«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնը համախմբել է լավագույն երգչախմբերին

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնը համախմբել է լավագույն երգչախմբերին

Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային և այլ երգչախմբեր համատեղ համերգով հանդես են եկել «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում: Հոկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 149-րդ տարեդարձին: Համերգի մեկնարկին ներկաները հարգանքի տուրք մատուցեցին լեգենդ Շառլ Ազնավուրի հիշատակին՝ մեկ րոպե լռությամբ և ծափերով ճանապարհելով շանսոնյեին:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից հայտնում են, որ համերգի ընթացքում կոլեկտիվները կատարել են Կոմիտասի, Պալեստրինայի, Պուլենկի, Բրամսի, Հովհաննիսյանի, Երկանյանի, Մանսուրյանի, Վարդազարյանի, Պետրոսյանի, Ահարոնյանի ստեղծագործությունները:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը լրագրողների հետ զրույցում առանձնահատուկ շեշտել է, որ Կոմիտասը այնպիսի հարուստ ժառանգություն է թողել, հիմնված ազգային երաժշտության վրա, որը պետք է ամբողջ աշխարհը ճանաչի: Նրա խոսքով, Կոմիտասին պետք է մշտապես հանրահռչակել և այդ ուղղությամբ պետք է մշտապես աշխատել: «Կարծում եմ՝ մենք շատ քիչ ենք աշխատում այդ ուղղությամբ, այնինչ Կոմիտասի թողած ժառանգությամբ պետք է հիանա ողջ աշխարհը»,- ընդգծել է նա:

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագի» կատարումը Հառիճավանքում ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։
«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնը հիմնվել է 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ երեք տարիներին այն անց է կացվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից՝ ներգրավելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտներ և գիտնականներ:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում