Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով

Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը լեցուն է մի շարք նոր նախաձեռնություններով ու հետաքրքիր ծրագրերով։ Հոկտեմբերի 18-ից մեկնարկելու է համերգաշրջանի առանցքային ծրագրերից մեկը՝ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին։ Այն կմեկնարկի «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 13-ը փառատոնն ունկնդիրներին կներկայանա սիմֆոնիկ և կամերային համերգներով, մեծահամբավ մենակատարներով ու հարուստ երգացանկով։

«Փառատոնի ընթացքում Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը կկատարի աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին։ Հանդես կգա թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ջութակահար Դանիել Ռոնը, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, թավջութակահար Մարիո Բրունելլոն: Փառատոնը կներկայանա նաև «Նոն-ստոպ» նախագծով, որտեղ կներկայացվի ֆիմլերի համար գրված Խաչատրյանի երաժշտությունը»,- ասաց Սմբատյանը։

Նվագախմբի այս տարվա հիմնական նախաձեռնություններից բացի, դեկտեմբերին հանդես կգա իր կոնտեքստից դուրս ևս մեկ նախագծով, ինչը Սմբատյանի կարծիքով, բոլորին դուր կգա։ Խոսքը «Մայքլ Ջեքսոն» նախագիծն է։

«Սիմֆոնիկ նվագախումբը փորձ ունի աշխատելու դիջեյի, էլէկտրոնային երաժշտության հետ։ Ջեքսոնի շատ երգերում սիմֆոնիկ երաժշտություն կա և լավագույն նվագախմբերն են աշխատել նրա հետ։ Սա կլինի ամենահնչեղ նախագծերից մեկը։ Կհրավիրենք հայաստանյան երաժիշտների»,- հայտնեց նվագախմբի ղեկավարը։

Ընդհարուր առմամբ 2018/19 թվականների համերգաշրջանի ընթացքում նախատեսված է 50 համերգ՝ Հայաստանում և Հայաստանից դուրս։ Իսկ արդեն 2019-ին նվագախումբը հանդես կգա Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներով։

Սերգեյ Սմբատյանը նաև շնորհանդես ձևով ներկայացրեց նախորդ 2017/18 համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ձեռքբերումները՝ 48 համերգ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս, Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոն, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ, Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված հոբելյանական, «Արմենիա» միջազգային փառատոնները։ Նվագախումբը ելույթներով հանդես է եկել նաև Մալթայի միջազգային երաժշտական փառատոնում։ Ողջ համերգաշրջանի ընթացքում նվագախումբն ունեցել է 23931 հանդիսատես ու 1մլն 624 հազար առցանց դիտում։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում