Մշակութային հեղափոխություն, մշակութային քաղաքականություն

Մշակութային հեղափոխություն, մշակութային քաղաքականություն

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս անգամ քննարկվեց մշակույթն ու նրա խնդիրները: Մշակութային քննարկմանը մասնակցում էին ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Մշակութային քաղաքականության հետ կապված՝ նրանցից յուրաքանչյուրն իր մոդելն առաջարկեց:

Կարեն Անտաշյան, բանաստեղծ

Քիջ առաջ խոսում էի Հովիկ Չարխչյանի հետ՝ նա ասաց, որ հիմա գրականության համար լավ ժամանակներ չեն: Այս նույն միտքը տարբեր ձևակերպումներով լսել եմ իմ մյուս ընկերներից՝ ակտիվ ստեղծագործող ընկերներից: Սրա հետ կապված մի պարզ բացատրություն ունեմ. թավշյա հեղափոխությունը Հայաստանի հանրապետության հռչակումից ի վեր ամենախելահեղ ստեղծագործությունն է: Բոլոր այն գործառույթները, որն ունի ակտիվ ստեղծագործողը, այսինքն՝ վեր հանել ճշմարտությունը, որը քողարկված է, նենգափոխված է, ծածկված է, թաքցված է, և, վերաձևակերպելով իրեն բնորոշ տեխնիկաների, հնարքների՝ արվեստի ամեն ոլորտ իր միջոցներով, հանրահռչակվել է հեղափոխության կողմից: Այս հեղափոխության հարթակը դարձել է այդ ճշմարտության հանրահռչակման թիվ մեկ էպիկենտրոնը, այսինքն՝ այն բոլոր գործառույթները, որն ունի կենդանի, ժամանակակից ստեղծագործությունը, հեղափոխությունը վերցրել է իր վրա: Հեղափոխության գլխավոր գաղափարախոսը Նիկոլ Փաշինյանի կողմից, հեղափոխության հեղինակը հռչակվել է հայ ժողովուրդը: Այսինքն՝ հայ ժողովուրդը այդ ստեղծագործության հեղինակն է, որը շարունակում է կայանալ: Բայց ցանկացած ստեղծագործություն, մինչև դառնում է մշակույթ, ահագին երկար ժամանակ է անցնում, նույնիսկ դարեր են անցնում մինչև մի ստեղծագործությունը դառնա մշակույթ, այսինքն՝ տեղայնանա որևէ ժամանակի մեջ և այս առումով ես կարծում եմ, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, այսինքն՝ ստեղծագործությունը ընթացքի մեջ է, բայց այն դեռ մշակույթ չի դարձել: Մշակույթն իմ համոզմամբ նաև տարբեր տեսաբանների ձևակերպմամբ՝ նյութական և հոգևոր արժեքների համախումբն է, որն ուղղորդում է մարդկանց գործուն ձևով, ուղղորդում է որոշակի պատմական իներցիա ստեղծելով: Մեր հեղափոխությունը արժեշղթայի իմաստով դեռևս այդ իներցիան չունի: Այստեղ է նաև մեր անելիքը: Դառնալով նախարարության աշխատանքներին՝ պարզ է, որ մշակույթի նախարարությունը, մշակութային քաղաքականության իրացման մեր մոդելի մեջ հիմնական գործառույթն է վերցրել իր վրա. մշակութային քաղաքականության մշակման, օրակարգի ձևակերպման և իրացման. այս առումով հեղափոխությունը նաև շատ կարևոր բաժանարար գիծ է գծել հին Հայաստանի և նոր Հայաստանի միջև. ինչո՞վ պիտի դա դրսևորվի մշակութային քաղաքականության մեջ, այն իմաստով, որ մշակույթի իրացման տարածքը սովորաբար երկու տեսակի է լինում: Հին Հայաստանին բնորոշ մշակութային իրացման տարածքը դա մանիպուլյատիվ մշակույթն էր, որի լավագույն մետաֆորը հայլուրի Հայաստան մետաֆորն էր. նշանակում է հանրահռչակվող փաստերը և իրականությունն իրարից այնքան խզված են և պետությունն ավելի շատ մշակութային քաղաքականությունն իրացնում է իրեն ձեռնտու գաղափարները, գործիչներին, համայնքներին օգնելու, աջակցելու, առաջ տանելու, ինստիտուցիոնալ բնույթ տալու, բարգավաճում ապահովելու համար, որոնք, այսպես ասած, բխում են իր վերարտադրության շահերից: Իսկ նոր Հայաստանի համար, այն արժեշղթան, որ պետք է նոր մշակութային քաղաքականությունը հռչակի, ազատականացման կամ էմանսիպացիայի կամ ժողովրդավարացման այն է, որ պետք է ապահովի բոլոր համայնքների, բոլոր ստեղծագործողների ներառականությունը։ Պետք է լինի ընտրյալների, նախկին պաշտոնական մշակութային գործիչների խավի վերացում, մշակութային պրոդուկտի ստեղծման ապակենտրոնացում և ներառականություն։ Սա ամենակարևոր մարտահրավերն է, որը պետք է օգնի իրացնել հեղափոխությունը իբրև նաև մշակույթ, իբրև նաև ազատականացում։ Այսինքն ֆինանսավորել ոչ թե կոնկրետ խավ, կոնկրետ շերտ, կոնկրետ մարդկանց, կոնկրետ ստեղծագործություններ, այլ ինքնին ստեղծագործությունը դարձնել հնարավոր և հասանելի բոլորի համար։

Մշակութային քաղաքականության չորս հիմնական մոդելներ կան աշխարհում։ Առաջին մոդելն այն է, երբ պետությունը հանդես է գալիս օգնողի կարգավիճակով, օրինակ՝ Ամերիկայի մշակութային քաղաքականությունը։ Դրա համար այնտեղ գոյություն ունի մասսայական մշակույթ երևույթը, որտեղից տարբեր բաներ են ծնվում։

Մշակութային քաղաքականության իրականացման մյուս մոդելը հովանավորի ինստիտուտն է, որը բնորոշ է Անգլիային։

Մեր մոդելը գալիս է ֆրանսիականից․պետության մշակութային քաղաքականությունը, այսպես ասած, որպես ճարտարապետ իրականացնելն է։ Այսինքն՝ երբ որ կա մշակույթի նախարարություն, որը կոնկրետ, հասցեական ֆինանսավորումներ է անում։

Լրիվ վերահսկող մոդելը Չինաստանում է գործում։

Գագիկ Գինոսյան, «Կարին ազգագրական երգի-պարի համույթ»

Այն մարդը, ով նախաձեռնողական հատկանիշներ ունի, ինքը երբեք այդ նախաձեռնողականությունից զերծ չի։ Կարող է ինչ-որ ժամանակներ գան, երբ որ մշակութային գործչի խոսքը հնչում է ձայն բարբառոյ հանապատի, բայց այնուամենայնիվ մարդը, որը իր տեսլականն ունի, տեսիլքն ունի, ինքը չի կարող իր մտքերը չարտահայտել, չբարձրաձայնել, տարբեր հարթակներում չօգտագործել, որպեսզի իր տեսակետը արտահայտի։ Ինձ համար երբեմն շատ վտանգավոր է թվում ազատականացում երևույթը: Մի անգամ ինձ եթեր հրավիրեցին, որպեսզի ինձ ծուղակը գցեն և ասացին՝ այ դուք խոսում եք ազգային մշակույթից, իսկ երկրի նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանը, հայտարարեց, որ մենք մշակութային դաշտն ազատ ենք թողել, ում կարիքը կա, նա էլ կզարգանա։ Ես հակադարձեցի, որ հողից մի փոքր հասկացող մարդը կիմանա, որ ազատ թողած դաշտում միայն մոլախոտեր են աճում, ինչը որ առկա է մշակույթում։ Կամ մշակութային քաղաքականություն, կամ ազատականացում։ Դրանք իրար հակասող բաներ են ինձ համար, որովհետև մոլախոտը նույնիսկ, եթե դաշտը վարում ես, ցանքս ես անում, հետևում ես, նույնիսկ քաղհան ես անում, միևնույն է մոլախոտը աճում է։ Այսինքն՝ նախ և առաջ երկիրը և նոր ժամանակները, նոր իշխանությունները պիտի ակնհայտորեն իրենց համար բանաձևեն, թե ին՞չ քաղաքացի է պետք Հայաստանին։ Եվ, ըստ դրա, ստեղծեն նաև մշակութային քաղաքականություն։ Այսինքն՝ ին՞չ քաղաքացի ենք մենք ակնկալում, ո՞վ է այդ հեղափոխությունը շարունակելու։ Այսինքն՝ ինչ է փոխվել Հայաստանում և այդ երևույթը ավարտին հասցնելու, մեր երազած Հայաստանը գոնե մոտավոր ուրվագծելու, իր տեսքին բերելու համար, ինչպիսի՞ քաղաքացի է պետք։ Ես ընտրություններին շարունակ բարձրաձայնել եմ, որ ոչ մի քաղաքական ուժ չի խոսում քաղաքացու գաղափարից, այ ինչպիսի քաղաքացի է պետք, որը պիտի տեր կանգնի իր երկրին, իր ազգային ինքնությանը, իր ապագային։ Այսինքն՝ եթե մենք կրկին չունենք այդ պատկերացումը, եթե մենք չգիտենք ին՞չ քաղաքացի է պետք՝ հազարամյակի մարտահրավերներին դիմակայելու, ինչպիսի՞ քաղաքացի է պետք, որը հիմնավոր կանգնելու է իր արժանապատվությանը, իր ինքնությանը, իր պետականությանը տեր կանգնելու և ոչ թե ազատականություն։ Մեր բյուջեն, ամբողջ երկրի բյուջեն Ադրբեջանի բանակի բյուջեից փոքր է։ Եվ ակնհայտ գոյություն ունի մշակութային ինտերվենցիա։ Դանիայում ստեղծվում է մի կազմակերպություն, որը ֆինանսավորվում է Թուրքիայից և Դանիայից, ներդրվում է գումար ապականված մշակույթ տարածելու Հայաստանում։ Եթե մենք ազատականություն ենք քարոզում․ դա նույնն է, ինչ ոչխարին գցենք առյուծի վանդակը և ասենք կյանքը կորոշի ո՞վ պիտի շարունակի ապրել։ Մենք կամ հստակ պիտի հասկանանք մենք ին՞չ ենք ուզում և ին՞չ ենք ակնկալում։ Եթե ես երկրին տեր պիտի կանգնեմ, ես երկրին վահան պիտի լինեմ և նաև սուր ունենամ։ Եթե ես պիտի սուրն ու վահանը դեն գցեմ, և ասեմ ես ազատ մարդ եմ, ուրեմն պատրաստ եմ, որ առյուծն ու գայլը ինձ հոշոտեն: Մենք շրջապատված ենք գոնե երկու երկրով՝ Թուրքիա, Ադրբեջան, որոնք երեսուն տարի շարունակ, մոտ երեսուն տարի տնտեսապես շրջափակում են Հայաստանը, որն իրենց էլ տնտեսապես ձեռնտու չի, բայց իրենք հստակ քաղաքական դոպինգ են իրականացնում Հայաստանի դեմ և ռազմական ագրեսիա են իրականացնում պարբերաբար։ Դա հո ձրի չի լինում, գումար է ներդրվում։ Այսինքն՝ եթե այդ երկրներն այդքան գումար ունեն ներդնելու համար, վստահաբար կարող եմ ասել՝ այդ երկրները լուրջ գումարներ են ներդնում Հայաստանում ապականված մշակույթ տարածելու, մեր հասարակությունը տձևացնելու և խեղելու համար։ Եվ, եթե մենք ասում ենք ամեն ինչ կարելի է և ամեն ինչ թույլատրելի է, կներեք մենք ոնց որ զրահները հանենք և զինված մարդու դեմ կանգնեք, ասենք ամեն ինչ թույլատրելի է։ Կամ մենք հասկանում ենք՝ դեպի ու՞ր ենք գնում և ին՞չ ենք ուզում և մեր արժանապատվությանը, մեր ինքնությանը տեր կանգնող հասարակություն ենք ձևավորում։ Ամերիկայի նման երկրի համար դեմոկրատիան շատ լավ խավ է, բայց, եթե դեմոկրատիան քո մարմնի մեջ օտարի մատերը խրելու մեջ և քո մարմինը կառավարելի դարձնելու մեջ է, կներեք՝ մեր ո՜չ բյուջեն, ո՜չ մեր աշխարհագրական դիրքը, ո՜չ մեր ռազմավարական անխոցելիությունը կամ խոցելիությունը թույլ չեն տալիս, որ մենք նույնքան դեմոկրատ լինենք։ Ամերիկայի համար շատ շահավետ խաղ է դեմոկրատիան, ինձ համար անընդունելի, որովհետև, եթե ես նույնքան դեմոկրատ գտնվեմ, ինչքա՞ն բյուջե է կազմում Հայաստանի մշակույթը․ավելի քան համոզված եմ հարյուրապատիկ բյուջե ներդրվում է Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից Հայաստանը ոչնչացնելու համար։ Մի անգամ Սերժ Սարգսյանի հետ բանավեճի ժամանակ ասացի, որ նա մշակույթի լեզուն չի հասկանում, բիզնեսինը հասկանում է։ Եթե մի բիզնեսի մեջ ներդրել եք մի դոլար, մյուսի մեջ մեկ միլիոն դոլար Դուք ակնկալում եք, որ դրանք պիտի իրար մրցունակ լինե՞ն, մրցակցության մեջ լինե՞ն։ Ոն՞ց կարող է լինել մրցակցության մեջ մեկ դոլար ներդրված բիզնեսը և մի միլիոն ներդրվածը։ Եթե մշակույթի մեջ ներդրում է արվում մի դոլար և օտարը մի միլիոն դոլար ներդնում է անում, որպեսզի ոչնչացնի քո մշակույթը և քո մշակույթի միջոցով քո ինքնությունը, ին՞չ մրցունակության և ին՞չ ազատականության մասին է խոսքը։ Եթե մենք չունենք հստակ քաղաքականություն, սա արդեն ողբերգություն է, եթե մենք էլի չունենք հստակ քաղաքականություն։ Նախորդ իշխանությունները կոմպլիմենտար քաղաքականություն էին վարում։ Ես որևէ մեկին չեմ վիրավորում։ Ինձ համար բոլոր մշակութային շերտերը, եթե նրանք ազգին պիտանի են, ընդունելի: Լուրջ գումարներ են ներդրվում, ասենք՝ Նժդեհ ապականելու համար՝ 7 միլիոն դոլար, կամ լուրջ գումարներ են ներդրվում Մշակույթի նախարարությունը նկարում է Տաքսի էլի լավա, մի ֆիլմի բյուջե, որի բյուջեով կկերակրվեր առնվազն 10 ազգային խումբ 5 տարի։ Այսինքն՝ եթե ես չունեմ հստակ քաղաքականություն, ասում եմ ոչ մեկ չնեղանա էլի կոմպլիմենտար քաղաքականություն է, տո թող ջազն էլ լավ զգա, ռոքն էլ․ մի քիչ նրան կտանք, մի քիչ նրան։

Այսինքն՝ ես այդ ազատականությանը մեծ, շատ մեծ վերապահումով եմ վերաբերվում։ Չի կարող մեր նման երկիրը, տարբեր խաչմերուկներում գտնվող երկիրը, որը գտնվում է և՛ մշակութային, և՛ աշխարհագրական՝ Ասիա-Եվրոպա և կրոնական՝ քրիստոնեություն-մուսուլմանություն և ռազմավարական՝ մեծ գերտերությունների շահերի բախման խաչմերուկում, այսինքն՝ կարելի է ասել հինգ-տաս խաչմերուկում գտնվող երկիրը չի կարող ուղղակի ասել դե լավ մենք հիմա ազատ ենք, ինչ ուզում եք արեք։ Ես, եթե խաչմերուկ եմ, ես պիտի հասկանամ, որ այդ խաչմերուկը ես պիտի տնօրինեմ, որ ինձ հետ հաշվի նստեն, իսկ, եթե ես թույլ եմ տալիս, որ ինձ տնօրինեն, ես վերածվել եմ Իրաքի։ Իրաքում բոլորը հարցերը լուծում են բացի Իրաքից, Հարավսլավիայում բոլորը հարցերը լուծեցին բացի Հարավսլավիայից․Ռուսաստանը մտավ, Ամերիկան մտավ, Սիրիայում նույն բանն է կատարվում․ բոլորը հարց են լուծում բացի Սիրիայից։ Եթե մենք այդպիսի երկիր ենք ուզում, որ բոլորը հարցերը լուծեն, բացի հայերից, ուրեմն ճիշտ է ազատականությունը։ Ես վճռականորեն համոզված եմ, որ Հայաստանի ճակատագրի և հայ ժողովրդի ճակատագրի տերը միայն նվիրյալ հայերն են․ տվյալ դեպքում ավելի քան գիտակցական կարգապահություն է պետք ազգին, ոչ թե ազատականություն։

Քրիստ Մանարյան, երգահան-սցենարիստ

Ապրիլին ես գնացել եմ մարտական հերթապահության։ Ես հասկացա, որ ես իմ կյանքի ամենակարևոր բանն եմ անում։ Դա մեր անելիքներից ամենալուրջն էր, գոնե իմ կյանքում։ Եվ ես կերազեի, որ Հայաստանը լիներ զորանոց և ես դա միշտ ասել եմ ու նորից պնդում եմ, որ բոլորը պիտի զորանոցի կանոններով ապրեն, իսկ զորանոցում կյանքը հավատացեք շատ ավելի հետաքրքիր է, քան դուք կարող է հիմա պատկերացնեք։ Երբ հարցը հասնում է տագնապի ազդանշանին, բոլորը վազում են փրկելու հայրենիքը։ Իմ աղջիկը երկուսուկես տարի նախագահական նվագախմբում նվագել է, որովհետև հինգ տարեկանից երազել է զինվորական շոր հագնի, իմ պապը եղել է սպիտակ գվարդիական։ Ես չեմ ուզում ինձ վրա կենտրոնանալ, բայց իմ ընկերները, որ էնտեղ էին ինձ հետ, ում հետ ես կարողացա ծանոթանալ, բոլորը այդ տեսակ տղաներ էին։ Երբ որ գնում ես այնտեղ, զարմանում ես, ասում ես, եթե այսքան հայրենասեր մարդ հավաքված է իրար գլխի, էլ ին՞չ պրոբլեմ ունենք մենք Հայաստանում, որտեղի՞ց են դուրս գալիս այդ անհասկանալի պրոբլեմները։ Բայց քաղաքացիական կյանքն այդպիսին է․ հավասարեցնում է, լղոզում է, պառտկում է ինչ-որ բան, կամաց-կամաց գլուխ են բարձրացնում անհասկանալի փոքրամասնությունները՝ ոչ միայն սեռական, հասկանում ես, որ այդ ամեն ինչը ուղղորդվում է։

Ես, օրինակ, ուզում եմ դիմեմ ինչ-որ կազմակերպության․ այսօր հայրիկիս թատրոնի հարցը կա Ագուլիսը, որը վերանորոգման կարիք ունի, բայց ես նայում եմ, տեսնում եմ Սորոսն է դա ֆինանսավորում, իսկ ես ինձ պարզապես որպես մարդ չեմ կարող թույլ տալ գնալ որևէ կազմակերպության դիմել, որի գլխին կանգնած է Սորոսը։ Ինչքան էլ հայավարի մտածենք, որ գիտեք, հա լավ սա հիմա պոկենք, սա երեխեքի համար է արվում, ինձ համար դա անընդունելի է։ Ես մի լավ ընկեր ունեմ, որը ռաբիս համերգներ էր կազմակերպում: Ինքը փողը հավաքում էր, առյուծի բաժինը տալիս էր քաղցկեղով հիվանդ երեխաներին, նրանց բուժմանն էր ծառայեցնում, բայց միևնույնն է, ես ասում եմ դու հասկանում ես, որ այդ համերգներից հետո առողջ երեխաներին ես փչացնում՝ հոգեպես։ Նրանք, որ գալիս են, տեսնում են սարսափելի կաղկանձ, վնգստոց, ոռնոց ու մտածում են, որ երևի դա մշակույթի մի մասն է։ Եթե ինձ եք հարցնում, պարտադրանք անպայման պիտի լինի մշակութային դաշտում։ Միևնույնն է, մենք շատ ազատամիտ մարդիկ ենք, հայերն իմ խորին համոզմամբ աշխարհի բոլոր ժողովուրդներից տարբերվում են, որ ունեն անհատական գիտակցություն, անհատական գիտակցության կրողն են, մնացածները՝ կոլեկտիվ։ Ինչքան էլ պարտադրեն հային, միևնույնն է ինքը չի դառնա մրջնանոցի մրջյուն, ինքը միշտ ազատ մարդ է, բայց ուղղորդել նրան պարտավոր ենք։ Մենք պիտի այնպես կառուցենք մեր հասարակությունը, որ ամեն մեկը պատասխանատու լինի, իրեն նախ և առաջ զգա զինվոր, իսկապես զինվոր, ինչպես Իսրայելում աղջիկները, ոնց որ տարիքով մարդիկ գնդապետին հասարակական պարսավանքի էին ենթարկել, որովհետև զինվորը ձեռքը տնկել էր ու ինքը մեքենան չէր կանգնեցրել, մի խոսքով՝ նրան ավտոստոպով չէր տարել մի կետից մյուսը․ այդ մարդը խայտառակ եղավ ամբողջ Իսրայելում, որովհետև ինքը զինվորին չի տարել, այնտեղ զինվորի պաշտամունք է։ Ես գտնում եմ, որ մեր երկրում նույնը պիտի լինի, շատ բացահայտ սա իմ վերաբերմունքն է։

Բելառուսում ծանոթ մի շատ լավ բանաստեղծուհի ունեմ, մի ժամանակ ինձ առաջարկում էր միասին գործ անել, ասում է՝ դու չես պատկերացնի, ինչքան փակ է մեր հասարակությունը։ Օրինակ՝ հարյուր դոլար փոխանակման կետում մանրելու համար տաս հատ թուղթ ենք լրացնում, այնտեղ դեռ Խորհրդային կարգեր են և երկրից դուրս գնալն էլ հեշտ չի։ Մենք այդ հարցը ոնց-որ թե լուծել ենք, գնում են- գալիս են, ազատ են, բայց ով որ այստեղ է, այստեղ է, ով, որ պատասխանատու է այս հողի համար, պիտի հասկանա, որ, եթե մի հիմար բան որոշեցիր անել, դե չեն նկատի առանձնապես, բայց ես դրա փողը կստանամ, հետո դրանով լավը կանեմ, ինձ համար սա անընդունելի է, չի կարելի այսպես շարժվել։ Ամեն անգամ մարդն իր խղճի մտոք պիտի գործի և հասկանա, թե իր գցած քարը ու՞ր գնաց, որովհետև Հայաստանն այն առուն է, որն այստեղից չերևացող դաշտեր է ջրում։ Եթե ինքը չորացավ, այդ դաշտերն էլ են չորանում։ Ես կարծում եմ, որ մենք լավ պիտի հասկանանք, թե որտեղ ենք ապրում, ինչ պատասխանատվություն է հայ ծնվելը, այն էլ տղամարդ ծնվելը․ դա մեծագույն կոչում, որը մեզ բոլորիս տրված է։ Ժամանակ իզուր չվատնենք և եթե ինչ-որ բան պիտի անենք, պարտադրանքը դրա մեջ անպայման լինի։ Ո՞ր երեխան է իր ցանկությամբ գնում դպրոց։ Մեկ-մեկ իրեն պիտի ստիպել․ անգլիացիները մի բան գիտեն, որ երեխաներին մինչև հիմա ծեծում են դպրոցներում։ Ես գտնում եմ, որ դա ճիշտ է։

Երեկ հեռուստացույցով տեսա, որ Սոչիում հայկական երգի փառատոն-մրցանակաբաշխություն է։ Ես ինքս մի անգամ Լոս-Անջելեսում եղել եմ Armenian Music Awards-ի ժյուրի։ Բայց ինչու՞ դա պիտի Սոչիում անցկացվի, ինչու՞ դա մեր երկրում չանցկացվի և այդ փառատոնը քոչի մի երկրից մյուսը, ինչ՞ է մենք հայրենիք չունենք։

Հովիկ Չարխչյան, գրող-գրականագետ

Մեր հասարակությունն առավել քան քաղաքականացված է և այս պահին գրականության կամ մշակույթի մասին խոսելը, բարձրաձայնելը շատ լսելի չի լինի։ Եղել են ավելի բարվոք ժամանակներ ու հուսամ ավելի լավ ժամանակներ կլինեն։ Մշակույթը կար, երբ հեղափոխությունը չկար։ Երբ հեղափոխությունը եղավ, մշակույթն էլի կա ու վստահ եմ, որ հեղափոխությունից հետո էլ մշակույթն էլի լինելու է։ Այսինքն՝ մշակույթի գոյությունը, նրա որակական դրսևորումները, նրա ապագան, նրա՝ անցյալից ժառանգություն վերցնելու հետևողականությունը, պայմանավորել քաղաքական իրադարձություններով, ճիշտ չեմ հաշվում։ Մշակույթը չի, որ պիտի ծառայի հեղափոխությանը, ճիշտ հակառակը պիտի լինի․ հեղափոխություններն են, որ պիտի ծառայեն մշակույթին։ Ինչպես է մշակույթը հեղափոխությանը ծառայելու, ին՞չ է անելու գնալու է նրա երգիչը դառնա, նրա կամակատարը դառնա, նրա թևի տակ ապրի ու գովերգի նրան։ Ին՞չ է պահանջվում մշակույթից հեղափոխության համար։

Եթե պարտադրանք, այդ դեպքում ո՞վ է լինելու պարտադրողը, ին՞չ նպատակով է պարտադրելու և այդ պարտադրանքը մեզ դեպի ու՞ր է տանելու։ Եղել են այդպիսի դեպքեր, երբ մշակույթին պարտադրել են ծառայել ինչ-ինչ բաների, հետո դրանց ավերիչ ազդեցությունները մենք տեսել ենք և՛ մեր երկրում և՛ մեր երկրից դուրս։ Ազատականացման մեջ միայն վատ երանգներ տեսնել չէի ուզենա։ Ես ինքս էլ դեմ եմ շատ այլանդակ դրսևորումներին, որոնք դրսից ներմուծվում են Հայաստան, գալիս աղճատում են մեր նկարագիրը, մեր բարոյականությունը, փչացնում են մեր երեխաներին, փչացնում են մեր մշակույթը։

Ես չեմ պատկերացնում մշակույթ առանց ազատ դրսևորման։ Մշակույթից վերցրու իր ազատ դրսևորման հնարավորությունը և այն կդադարի մշակույթ լինելուց։ Ինչի՞ համար է մշակութային պատմությունը, եթե պիտի հաշվի չառնենք դրա օրինակները, դրա հետևանքները, դրա թողած դասերը ու գանք զրոյից սկսենք։ Ուրեմն ոչ մի բան չենք ստեղծել մինչև հիմա։ Ոչ մի լավ բան չի եղել թիկունքում։

Արմեն Ավանեսյան, գրականագետ-խմբագիր

Այսօրվա զրույցից ազատականությունն ես ընկալեցի, որպես ամենաթողություն։ Շատ-շատերը կարող են մշակութային այս կամ այն ոլորտն իրենց համար այսօր դարձնել բիզնես, պանիր ծախողի հոգեբանությամբ իրենց բիզնեսը անել։ Այս դեպքում ազատ է դաշտը և ոչ մեկ չի գնալու նրա օձիքից բռնի ասի այս գործն այսպես մի բեմադրի, այս դերասաններով կամ դու այս գիրքը մի՛ գրի կամ դու այս երգը մի՛ երգի․ ինքն իր բիզնեսն է անում։

Մենք պետք է ունենանք ազգային ծրագիր։ Գոնե գրականության ասպարեզում ես տեսնում եմ նման ծրագրեր, օրինակ՝ գրողին աջակցելու։ Պիտի խորհուրդներ ստեղծվեն, որպեսզի այդ խորհուրդները կայացնեն որոշում, որովհետև մեկ հոգի չպետք է որոշում կայացնի։ Այս խորհուրդները պետք է հնում ստեղծված արժեքների կրողը լինեն։

Մենք այսօր լավ մշակույթը հանրայնացնելու խնդիր ունենք։ Մենք պիտի կարողանանք մշակութային կրթություն ստեղծել։

Վահե Արսեն, բանաստեղծ

Առաջնահերթ մենք ունենք հասարակության կրթվածության խնդիր։ Արվեստ ընկալելը հեշտ բան չէ։ Ինչքան կրթվածությունը բարձրանա, այնքան խորհրդի դերը կնվազի։ Դուք այսօր տեսեք երիտասարդների բառաֆոնդը։ Խոսակցական լեզուն ավելի կարևոր է, քան գրական լեզուն։ Խոսակցական լեզուն է կերտում պատանի, երիտասարդ։ Մշակույթը լեզուն է։ Մշակութային առումով մենք պետք է ազատվենք սովետական տիրապետությունից, որն իշխում է գողական մշակույթի միջոցով։ Կարևոր է այն հարցը, թե ո՞վ է ստանձնում պաշտոն։ Երկրորդ նախագահի մեծագույն մեսիջը գիրք չկարդալն էր։

Նիկոլայ Ծատուրյան, բեմադրիչ-ռեժիսոր

Մեր մշակույթի վիճակը խայտառակ վատ է։ Մենք նախնադարում ենք։ Մենք ենք, մեր ճահիճը։ Մենք էլ մեջը լավ կռկռում ենք ու շատ գոհ ենք ինքներս մեզնից։ Պիտի ճաշակ սերմանել, որպեսզի ռաբիս չլսի, Կոմիտաս լսի երիտասարդը։ Հայրենասիրությունը զոհողություն է պահանջում։ Եթե այսպես շարունակվի, մենք մեր հայրենիքը կկորցնենք։ Չափանիշ մենք չունենք։ Լրիվ աշխարհից անջատ ենք, չենք իմանում ին՞չ է կատարվում։ Եթե տերերը շատանան, ամեն մեկն իր բնագավառում, այս երկիրը երկիր կդառնա։

Լիլիթ Բլեյան, հեղինակային երգչուհի

Հեղափոխությունը փոփոխություն չի, հեղափոխությունը շանս է փոփոխության։ Հեղափոխության արդյունքում իշխանությունը փոխվեց, բայց հասարակությունը նույնը մնաց։ Մենք դեռ խնդիր ունենք հասկանալու՝ ին՞չ է տեղի ունեցել, իսկ տեղի ունեցածը նոր չի սկսվել։ Ես կուզեի, որ մենք փորձենք ավելի լեգատոն մտածել, այսինքն՝ պահել երաժշտական գիծը ստեղծագործության սկզբից մինչև վերջ ու մնալ մի տրամաբանության մեջ։ Մենք չենք կարող ժխտել այն ամեն ինչը, ինչը տեղի է ունեցել և չենք կարող դադարել տեղի ունենալ։ Մենք պիտի շատ պրակտիկ լինենք։ Կառուցվածքային առումով մեր մշակույթի նախարարությունը արխայիկ կառույց է։ Հեղափոխությունը մեզ տալիս է հնարավորություն բացվելու։

Անուշիկ Հարությունյան, երգչուհի, Old Band խմբի վոկալիստ Պետք է դպրոցականների և ուսանողների վրա տոմսեր չվաճառել, նրանց համար մուտքը թատրոններ պիտի լինի անվճար։ Հրագը ռաբիսից ավելի ցածր է։ Երեխային պետք է կրթել և արվեստին վերաբերող բոլոր օջախների դռները պետք է բաց լինեն նրանց համար։ Որոշակի ուղղորդում պետք է լինի։

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում