Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի

Մանրադիտակային քանդակների հեղինակների աշխատանքները՝ կողք-կողքի

Երևանի պատմության թանգարանում նախօրեին բացվել է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսը՝ նվիրված աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի ծննդյան 95-ամյակին։ Այցելուները հնարավորություն կունենան առաջին անգամ Երևանում պապի գլուխգործոցների կողքին տեսնել նաև նրա անվանակից թոռան միկրոաշխատանքները։

Panorama.am-ը Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերից տեղեկացավ, որ ցուցահանդեսում ներկայացված է 25 աշխատանք, որից 11-ի հեղինակը ինքն է, 14-ինը՝ իր պապիկը։

«Հիմնականում փորձել ենք ներկայացել Էդուարդ Տեր-Ղազարյան ավագի կենսագրությունը՝ որպես երաժիշտ, երաժշտական գործիքների վարպետ, ծաղրանկարիչ, միկրոքանդակագործ»,- ասաց Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը։

Ցուցահանդեսում ներկայացված է Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերի ամենանոր աշխատանքը՝ նվիրված Երևանի 2800-ամյակին. ասեղի անցքում Երևանի 2800-ամյակի լոգոտիպն է, որը ցուցահանդեսի ավարտից հետո մնալու է թանգարանի մշտական ցուցադրությունում։

«Ցուցահանդեսի ավարտից հետո ես այդ աշխատանքը նվիրելու եմ Երևանի պատմության թանգարանին»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք փորձում է կրկնել պապի ստեղծած աշխատանքները, թե իր նախընտրած թեմաներն ունի, կրտսեր Տեր-Ղազարյանն ասաց. «Հիմնականում բազային գիտելիքները, երբ փոխանցեց, դու անում ես այն, ինչ ինքն է արել։ Բազային գիտելիքները յուրացնելուց հետո ստեղծագործում ես քո ուղղությամբ։ Իհարկե, տարբերվում են մեր աշխատանքները»։

Կրտսեր Տեր-Ղազարյանը ստեղծում է հիմնականում համամարդկային թեմաներով աշխատանքներ։

«Միտքը գալիս է, մշակվում է, ստեղծվում է աշխատանքը։ Նախընտրած ուղղություն չկա»,- ասաց Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը։

Մեկ աշխատանքը ստեղծելու համար նրան անհրաժեշտ է լինում 1-4ամիս։ Նա հիշեց, որ ամենաերկարը տևել է 4 ամիս։

Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում նվեր է ստացել աշխարհում իր ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը, որի հեղինակը Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերն է: Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարգևատրել էր հայ վարպետին։

Մանրադիտակային քանդակների (Միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ, երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Տեր-Ղազարյանը (1923- 2012 թթ) անզեն աչքով անտեսանելի իր առաջին աշխատանքները ցուցադրել է Երևանում 1947 թվականին։ Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ՝ նա զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով։ Լուվրի թանգարանի պատվերով բրնձի հատիկի վրա քանդակել- ավարտել էր Այվազովսկու «Իններորդ ալիքը», երբ անսպասելիորեն «քանդակը» կուլ է տալիս պատշգամբում հայտնված աղավնին։ Կուլ է տալիս մեկ միլիոն դոլարն ու երեք ամսվա տքնաջան աշխատանքի արդյունքը։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում