներից ութը (1992), գերմանական TV-Echo-ից ունի չորս մրցանակ: Յեհուդի Մենուհին հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի երաժշտական միջազգային խորհրդի մրցանակակիր է: Էմանուել Պայուն Լոնդոնի Royal Academy of Music-ի Պատվավոր անդամ է և ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում