Կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նվիրվեց Շառլ Ազնավուրի հիշատակին

Կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նվիրվեց Շառլ Ազնավուրի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես եկան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Հոկտեմբերի 4-ին անցկացված երեկոյին կոլեկտիվները ղեկավարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը:

Համերգը նվիրվեց մեծանուն հայի՝ Շառլ Ազնավուրի հիշատակին, և ներկաները միջոցառման մեկնարկին հոտնկայս հարգեցին լեգենդի հիշատակը:

Կոլեկտիվները համերգի ժամանակ ներկայացրին Գաբրիել Ֆորեի «Պավանա», Ֆրանսիս Պուլենկի «Կոնցերտ երգեհոնի, լարայինների և գոսերի համար» (մենակատարներ՝ Թերեզա Ոսկանյան- երգեհոն, Հարություն Մկրտչյան- գոս (տիմպանի) ստեղծագործությունները, ինչպես նաև Ռոբերտ Ամիրխանյանի Ֆրանսալեզու երգերը:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ բազում լեզուներով գրված գործեր ունի, այդ թվում նաև՝ ֆրանսերեն: Նա համերգի մեկնարկին առանձնահատուկ շեշտեց, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես են գալիս մեր երկրի լավագույն դիրիժորներից մեկի՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

«Ես յուրահատուկ վերաբերմունք ունեմ ֆրանսիական երաժշտության և ֆրանսիացի կոմպոզիտորների նկատմամբ: Այդ իսկ պատճառով կոմպոզիտորների ընտրությունը միայն Ֆրանկոֆոնիայի օրերով չի պայմանավորված»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Ռոբերտ Մլքեյանը՝ հավելելով, որ կոլեկտիվները բազմիցս կատարել են ֆրանսիացի հեղինակների ստեղծագործություններ:

Հավելենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Հայաստանում հոկտեմբերի 11-12-ը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում էլ կազմակերպված էր կոլեկտիվների այս համերգը:

Մամուլի հաղորդագրություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում