Նա, ով ողջախոհություն, չափավորություն, ժուժկալություն չի իմացել, չի կարող ներս մտնել

Նա, ով ողջախոհություն, չափավորություն, ժուժկալություն չի իմացել, չի կարող ներս մտնել

Որևէ բան լավ է դառնում արժանիքով, իսկ արժանիքը ոչնչից չի ստեղծվում, այլ` կարգավորությունից և չափից: Նույնպես մարդկային հոգին արժանիք է ձեռք բերում կարգավորության և չափավորության շնորհիվ, որոնք հաստատվում են մարդու մեջ պահքի միջոցով: Մենք միշտ խուսափում ենք զեխությունից և անմաքրությունից` մարմնական հիվանդություններից հեռու լինելու համար: Նույն կերպ պետք է խուսափենք հոգևոր անմաքրությունից` հոգևոր հիվանդությունների և վշտերի մեջ չընկնելու համար:

Մարդկային հասարակության զարգացման արգելքներից մեկը մարդկային վատթար սովորությունն է, որով մեծամասնությունը լսում է ոչ թե նրանց, ովքեր ավելի խելացի են, քան մյուսները, այլ ունկնդրում է նրանց, ովքեր ամենից բարձր են խոսում: Օրինակ` Եկեղեցին առ Աստված հավատքով առաքինի կյանքի պայմաններն է քարոզում, սակայն հեռուստատեսային ծրագրերը, շոուները, ֆիլմերը և նույնիսկ փողոցներում տեղադրված գովազդային հսկա պաստառները մեղսալի կյանքն են քարոզում: Դրանք տարբեր բովանդակություններ ունենալով` միևնույն ժամանակ մեկ ընդհանուր գաղափար են արտահայտում, որն է` հաճույք վայելիր, նույնիսկ եթե այն մեղսալի է: Իսկ քրիստոնեությունը հորդորում է հեռու լինել մեղավոր հաճույքներից` ապրելով օգտակար չափավորության և ողջախոհության մեջ:

Ասում են, որ Պլատոնի դպրոցի` Ակադեմիայի վերևում գրված էր. «Նա, ով երկրաչափություն չգիտի, թող ներս չմտնի»: Եվ նրանք, ովքեր երկրաչափություն գիտեին, մտնելով այդ դպրոցը` մեծ իմաստության հաճույքն էին վայելում: Նույն կերպ խորհրդանշական կերպով կարող ենք ասել, որ Երկնքի Արքայության դարպասների վերևում գրված է լինելու. «Նա, ով ողջախոհություն, չափավորություն, ժուժկալություն չի իմացել իր կյանքում, չի կարող ներս մտնել»: Հունական իմաստուն ասացվածքն ասում է. «Չափը լավագույնն է» կամ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»: Նույնիսկ երաժշտությունն իր հատուկ չափն ունի, որը կորցնելով` երա-ժըշտությունը կորցնում է նաև իր ներդաշնակությունը` վե-րածվելով աղմուկի: Նույն կերպ հոգին այլաբանորեն ասված աղմուկի է վերածվում, եթե չունի չափավորություն և պահեցողություն:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում