USD
EUR
RUB

«Չնայած ապրում եմ Ֆրանսիայում, ճամփորդում աշխարհով մեկ, իմ ազգայինից երբեք չեմ օտարվում»

 
 

«Իրատեսի» հյուրը Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից, աշխարհի բազում բեմեր նվաճած, պատկառելի հաջողություններ գրանցած սոպրանո ԱՆՆԱ ԿԱՍՅԱՆՆ է: Նա առաջին անգամ է Հայաստանում, բայց արդեն սիրվել է հայ արվեստասերների կողմից և պատրաստվում է առաջիկայում ևս հանդես գալու հայրենիքում նոր համերգային ծրագրերով:

- Աննա՛, Դուք սերում եք այնպիսի ընտանիքից, որում համադրված են հայկական տարբեր տարածաշրջաններին բնորոշ հատկանիշներ՝ Արևմտյան Հայաստան, Արցախ, Գավառ: Ինքներդ էլ ծնվել եք Թբիլիսիում: Ձեզ առավելապես որտեղացի՞ եք համարում ծագումով:

- Երբեք այդ մասին չեմ մտածել: Ինձ միշտ համարել եմ այդ բոլոր շերտերը, հայ մշակույթի բոլոր գույներն իմ մեջ արժանապատվորեն կրող մարդ: Ծնվել եմ Թբիլիսիում, և դա ևս նպաստել է իմ կոլորիտային, վառվռուն, բազմաշերտ էության ձևավորմանը: Կարելի է ասել, դա ստեղծել է հայկական տարբեր ճյուղավորումների, տարբեր մշակույթների գունագեղ համապատկեր: Թբիլիսին այն հողն է, որում աճել եմ, որտեղ ստացել եմ իմ նախնական կրթությունը, ապա ուսանել կոնսերվատորիայում, ձեռք բերել այն որակները, որոնց շնորհիվ ես ամեն տեղ ինձ յուրային եմ զգում: Ամենուր ներկայանում եմ այնպիսին, ինչպիսին կամ: Կա՛մ կընդունեն, կա՛մ ոչ: Բայց մինչև հիմա չի եղել դեպք, որ չսիրվեմ, չընդունվեմ: Հայտնի խոսք կա՝ բոլորի համար սիրելի չես կարող լինել: Դա ինձ հետ դեռ չի պատահել: Ես շատ ինքնաբուխ մարդ եմ, դա իմ արյան թելադրանքով է:

- Երգչուհու համար զարմանալի լեզվաբանական որակներ ունեք, խոսում եք անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, վրացերեն, հայերեն: Ինչպե՞ս եք հասցրել մասնագիտական փայլուն կարիերայի հետ համատեղել լեզուների այսպիսի իմացությունը:

- Համատեղել եմ շատ հեշտությամբ: Դա ևս իմ ինքնաբուխ լինելու արդյունքն է երևի: 2005 թվականից սկսեցի շատ հաճախ մեկնել Իտալիա՝ երգելու և ցանկացա հասկանալ երգերի տեքստերում արտաբերածս ամեն մի բառը: Չեմ կարող երգել՝ առանց հասկանալու տեքստը: Խոսքը շատ մեծ նշանակություն ունի: Պետք է այնպես կատարես, որ և՛ երաժշտությունը, և՛ բառը հասնի ունկնդրին: Շատերը դա չեն հասկանում:

Երաժշտությունն իր լայն նրբերանգներով կլանում է նրանց, իր հուզականությամբ լիովին գրավում, և խոսքին, բառին ճշգրիտ շեշտադրություն չի հաղորդվում: Այսպիսի դեպքերում մի տեսակ անհամապատասխանություն է առաջանում: Այդ պատճառով էլ ես միշտ կարևորել եմ տվյալ երաժշտական դրվագում հնչող բառի իմաստը: Դա օգնում է, որ համակողմանի լինի մատուցումը, որ ամբողջ խորությամբ հասնի մարդկանց: Այս նկատառումներով ես սկսեցի յուրացնել իտալերեն երգերի տեքստերը, ապա կամաց-կամաց սովորեցի խոսել, հաղորդակցվել: Եվ այսօր արդեն այնպես եմ խոսում, որ իտալացիները չեն պատկերացնում, թե իտալացի չեմ: Մանավանդ որ հայերն ու իտալացիները նման են իրար: Ինձ միշտ ասում են՝ կա՛մ Սիցիլիայից ես, կա՛մ Սարդինիայից, կա՛մ Թուրինից: Երբ իմանում են, որ հայ եմ, շատ են զարմանում: Բայց որքան էլ իտալացու նման լինեմ, աչքերս հայկական են. աչքերը շատ բան են ասում: Լեզուների իմացությունը շատ է օգնում տարբեր միջավայրերին ինտեգրվելուն: Երբ չկա լեզվական արգելք, հեշտ ես դառնում յուրային, հեշտ ես շփվում դիրիժորների, երգիչների, մյուս գործընկերներիդ հետ: Երբեմն փորձերի ժամանակ թարգմանում եմ օտար երկրներից եկած երգիչներին, ու ինձ կատակով ասում են. «Պայմանագրիդ մեջ պիտի գրես, որ նաև թարգմանիչ ես»: Դա իսկապես մեծ հարստություն է. երբ կարողանում ես տարբեր լեզուներով ազատ հաղորդակցվել, քեզ ամեն տեղ տանն ես զգում:

- Բազմաթիվ պատկառելի նվաճումներ եք գրանցել իբրև երգչուհի թե՛ Ֆրանսիայում, որտեղ ապրում եք հիմա, թե՛ աշխարհի մշակութային այլ կենտրոններում: Հայաստանում ունեցած ելույթը Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայի Նեդդայի դերում ի՞նչ արժեք ունի Ձեր ստեղծագործական կյանքում:

- Չեք կարող պատկերացնել, թե քանի տարի եմ երազել ելույթ ունենալ Հայաստանում: Երբեք չէի եղել Հայաստանում, սա առաջին այցս է, բայց փափագել եմ գալ, որովհետև յուրաքանչյուր հայի համար սա պատմական հայրենիք է: Ինձ համար՝ առավել ևս, որովհետև իմ նախնիները մայր հողի վրա են ծնվել: Ես իմ հոր աղջիկն եմ և փայփայում էի երազանքը, որ գամ մեր բնօրրանը, իմ հայրենիքում իմ հայրենակիցների առջև ելույթ ունենամ: Շատ մեծ է հայաստանյան ելույթների նշանակությունն իմ կյանքում:

-Դուք մեծացել եք դուդուկի, հայկական աշուղական մեղեդիների հնչյունների ներքո, քանի որ Ձեր հայրը եղել է հայտնի դուդուկահար Թբիլիսիում: Ինչպե՞ս կատարվեց անցումը դեպի օպերային արվեստ:

- Այո՛, հայրս դուդուկ էր նվագում, բայց ուներ նաև դասական երաժշտական կրթություն, պարզապես նրա մեջ հզոր էր մղումը դեպի իր ազգային երաժշտությունը, դեպի ժողովրդական երակը: Դա արյան, արմատների կանչն էր, որ մշտապես կայծկլտում էր նրա մեջ: Բացի այդ, ժողովրդական երգի, ժողովրդական մեղեդիների մեջ էլ կան ավանդույթներ, կանոններ, և դրանք կատարելը ևս մասնագիտական մոտեցում է պահանջում: Եվ եթե հայրս ժողարվեստի ներկայացուցիչ էր, մայրս դասական երաժշտության ոլորտից է, դաշնակահարուհի է: Ավագ քույրս երաժշտագետ-դաշնակահարուհի է, միջնեկը՝ ջութակահարուհի: Այնպես որ, ինձ շրջապատել է այդ ամբողջ գունապնակը: Վեց ամսական եմ եղել, երբ լսելով Բախի «Ֆուգան», սկսել եմ ոտքով ռիթմը խփել: Շատ հաճախ հենց դասական, ակադեմիական երաժշտության մեջ էլ արտահայտված են ժողովրդական մոտիվները: Դա ոչ միայն հայկական երաժշտությանն է բնորոշ, այլև եվրոպականին: Նույն իտալական օպերաներում առկա է ժողովրդական տարրը: Ես իսկապես երջանիկ եմ, որ մեծացել եմ սեփական պատմության, սեփական գեների հանդեպ անսահման սիրո մթնոլորտում: Դա անպայման իր դրոշմն է դնում մարդու վրա: Չնայած ապրում եմ Ֆրանսիայում, ճամփորդում աշխարհով մեկ, իմ ազգայինից երբեք չեմ օտարվում:

- Հզոր և գեղեցիկ ձայնին համադրվում է Ձեր արտիստիզմը: Տպավորությունը երբեմն այնպիսին է, որ բեմի վրա դրամատիկական թատրոնի դերասանուհի է, որը նաև կարողանում է երգել: Դուք չե՞ք ձգտում հանդես գալ թատերական ներկայացման մեջ կամ կինոյում:

- Արդեն հանդես եմ եկել: Իտալիայում նկարահանվել եմ երկու ֆիլմում: Մեկը ֆիլմ-օպերա է: Նկարահանվել է Թուրինում: Դա իսկական կինո էր, ոչ թե օպերային ներկայացում՝ բեմի վրա: Երկուսուկես ամիս կինոխցիկը հետևներիցս շրջում էր, նկարում մեզ տարբեր տեղերում: Այդ նկարահանումների ժամանակ իտալացի հայտնի ռեժիսոր և դերասան Կառլո Վերդոնեն մոտեցավ ինձ և առաջարկեց նկարահանվել կինոյում: Ասաց. «Դու կինոխցիկի հետ լավ ես ընկերակցում, դա բացառիկ բան է»: Ես ասացի, որ մեծ ուրախությամբ կնկարահանվեմ: Անցավ երեք տարի, նա ինձ զանգահարեց, առաջարկեց կարդալ իր ֆիլմի սցենարը, և հավանելու դեպքում, խաղալ կանացի գլխավոր դերը: Գնացի, կարդացի, նկարահանվեցի և ունեցա մեծ հաջողություն: Կինոքննադատները, լրագրողները պարզապես ապշած էին, որ օպերային երգչուհին կարող է այդպես խաղալ կինոյում: Իմ խաղընկերներն իտալական կինոյի հսկաներն էին՝ Կառլո Վերդոնեն և Անտոնիո Ալբանեզեն: Ես համարում եմ, որ դա իմ ստեղծագործական կյանքում բացված նոր դուռ է, նոր ճանապարհ, որն ինձ շատ է գրավում: Այլ առաջարկություններ նույնպես եղել են, բայց ինձ չեն գրավել, և ես հրաժարվել եմ: Եթե դարձյալ լինեն հետաքրքիր առաջարկություններ, ուրախությամբ կնկարահանվեմ:

- Հայաստանը շատ տարագիր հայեր ընկալում են իբրև վերջին հանգրվան: Դուք Ձեզ պատկերացնու՞մ եք երբևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակում:

- Անձնագրով, թե առանց անձնագրի՝ ես հայուհի եմ:

- Այսինքն, սպասում եք անձնագիր ստանալու առաջարկությա՞ն:

- Ես երբեք ոչ մեկից ոչինչ չեմ սպասում: Մշտապես անում եմ ամեն ինչ, որպեսզի կարողանամ իմ ժողովրդին արժանապատվորեն ներկայացնել աշխարհին: Եթե երբևէ ինձ արժանի համարեն ունենալու հայաստանյան քաղաքացիություն, մեծ ուրախությամբ կընդունեմ այն: Ես միշտ իմ գործն եմ արել բարձր պատասխանատվությամբ և միշտ սպասել եմ, որ ինձ հրավիրեն Հայաստան: Գիտեի, որ վաղ թե ուշ դա լինելու է, որ Հայաստանում ինձ ճանաչելու են: Կատարվեց, և ես շատ երջանիկ եմ դրա համար:

Շնորհակալ եմ մաեստրո Էդուարդ Թոփչյանին: Նրա բեմադրած «Պայացներում» հայրենակիցներս ինձ տեսան այնպիսին, ինչպիսին կամ իրականում՝ և՛ իբրև երգչուհի, և՛ իբրև դերասանուհի: Ես հայուհի եմ՝ ծնված Վրաստանում, որն այս պահին ներկայացնում է Ֆրանսիան: Այս բազմազան կոլորիտն ինձ հարստացնում է: Բոլոր այն լավ բաները, որ կան իմ մեջ, այն ամենը, ինչ հաճույք է պատճառում հանդիսատեսին, ես ձեռք եմ բերել ոչ միայն իմ արմատների, այլև մյուս բոլոր երկրներում ապրած տարիների, նրանց մշակույթի շնորհիվ: Ես ջանում եմ, որ ինձ ուկնդրելու եկած հանդիսատեսը դահլիճից հեռանա բավարարված և հիացած, այդ արդյունքն է ինձ մղում, որ շարունակեմ զբաղվել այս գործով, որը ես շատ եմ սիրում:

- Այցելել էիք Խոր վիրապ ու շատ տպավորված էիք: ՈՒրիշ ի՞նչ եք հասցրել տեսնել Հայաստանում:

-Եղել եմ Էջմիածնում Աստվածածնի տոնին, երգել պատարագի ժամանակ, որն ինձ համար չափազանց մեծ իրադարձություն էր: Հայրս էլ, երբ եղել է Հայաստանում, անպայման գնացել ու նվագել է Էջմիածնում: Դա ընտանեկան ավանդույթ է դառնում մեզ համար: Ես ասես իմ հոգուց մի մասնիկ թողեցի Էջմիածնում, ունեցա մի զգացողություն, որը բառերով դժվար է արտահայտել: Առհասարակ, որտեղ էլ լինում եմ, եթե կա հայկական եկեղեցի, անպայման գնում-երգում եմ պատարագի ժամանակ: Իհարկե, չեմ ասում, թե օպերային երգչուհի եմ, բայց հենց սկսում եմ երգել, իսկույն հասկանում են:

- Իսկ ի՞նչ եք հասցրել փորձել հայկական խոհանոցից:

- Օ՜, ես համադամասեր եմ: Այստեղ փորձել եմ բոլոր այն ճաշատեսակները, որ պատրաստում էր տատիկս՝ սպաս, տոլմայի բոլոր տեսակները: Կերա նաև խինկալի, բայց, անկեղծ ասած, այստեղի խինկալին այնքան համեղ չէ, որքան Վրաստանինը: Շատ հավանեցի ավելուկով ապուրը: Թեև առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ամեն ինչ ասես ինձ վաղուց ծանոթ լինի: Այնքան էի լսել այս ամենի մասին իմ ընտանիքում, որ բնավ ինձ օտար մարդ չզգացի Հայաստանում: Եվ ուրախ եմ, որ արդեն կան նոր ծրագրեր, որոնց շրջանակներում կգամ Հայաստան, ինձ ավելի լավ կճանաչի հայ հասարակությունը, և մեր շփումները պարբերական բնույթ կկրեն այսուհետ:

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Աղբյուր՝ Irates.am:

Լրահոս
Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն «Առաւօտ լուսոյ»․ «Գեղարդ» երգչախումբ Հովհաննես Բադալյան․ «Գարեգին Նժդեհ» «Չախու» Ռաֆայել Պատկանյան.«Արաքսի արտասուքը» «Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին Նիկոլա Ազնավուր. Իմ հայրը գերմարդ էր Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին Մոնթե Մելքոնյան Տէր ողորմեա. Հայր Աղան Երնջակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին Ո՞ւր Մնաց Օրօր Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց նոր երկու ցուցադրություն՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը» Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկար»-ի Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր Հայաստանում ելույթ կունենա Գալան տրիոն «Լեգենդ և իրականություն» Մասոնները՝ Հայաստանում «Մի՜ տխրիր, Ե՜ս եմ Քո ընկերը»...Ֆորշ Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ. Պարույր Սևակ Արևի լույսը «Երդիկն ի վար» Հենրիկ Էդոյան. Գիշերվա նախադռան առջև Պատարագ. Մակար Եկմալյան Նա, ով ողջախոհություն, չափավորություն, ժուժկալություն չի իմացել, չի կարող ներս մտնել Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը «Ժառանգած բարձրագույն մշակույթը պահելու հիմքը դրվում է ուսանողական տարիներից» Նարեկ Հախնազարյան. Հոկտեմբերի բոլոր համերգները նվիրված կլինեն Ազնավուրի հիշատակին
website by Sargssyan