Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր

Թուրք լրագրող. «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանը իր ծննդավայր Քյութահյայում. նրա համար, որ հա՞յ է». Էրմենիհաբեր

Թուրքական «Birgun» թերթի լրագրող Զաֆեր Դիփերը «Իմ համերկրացի Կոմիտասը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է մեծանուն հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) կենսագրությանը:

Դիփերը 1915թ. Հայոց ցեղասպանությունը որակելով` տեղահանություն, այնուամենայնիվ, կարևոր հարց է բարձրացնում` «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանն իր ծննդավայր Քյութահիյայում»…

Հոդվածի հեղինակը նախկին և այժմյան թուրքական իշխանությունների վարած այլատյացության քաղաքականությունը քննադատող հարցեր է բարձրացնում.

«Ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Փարիզում, որտեղ Կոմիտասը մահացել է, հուշարձան է կանգնեցվել, իսկ Քյութահյայում, որտեղ նա ծնվել է, նույնիսկ մի հուշաքար չկա:

Նա, ինձ, քեզ, թուրքերին չի հայհոյել, ձայն չի հանել, նույնիսկ չի ասել. «Ինչու՞ մեզ վրա ձեռք բարձրացրեցիք, դեռ ինչեր կարող էի անել, ինչեր կարող էի ստեղծագործել»: Վերջին 18 տարում ոչ խոսել է, ոչ ծիծաղել, ոչ լացել է, ոչ երգել, ոչ դաշնամուր է նվագել, միայն լռել է և մահացել Փարիզի հոգեբուժարաններից մեկում:

Արդյո՞ք վերջին շունչը տալուց, ասել է «Ինչու՞»: Արդյո՞ք այս մարդը, որ հավաքագրել, համակարգել, պահպանել և մեզ է հասցրել թուրքական դասական երաժշտությունը, թյուրքյուները (խմբ. ժողովրդական երգեր), ձեզ այդչափ դուր եկող երաժշտություններից շատերը, չպետք է արժանանա մի հուշարձանի, թեկուզ փոքրիկ հուշակոթողի:

Ու՞մ պատմեմ իմ մտահոգությունը… Այս օրերին Հունգարիայում «Գյուլ Բաբա» աղոթատեղիի բացումն իրականացնող նախագահի՞ն, ներքին գործերի, արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախարարությունների՞ն, թե՞ այսպես կոչված մշակույթի նախարարությանը, միգուցե Քյութահյայի նահանգապետի՞ն:

Ահ, եթե միայն հարցնեիք, թե ինչ մտահոգություն ունեմ…

«Մտահոգությունս այն է, թե ինչու՞ Քյութահյայում չկա այսքան կարևոր մեկի` Կոմիտասի կիսանդրին, հուշարձանը»…

Նրա համար, որ հա՞յ է…»

Թարգմանությունը՝ www.ermenihaber.am

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում